Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի դատավարությունն ու Հայաստանին մատակարարվող գազի գինը

Ապրիլ 22,2020 19:35

«ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պատասխանում երեւում է, թե ինչպե՞ս է մտածում ՌԴ քաղաքական ղեկավարությունն այս հարցում»,- Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն`անդրադառնալով նախօրեին, գազի գնի վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի արած հայտարարությանը:

Հիշեցնենք, հայաստանցի լրագրողի`գազի գնի հնարավոր նվազեցման հարցին`երկու երկրների ռազմավարական դաշնակցության համատեքստում, ՌԴ ԱԳ նախարարը պատասխանել էր. «Կարծում եմ, որ դաշնակիցները, իհարկե, պետք է տնտեսական առավելություններ ստանան: Բայց երբ գինը դարձավ այն, ինչ այսօր է, կան որոշակի պայմանագրային պարտավորություններ: Համոզված եմ, որ Հայաստանից, Բելառուսից ստացված դիմումների քննարկման ժամանակ հաշվի առնվում են դաշնակցային հարաբերությունները։ Սակայն, ըստ ամենայնի ճիշտ չէ, հիշել այդ մասին միայն այն ժամանակ, երբ իրավիճակը դառնում է տրամագծորեն հակառակ նրան, որը ունեինք դեռ 3-4 տարի առաջ։ Երբ գազի գինը Հայաստանի և Բելառուսի համար 3-4 անգամ ցածր էր շուկայական գնից, դա ընդունվում էր որպես իրողություն, և ոչ մեկ չէր ասում, որ սա քաղաքականություն է»:

Արձանագրելով, որ գազի գնի հարցը ՌԴ-ի համար տնտեսական խնդիր չէ, այլ ռազմավարական ազդեցության իր հնարավորություններն ապահովելու խնդիր, որը չի թաքցվում ոչ ՌԴ-ում, ոչ էլ ՌԴ սահմաններից դուրս, որ այդ գործիքակազմով ՌԴ-ն աշխատում է ամբողջ ԵՄ-ի, Թուրքիայի հետ, Խոսրով Հարությունյանը փաստում է, որ գազի գինը ռուսական քաղաքականության համար շատ զգայուն գործոն է, որի միջոցով ռուսական քաղաքական ղեկավարությունն իր աշխարհաքաղաքական հետաքրքրություններն է փորձում իրականացնել: Օրինակ բերելով ԱՄՆ-ին, որը փորձում գազի ռուսական ազդեցություններից դուրս թողնելու ԵՄ-ին` մխրճվել եվրոպական շուկա, մեր զրուցակիցը նկատում է, որ այս բոլոր գործընթացները նորմալ են եւ իրողություններ, որոնց հետ պետք է հաշվի նստենք:

Այն, որ միջազգային շուկայում գազի գներն անկում են ապրում եւ այդ համատեքստում Հայաստանին մատակարարվող գազի գինը նույնպես պետք է նվազի, Խոսրով Հարությունյանը թվացյալ տրամաբանական հարցադրում է համարում: Նա ուշադրություն է հրավիրում հարցի մյուս կողմին. «Երբ միջազգային շուկայում գազի գինը բարձրանա մենք է՞լ պետք է բարձրացնենք: Հետեւաբար, գազի գնի շուրջ բանակցությունները քաղաքական բանակցություններ են, թեպետ հետեւանքները տնտեսական են»:

Հիշեցնենք, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել էր «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Գազի գնի վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու մասին խոսել էր նաեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը առայժմ ձեռնպահ մնալով նոր բանակցությունների ընթացքի վերաբերյալ կանխատեսումներ անել: Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ-ից մատակարարվող գազի գնի բարձր լինելու հարցը քննարկել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ բանակցությունները Հայաստանը վարում է մեկ տարուց ավել: Օրերս գազի գնի հարցով ՌԴ նախագահին զանգել եւ միջամտություն էր խնդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաստելով, որ գազի գնի շուրջ բանակցությունները քաղաքական են, Խոսրով Հարությունյանը նաեւ ամրագրում է, որ բանակցություններում պետք է լինեն երկուստեք քաղաքական հետաքրքրություններ: Այս համատեքստում, մեր զրուցակիցը բավական ուշագրավ է համարում Սերգեյ Լավրովի այն ամրագրումը, որ դաշնակցային հարաբերությունների մասին խոսելիս մտահոգությունները հավասարաչափ պետք է արտահայտվի բոլոր ոլորտներում: Այս հարթությունում, խոսելով դատաիրավական համակարգի մասին, Սերգեյ Լավրովը բերեց Հարավկովկասյան երկաթուղիների օրինակը. «Եթե խոսքը տնտեսության մասին է, ապա մենք ակնկալում ենք, որ այն դատական գործընթացները, որ սկսվել են վերջին մի քանի տարիներին Հայաստանում համատեղ ձեռնարկությունների, այդ թվում՝ Հարավկովկասյան երկաթուղիների դեմ, կկարգավորվեն՝ առանց փորձելու մեջտեղ բերել ինչ-որ բաներ, որոնք հարիր չեն դաշնակիցների միջև հարաբերություններին։ Ես այս մասին բաց եմ խոսում, ռուսական ընկերությունները հայտնվել են որոշ բարդ իրավիճակներում: Հուսով եմ, որ բոլոր այս հարցերը մենք կկարգավորենք փոխադարձ համաձայնությամբ»:

«Ես կարծում եմ, Սերգեյ Լավրովը դրանով ցույց տվեց ՌԴ քաղաքական ղեկավարության եւ Հայաստանի քաղաքական ղեկավարության`այս հարցում անհամաձայնությունը: Բայց երբ ընդգծեց դատաիրավական գործընթացները`«…ինչպես նաեւ այլ», ես կարծում եմ, որ Սերգեյ Լավրովը ենթատեքստ ուներ»,- ասաց Խոսրով Հարությունյանը:

Aravot.am-ի դիտարկմանն ի պատասխան, Խոսրով Հարությունյանը չբացառեց, որ խոսքը կարող է վերաբերել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դատական գործընթացին:

«Ռազմավարական գործընկերությունը, նախեւառաջ ենթադրում է վստահելի փոխհարաբերություններ, ընդ որում, վստահելի փոխհարաբերություններ նախեւառաջ առաջին դեմքերի միջեւ, քանի որ որոշումներն առաջին դեմքերն են կայացնում: Երբ մի պետության ղեկավար մեկ այլ պետության նկատմամբ որոշում է կայացնում, ուզում է նա, թե` ոչ, հաշվի է առնում թե մյուս պետության ղեկավարն իրեն կվստահի՞, թե՞ ոչ: Սա շատ էական է եւ շատ կարեւոր է, որ առաջին դեմքերի միջեւ լինի փոխվստահություն: Ես կարծում եմ, որ ռուսական կողմը, մեղմ ասած, ոգեւորված չէ գազային խնդրի շուրջ Փաշինյան-Լուկաշենկո հեռախոսազրույցով»:

Փաշինյան-Լուկաշենկո հեռախոսազրույցից Խոսրով Հարությունյանը մի բան չի հասկանում`եթե ՀՀ-ն եւ ՌԴ-ն ռազմավարական գործընկերներ են, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը գազի հարցը Լուկաշենկոյի հետ քննարկում: Սա իրեն հիմք է տալիս հայտարարել, որ ճգնաժամային այս պայմաններում, հատկապես ԵԱՏՄ-ի շրջանակում անամպ համագործակցության շրջանակում, պետք է բոլոր ոլորտներում վերաիմաստավորել ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունները`դրանք տանելով անկեղծության, փոխադարձ վստահության հարթություն:

«Ես կարծում եմ, որ գազի սակագնի հարցում դժվարություններ ենք ունենալու, հատկապես, որ մեզ ուղարկում են ՌԴ էներգետիկայի նախարարություն եւ «Գազպրոմ». ոչ մեկը, ոչ մյուսը երբեք եւ որեւէ պարագայում որոշումներ չեն կայացրել, այդ կառույցները կայացված որոշման կատարողներն են: Կարծում եմ, այստեղ մտածելու տեղ կա»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930