Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ ստվերի դեմ պայքարելուց հետո, հուսով եմ, երկրի վարչապետը վերջապես խորը շունչ կքաշի. Միքայել Մինասյան

Ապրիլ 22,2020 21:55

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Լրանում է քաղաքական իրադարձությունների 2-րդ տարին, որոնց հիմքում դրական փոփոխություններ տեսնելու ժողովրդի ցանկությունն էր։ Մինչդեռ այսօր իրականում 3 կետից բացի, ոչինչ չի փոխվել։

Փոփոխություն 1. քիչ մարդ սկսել է ակնհայտորեն լավ ապրել։

Փոփոխություն 2. շատ ավելի շատ մարդ սկսել է ակնհայտորեն վատ ապրել։

Փոփոխություն 3. օրեցօր ավելանում են շատ ավելի վատ ապրողները։

Մնացածը կամ իներցիա է, կամ լիրիկա, կամ ուղղակի սուտ։ Իրականության արձանագրման մի քանի դիտարկում.

Դիտարկում 1. Նիկոլ Փաշինյանը չունի ամոթի զգացում։ Նա չի ամաչում, երբ ստում է, չի ամաչում, երբ իր խոսքն ու գործը չեն համընկնում, չի ամաչում, երբ սուտը հերքելու համար նորից պետք է ստի։ Սա պիտակավորում չէ, ոչ էլ վիրավորանք. սա ավելի շատ դիագնոզ է։ Սա մարդու նկարագիր է, որն այսօր ունի բացարձակ իշխանություն, բայց որը շարքային ստախոս է, որի խոսքը ո՛չ արժեք ունի, ո՛չ նշանակություն (ինչպես երկրի ներսում, այնպես էլ, ցավոք, երկրից դուրս)։

Դիտարկում 2. Նիկոլ Փաշինյանը չունի պատասխանատվության զգացում։ Իր չափանիշներով (որոնք չեն փոխվել վերջին 30 տարում) կարևոր է իր և սեփական ընտանիքի բարեկեցությունը։ Քանի որ դա ապահովված է, մնացածի վրա թքած ունի։ Նա իրեն պատասխանատու չի համարում երկիրը փրկելու համար։ Դրանով է բացատրվում հանցավոր անգործությունը, «հակաճգնաժամային միջոցառումներ» անվան տակ բիզնեսին խեղդելը, պարետատան հախուռն աշխատանքը, ինքնամեկուսացման ձախողումը, մարդկանց առողջությունը վտանգելը, սոցիալական իրական օգնություն չտրամադրելը, «գրանցված աշխատող» լինելու պահանջով մարդկանց սովի դատապարտելը։ Ու այսպես նա շարունակելու է անդադար։ Իսկ վերջում, երբ տեսնի, որ էլ խուսանավելու տեղ չունի, ինչպես միշտ ուղղակի փախնելու է՝ թողնելով անհամար խնդիրներ ու մահերի վիճակագրություն։

Դիտարկում 3. Նիկոլ Փաշինյանը չունի երկիրը կառավարելու կարողություն։ Նա անկարող է։ Այն ինչ անում է՝ առավելագույնն է։ Նա չի օգնում ոչ մեկին, որովհետև չի ուզում, ինչ էլ ցանկանում է, չի կարողանում անել։ Եթե 2 տարի առաջ նա կարողացավ ալիքի վրա գալ իշխանության և 2 տարի զբաղվել պոպուլիզմով, հիմա պարզապես չի ստացվում։ Որովհետև «կենացներն» ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում է իրականությունը։ Իսկ այն Հայաստան է ժամանել կորոնավիրուսի և տնտեսական ճգնաժամի տեսքով։

Թաքնվելով պետական իշխանության հետևում՝ նա չի կարողանում հասկանալ մի պարզ ճշմարտություն՝ ինքն է 3 մլն մարդու ճակատագրի պատասխանատուն։ Նա պարտավոր է առաջնորդել ժողովրդին, փրկել զրկանքից ու սովից, ընդ որում՝ ամեն գնով։ Ինչպես Վրաստանը՝ ժամանակին կասեցրեց, հետո պայքարեց համավարակի դեմ, իսկ հիմա բոլոր հնարավոր եղանակներով ֆինանսապես աջակցում է բիզնեսին և բնակչությանը։ Բայց այս զուգահեռներն իրականում ցույց են տալիս ամենադառը ճշմարտությունը՝ անիմաստ է Նիկոլ Փաշինյանից ակնկալել օպերատիվ լուծումներ, տնտեսական ոչ ստանդարտ որոշումներ, թիրախային օժանդակություն։ Նա անկարող է և անընդունակ։ Ու այդպիսին եղել է միշտ։

Հետևաբար, եկել է դառը ճմշարտության պահը։ Այն եզրակացության, որ շատերն այսօր գուցե չցանկանան ընդունել, բայց որն անխուսափելի է։

Առաջին. Հայ ժողովրդի և անվտանգ ու բարեկեցիկ ապագայի միջև կանգնած է Նիկոլ Փաշինյանը։ Քանի դեռ նա կա, չսպասեք նման ապագա։ Առավել քան երբևէ, Նիկոլի քաղաքական ներկայությունը դարձել է ճակատագրական։

Երկրորդ. Երկու տարի առաջ արված ընտրությունը դատավճիռ չէ։ Ընտրելով Նիկոլին և մնացած անկարողներին՝ որևէ մեկը չպետք է կաշկանդվի ո՛չ անցյալով, ո՛չ էլ ներկայով։ Պետք է սթափ ու ռացիոնալ գնահատել վիճակը և եզրակացնել՝ այս իշխանությունը դատապարտված է ու երկիրը տանում է կործանման։

Երրորդ. Ժողովրդի հետ միասին նույն որոշումը պետք է կայացնեն երկրի էլիտաները։ Պետք է հասկանալ պարզ ճշմարտություն՝ քանի դեռ կա Նիկոլ Փաշինյանը, ամեն ինչ գնալու է դեպի վատը։ Ոչ ոք չի խուսափելու դրանից՝ ոչ «բանակցելու» ակնկալիքով ծվարածները, «նվիրատվություններով» իբր ապահովագրվածները, ոչ էլ «մաքուր բիզնես անող ու քաղաքականություն չմտնող» ձեռներեցները։ Էլ չեմ խոսում քաղաքական գործիչների, լրատվամիջոցների և մյուսերի մասին։ Տիկնայք և պարոնայք, ոչ մի գրոշ չարժե Ձեր հաշվարկը, եթե դիմացը Նիկոլն է ու պետության կործանման հեռանկարը։ Իսկ ամեն ինչ գնում է դրան։ Այդ պատճառով եկել է կոնկրետ որոշումների և մեծ միավորման ժամանակը։ Մեկնարկը տրված է։

Հ.Գ. Պարզվում է նույնիսկ արտակարգ դրության, հարյուրավոր հիվանդների տագնապալի ապագայի, տասնյակ մահերի, անկասելի թվացող վիրուսի ու տեսանելի տնտեսական աղետի պայմաններում կարելի է իրագործել վաղեմի երազանքը։ Հենց այդպիսի օր էր Նիկոլ Փաշինյանի համար։ Նա վերջապես իրականացրեց իր երկուսուկես տարվա երազանքը, որի մասին խոսում էր բոլոր առիթներով՝ հարուցել քրեական գործ, որտեղ ես կլինեմ մեղադրյալի կարգավիճակում։ Այս դժվար ու ծանր ժամանակներում այդ մարդը զբաղված է իր ամենասիրելի գործով՝ խառնակչությամբ, մարդկանց վարկաբեկելու փորձով ու հնարած մեղադրանքներ նետելով։ Ես չեմ պատրաստվում անդրադառնալ հարուցված անհեթեթ քրեական գործին։ Դրա մասին կխոսեն փաստաբանները, իսկ դա ամբողջ թափով «կարդարացնեն» իշխանական պրոպագանդիստները։ Իսկ իմ ստվերի դեմ պայքարելուց հետո, հուսով եմ, երկրի վարչապետը վերջապես խորը շունչ կքաշի և կթողնի, որ իրավապահ համակարգը աշխատի և օրինակ զբաղվի կորոնավիրուսի օջախների ու օղակների հայտնաբերմամբ։

Դուք կորցրիք մահաբեր ալիքի կառավարելիության թելը, որովհետև շղթաների հայտնաբերման աշխատանքն ամենապրոֆեսիոնալ կերպով կիրականացնեին մեր երկրի քննիչներն ու դատախազները, իսկ նրանց դուք ուղարկել էիք այս ու այն կողմ՝ գործ թխելու։

Ոչինչ չարձանագրված չի մնալու, ամեն ինչ ու ամեն ոք ֆիքսվում է խնամքով։

Կգա նաև պատասխանների ժամանակը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Քաւ լիցի, ցանկութիւն չունեմ այս կերպարը սատարել, բայց ճիշտ բաներ էլ է ասում:

    Նիկոլ Փաշինեանի լեզուն իրեն մի օր փաստի առաջ է կանգնեցնելու: Նրա ելոյթներում այնքան շատ են (հազար ներողութիւն) ստերը, իրարամերժ յայտարարութիւնները, ամբոխահաճութիւնը, կողմնակալ ու միակողմանի մօտեցումները, որ խօսքն արդէն լուրջ չի ընկալւում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930