«Առաջարկել էինք ոչ թե առհասարակ հարկային տույժերի տոկոսը չվճարել, այլ չվճարել միայն արտակարգ դրության ժամանակահատվածի հարկային տույժերի տոկոսը»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Հիշեցնենք՝ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է ԲՀԿ-ի հեղինակած օրինագիծը, որով առաջարկվում է արտակարգ դրությամբ պայմանավորված՝ հարկերը չվճարածների հարկային տույժերը կրկնակի քիչ հաշվարկել: Օրինագիծը կառավարության համար ընդունելի է, սակայն տույժերը առհասարակ զրոյացնելու առաջարկին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը դեմ էր արտահայտվել, ուստի օրինագծում այն չներառվեց:
Սերգեյ Բագրատյանն այս առնչությամբ շեշտեց. «Օրինակ՝ սննդի օբյեկտը չի սպասարկում, ուստի չպետք է տոկոս վճարի: Ֆորսմաժորի ժամանակ բոլոր պայմանավորվածություններն ավարտվում են, հատկապես՝ տնտեսական դաշտում: Այս իրավիճակը շատ նման է հայտնի «Տիտանիկ» ֆիլմի նավին: Այնպես չէ, որ ուզում ենք վնաս տանք, նավը խորտակվի, մենք էլ ենք մեջը: Մեր առաջարկի իմաստն այն է, որ նավը հնարավորինս ուշ խորտակվի…մեկ է՝ խորտակվելու է: Այս պանդեմիան շատ բան է խորտակելու: Հիմա մենք էլ ասում ենք՝ «աջ պահի», «ձախ պահի», «մի խփի ժայռին»…թե չէ՝ հայտնվել ենք նավի երաժիշտների դերում: Նավը խորտակվում է, իրենք՝ նվագում, ի՞նչ նվագել, հստակ մեր գործը պետք է անենք: Նավն այս պահին իշխանությունն է վարում: Ասում ենք՝ լավ չէք վարում, առաջարկում են իջնել, ո՞ւր իջնենք, ջուր է…ուստի քանի որ մի նավ է, եկեք զգույշ լինենք: Մենք մեր առաջարկը հետո էլ ենք պնդելու, մյուս օրենքին սպասեք»:
Կարդացեք նաև
Հավելենք, որ քվեարկությամբ օրինագիծն ընդունվեց:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ