Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մայր բուհում ինչպես ավարտական, այնպես էլ կիսամյակային քննությունները կլինեն հեռավար

Ապրիլ 22,2020 20:30

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ինչպես ավարտական, այնպես էլ կիսամյակային քննությունները կլինեն հեռավար։

Այս պահին հստակեցվում են կազմակերպման մեխանիզմներն, այսօր տեղի կունենա ռեկտորատի հեռավար նիստ, որի ընթացքում կհաստատվի նաև ժամանակացույցը։

Մեր հարցին՝ արդյո՞ք հեռավար ուսուցումը հասանելի է մարզի հեռավոր շրջաններում բնակվող ուսանողներին, ռեկտորի ժ/պ-ն ասաց․ «Այս պահի դրությամբ յուրաքանչյուր շաբաթ բուհի ուսումնական գործընթացների կառավարման կենտրոն հաշվետվություն է ներկայացվում ամբիոնի վարիչների, դեկանների միջոցով։ Ես՝ որպես դասախոս, հաշտվետվություններս եմ ներկայացնում ամբիոնի վարիչին և որպես այս պահին ռեկտորի պարտականությունները կատարող՝ միշտ վերահսկողական մեխանիզմներից օգտվում եմ։ Այս պահին ուսանողներից որևէ բողոք, որ իրենք չունեն կապ, չունեն կապի միջոց, չկա։ Բողոքներ եղել են, լսել եմ թե՛ ուսանողից, թե՛ դասախոսից, ինչու չէ նաև դպրոցի աշակերտներից․ մի ընտանիքից չորս աշակերտ ունենք սովորող, պարզվեց, որ համակարգիչ չունեին, տնօրենի միջոցով անմիջապես համակարգիչ ենք տրամադրել ժամանակավորապես։ Համակարգիչ ենք տրամադրել մեր դասախոսներին, ուսանողներից նրանց, որոնք այդ հնարավորությունը չեն ունեցել, և ամեն ինչ արել ենք, որ ոչ ոք ուսումնական գործընթացից դուրս չմնա։ Ըստ վերահսկողության արդյունքների ու ինձ տրամադրվող տեղեկատվության, մենք գործնականում բավականին հաջող այդ գործընթացն իրականացնում ենք»։

Մենք հետաքրքրվեցինք նաև, թե կառավարության հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակում քանի՞ ուսանողի աջակցություն կտրամադրվի, քանիսի՞ վարձավճարը կփոխանցի կառավարությունը։ Երվանդ Սերոբյանն ասաց՝ 150 ուսանողի։ Նա նաև ասաց, որ մինչ այդ իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ աջակցման ծրագրից կօգտվեն 90-ից ավելի ուսանողներ, բայց հիմա հստակ է թիվը, խոսքը 150 ավարտական կուրսի ուսանողների մասին է, որոնցից 63-ը բակալավրիատից են, 87-ը՝ մագիստրատուրայից։

Այս միջոցով Շիրակի պետական համալսարանին մոտավորապես 18-20 միլիոն դրամի աջակցություն կտրվի։

Երվանդ Սերոբյանն ասում է, որ այս պահին ունենք վարձավճարների հավաքագրման խնդիր․ նախարարի կոչն է եղել ռեկտորներին՝ ոչ մի ուսանողի ստեղծված իրավիճակի պատճառով չհեռացնել բուհից, ռեկտորներն էլ ընդառաջ են գնացել կոչին։

Սակայն, ըստ ռեկտորի ժ/պ-ի, բուհի ոչ մի աշխատակից չպիտի զրկվի աշխատավարձից, նրանք բոլորը պատվով են կատարում իրենց գործը, իսկ հեռավար պարապելը շատ ավելի ժամանակատար է։

Թե ինչպես է տեսնում ժ/պ-ն բուհերի ապագան այս պայմաններում, ինչպես է կազմակերպվելու ուսումնական պրոցեսը, Երվանդ Սերոբյանն ասում է․

«Հետագա ժամանակը ճշգրտելը շատ դժվար է՝ սեպտեմբերից հետո ի նկատի ունե՞նք, մայիսի 14-ից հետո ի նկատի ունե՞նք, այս իրավիճակն այնքան փոփոխական է ու բազմագործոնային, գուշակություն անելը միշտ անպատվաբեր գործ է։ Իհարկե, գուշակություն անել չի կարելի, բայց պիտի նախապատրաստվել նրան, ինչ ունենք այսօրվա իրավիճակում։ Նույնիսկ, եթե իրավիճակը մնա այսպիսին, եթե կլինեն տեղաշարժի սահմանափակումներ, եթե արտակարգ դրությունը կերկարացվի, բոլոր դեպքերում այս մեկ ամսից ավել ժամանակահատվածը բոլորիս համար մեծ փորձառություն էր, մենք բոլորս առցանց դասեր անցկացնելու, շփումներ իրականացնելու ոլորտում բավական հմտություններ ձեռք բերեցինք, որովհետև ի սկզբանե կար մտավախություն, որ մեր որոշ գործընկերների համար կարող է դժվար լինել։ Առանց թաքցնելու եմ ասում և ինչ ասում եմ, ի նկատի չունեմ միայն Շիրակի պետական համալսարանը, մենք ռեկտորների խորհուրդ ենք անում, շփվում ենք, բոլոր պրոբլեմները բոլորիս մոտ էլ կա։ Սրան է գնում աշխարհը։

Իհարկե, համաձայն եմ, որ դասախոսի և ուսանողի անմիջական շփումն իր առանձնահատկությունն ու դրական ազդեցությունն ունի, բայց ասել, որ սա սարսափելի վատ բան է, այդպես չէ»։

Երվանդ Սերոբյանն ասում է, որ եղել են դեպքեր, երբ մագիստրատուրայում սովորող ու միաժամանակ աշխատող ուսանողների հաճախումներից դժգոհել են, բայց հեռավար տարբերակով մասնակցությունն ավելի մեծ է, քան լսարանային տարբերակով։

Մենք Երվանդ Սերոբյանից հետաքրքրվեցինք նաև բուհի անձնակազմի ու ուսանողների առողջական վիճակից։ Նա հավաստիացրեց, որ այս պահին կորոնավիրուսով վարակված ոչ ուսանող կա, ոչ էլ դասախոս։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930