ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է արտակարգ դրություն հայտարարելու ընթացքում, երբ բիզնեսները փակ են, տույժերը չհաշվարկել: Նա այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվող «Հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարելու նախագծում առաջարկեց ներառել դա:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ անընդունելի է կառավարության համար այս փոփոխությունը. «Երբ մի կողմ դնենք գաղափարախոսությունը, իրագործելի չէ: Եթե նույնիսկ մի պահ ֆանտաստիկ պատկերացնենք, որ իրագործելի է, ինքը բազմաթիվ խնդիրներ է առաջացնելու: Երբ որ մենք տույժերի ազատում կամ տույժերի վերահաշվարկ ենք կատարում արդեն այն ժամանակահատվածի համար, որն ավարտվել է ու որոնց համար արդեն հաշվետվություններ են ներկայացվել եւ մարումներ են կատարվել, տույժերի չափը փոփոխելով՝ խնդիրներ ենք առաջացնում: Ենթադրենք, գնման գործընթացում անձը դիմել է ՊԵԿ-ին ու տեղեկանք է ստացել, որ ինքը կարող է մասնակցել գնումներին, տեղեկանքը կարող է վիճարկվել, որովհետեւ վերահաշվարկվելու է տույժերի հաշվարկը: Եթե տույժերը զիջում ենք, պետք է վերահաշվարկ արվի, փակի այլ պարտավորություններ: Մինչեւ ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածի համար եթե մենք դատարանին, ԴԱՀԿ-ին, գնման ընթացակարգերում մասնակիցներին որեւէ տեղեկանք ենք տվել, աղճատվում է ամբողջ տեղատվությունը: Երկրորդ՝ երբ սոցվճարները գնում են դեպոզիտարիա, անմիջապես գնում է կառավարիչներին: Երբ տույժերի վերահաշվարկ է կատարվում, դրա արդյունքում սոցվճարների մայր գումարի պարտավորության վերահաշվարկի հնարավորության դեպքում հնարավոր չի լինելու անձանց հետ կապված սոցվճարները վերահաշվարկ կատարել, որովհետեւ դա դեպոզիտարիայով արդեն նստել է մարդկանց անձնական հաշիվներին, այնտեղից ո՞նց բերենք գումարները, այսպիսի պրոցեդուրա չկա: Հարկային համալիր ստուգումներ են իրականացվել, ենթադրենք, մինչեւ ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում այդ ակտերը դարձել են պարտավորություն հայտարարագրող փաստաթուղթ: Եթե, օրինակ, մարտի 30-ով ավարտման ամսաթիվ ունեցող ստուգման ակտի տույժերը հաշվարկել է ստուգողը, պարտավորություն է հաշվարկել ու առաջարկել գանձման, այդ ակտը երկու ամիս հետո դեռեւս պետք է դառնա անբողոքարկելի: Հիմա եթե մենք վերահաշվարկ ենք կատարում, ստուգման հանձնարարագիրը, որն արդեն ավարտված է, չենք կարող նոր ստուգում հայտարարել, պարտավորությունների վերահաշվարկ կատարել»:
Անանյանը վստահեցրեց, որ իրագործելիության տեսանկյունից ԲՀԿ-ի առաջարկը խնդրահարույց է իսկապես. «Ես ձեզ ուզեցի ուղղակի երկնայինից բերեմ երկրային խնդիրներին»:
Մելքումյանն արձագանքեց, որ երբ ներկայացվեցին տեխնիկական, վարչարարական գործիքները, հասկանում են, որ մի բան են ուզում անել, որն անհնար է. «Ընդունենք, 0.04-ը 0 դարձնենք, ներենք տույժը, միտքը ընդունելի՞ է, թե՞ չէ, վարչարարական կողմը թողնենք, դա ընդունում եմ»: Անանյանը պատասխանեց. «Միտքն էլ լավը չի: Երբ գործնականում դու դնում ես 0, դա նշանակում է, որ անձը կարող է ընդհանրապես չհայտարարագրել իր պարտավորությունները, որովհետեւ չկա նման բան: Պահանջ չկա: Եթե չես դնում, չես պատժում, տուգանային սանկցիա չունի, ապա չի հայտարարագրի»:
Կարդացեք նաև
ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը չհամաձայնեց, որ միտքը լավը չի. «Շատ էլ լավն է: Եթե մարդը չի աշխատել, իր վրա տոկոս ես հաշվում, մեռած մարդու վրա տոկոս ես հաշվում, որ ի՞նչ անես: Գաղափարախոսությունը լավն է, ճիշտ է, բայց հաշվի ենք առնում պետության դիրքորոշումը, այն, որ կառավարության վրա լրացուցիչ բեռ ենք դնում, մենք մեղմում ենք մեր պահանջը, ասում ենք՝ քվեարկեք կողմ, հետո կմտածենք»:
Ի պատասխան՝ Դավիթ Անանյանն անեկդոտ պատմեց. «Լոռեցուն դատում են, դատավորը հարցնում է՝ ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք այդ հանցանքի համար, ասում է՝ արել եմ, համա ատկազ եմ ըլնում: Մենք ոնց որ դրան ենք գնում»:
ԲՀԿ-ի առաջարկը դրվեց քվեարկության ու մերժվեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ