«Մենք Ծաղկաձորում արդեն ունենք 9 ինքնամեկուսացման վայր, որտեղ այս պահին մեկուսացման մեջ են գտնվում մոտ 750 քաղաքացիներ»,- ուղիղ միացման ընթացքում հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա ընդգծեց, որ բոլոր մեկուսացման վայրերում իրականացվում է պատշաճ հսկողությունը, բուժօգնություն. «Այս ուղղությունը մեզ թույլ է տվել խուսափել մեծ տարածումներից։ Որովհետև միայն մեկուսացման վայրերից 350-400 հոգի ունեցել են դրական դեպք։ Այսինքն՝ եթե մենք մեկուսացման վայրերում այս ամենը չկազմակերպեինք կունենայինք այդքան քաղաքացիներ, որոնք չիմանալով իրենց հիվանդության մասին կվարակեին այլ մեր քաղաքացիներին։ Սակայն, մեկուսացումը թույլ է տվել խուսափել նման զարգացումներից»։
Արսեն Թորոսյանը հորդորեց պահպանել սանիտարահիգենիկ կանոնները, և բերեց իր անձնական օրինակը. «Ես մոտ մեկ ամիս է ծնողներիս չէի տեսել և ի վերջո որոշեցի այցելել նրանց։ Այո, այցելեցի, բայց նույնիսկ մատով չեմ կպել նրանց, որովհետև ես՝ այցելելով այս ռիսկի զոնաները՝ հյուրանոցներ, հիվանդանոցներ, ինքս էլ ապահովագրված չեմ, որ վարակակիր կլինեմ՝ չնայած պահպանում եմ բոլոր կանոնները՝ դիմակներ և այլն, ախտահանում եմ ձեռքերս։ Բայց ամեն դեպքում՝ ես շատ ուզենալով նույնիսկ մորս չեմ գրկել, որպեսզի նրան վտանգի չենթարկեմ, հորս ձեռքով չեմ բարևել, որ նրան վտանգի չենթարկեմ։ Եվ ես կոչ եմ անում և խնդրում եմ այդ տրամաբանությամբ առաջնորդվել առնվազն տեսանելի ապագայում՝ մինչև, որ մենք կկարողանանք այլ արդյունք արձանագրել՝ այս մարտահրավերից ձերբազատվելու արդյունք»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև