Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդենիսից արդեն 150 մարդ տեղափոխվել է Ծաղկաձորի եւ Երեւանի հյուրանոցներ. Գեղարքունիքի մարզպետ

Ապրիլ 22,2020 19:20

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում հաստատված 47 դեպքից 12-ը հիվանդանոցի աշխատակիցներ են, որից մեկը՝ բժիշկ: Վարդենիսի պոլիկլինիկայում հաստատված 9 դեպքերից երկուսը նույնպես բժիշկներ են: Այսօր այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Նա շրջեց Վարդենիս մտնող եւ դուրս եկող անցակետերով՝ ծանոթանալու ինչպես են իրականացվում պարետի ցուցումները:

Մարզպետի խոսքով, չնայած քաղաքը մեկուսացված է, բայց դեռ վարակի սկզբնաղբյուրի վերաբերյալ, թե բժշկուհին ումից է վարակվել, դեռեւս տեղեկատվություն չկա: Ուստի Գնել Սանոսյանը Վարդենիսի բնակիչներին հորդորեց խստորեն պահպանել պարետի ցուցումները վարակի տարածքումը չընդլայնելու համար. «Խնդիր ունենք պարզելու՝ բժշկուհին ում հետ է շփում ունեցել»:

Մարզպետը հայտնեց, որ այսօր առավոտվա ժամը 8-ից, պարետի որոշմամբ, Վարդենիս քաղաքի համար տեղաշարժի գրաֆիկ է սահմանվել, քաղաքի ելքերի ու մուտքերի մոտ հինգ անցակետեր են դրվել:
«Ոստիկանության, Ռազմական ոստիկանության, Ազգային անվտանգության, քաղաքապետարանի աշխատակիցներն այդ անցակետերում աշխատում են՝ ըստ պարետի ցուցումների»,-ասաց Սանոսյանը՝ նշելով, որ պարետի որոշումներում որոշակի փոփոխություններ են արվել գյուղատնտեսական աշխատանքների, Վարդենիսի ոսկու հանքի եւ այլ ոլորտների գործունեության վերաբերյալ. «Այդ փոփոխություններով Վարդենիսից միայն կարող են դուրս գալ այն մարդիկ, որոնք մարզպետարանի ներկայացուցչից կստանան հատուկ փաստաթուղթ, որի վրա կա կնիք եւ նշում՝ տվյալ անձն ուր է գնում, ինչ աշխատանք պետք է անի»:

Վարդենիսի պոլիկլինիկան դադարեցրել է գործունեությունը: Մարզպետի խոսքով, թեժ գծին հաղորդել են պոլիկլինիկայի բժիշկների կոնտակտները, որպեսզի կարիք ունեցող բնակիչները կարողանան կապ հաստատել իրենց բժիշկների հետ: Վարդենիսի հիվանդանոցն, այս օրերին, մասնակի է աշխատում, սակայն շտապօգնության բաժանմունքն, Գնել Սանոսյանի տեղեկացմամբ, ամբողջությամբ գործում է եւ անհրաժեշտության դեպքում, եթե տանը բուժվելու ցուցում չտվի, քաղաքացիներին կտեղափոխեն Մարտունու հիվանդանոց. «Արդեն երկու օր է ծննդօգնությունը նույնպես կազմակերպում են Մարտունու բժշկական կենտրոնում»:

Հաշվի առնելով, որ Վարդենիսում կան մասնավոր հիմնարկներ եւ պետական խոշոր գերատեսչություններ՝ ոսկու հանքը, զինվորական հոսպիտալը, զորամասերը, մարզպետը եւս մեկ անգամ կոչ արեց հնարավորինս պահպանել պարետատան ցուցումները:

Նրա տվյալներով, Վարդենիսից արդեն 150 մարդ տեղափոխվել է Երեւանի եւ Ծաղկաձորի տարբեր հյուրանոցներ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930