Գազի գնի`քաղաքատնտեսական թնջուկում տնտեագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը ոչ թե առանձին անձերի դերակատարությունն է կարեւորում, այլ, ձեւավորված միտումների համատեքստում, նշում է Հայաստանում տնտեսական դիվանագիտության բացակայությունը եւ դրան ի հակադրություն ՌԴ-ի` բավական արհեստավարժ մոտեցումը այդ խնդրին:
«Գազային» հարցերը Հայաստանում սրվեցին այս տարվա մարտի վերջերին. ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը գազի գնի վերանայման համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով դիմելու մասին հայտարարություն է հրապարակել։ Մինչ այդ, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել էր «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Գազի գնի վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու մասին խոսել էր նաեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ առայժմ ձեռնպահ մնալով նոր բանակցությունների ընթացքի վերաբերյալ կանխատեսումներ անել: Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ-ից մատակարարվող գազի գնի բարձր լինելու հարցը քննարկել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
Ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ բանակցությունները Հայաստանը վարում է մեկ տարուց ավելի: Օրերս գազի գնի հարցով ՌԴ նախագահին զանգել եւ միջամտություն էր խնդրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վլադիմիր Պուտինի պատասխանը Նիկոլ Փաշինյանին երեկ հնչեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի շուրթերով` հայ-ռուսական հարաբերություններում կրկին առաջնային գիծ մղելով գազի գնի հարցը: Ի պատասխան հայաստանցի լրագրողի հարցի`գազի գինը նվազեցնելու հնարավորությունների մասին, ՌԴ ԱԳ նախարարը Գորչակովի անվան հիմնադրամի անդամների հետ քննարկման ժամանակ ասել է. «Կարծում եմ, որ դաշնակիցները, իհարկե, պետք է տնտեսական առավելություններ ստանան: Բայց երբ գինը դարձավ այն, ինչ այսօր է, կան որոշակի պայմանագրային պարտավորություններ: Համոզված եմ, որ Հայաստանից, Բելառուսից ստացված դիմումների քննարկման ժամանակ հաշվի առնվում են դաշնակցային հարաբերությունները։ Սակայն, ըստ ամենայնի ճիշտ չէ հիշել այդ մասին միայն այն ժամանակ, երբ իրավիճակը դառնում է տրամագծորեն հակառակ նրան, որը ունեինք դեռ 3-4 տարի առաջ։ Երբ գազի գինը Հայաստանի և Բելառուսի համար 3-4 անգամ ցածր էր շուկայական գնից, դա ընդունվում էր որպես իրողություն, և ոչ մեկը չէր ասում, որ սա քաղաքականություն է»:
ՌԴ-ին Թաթուլ Մանասերյանը համարում է ոչ միայն երկիր, որը կախվածություն ունի ածխաջրածիններից, այլ նաեւ երկիր, որը բավական հմուտ օգտագործում է այդ ռեսուրսներն այն աստիճան, որ, ըստ էության չունենալով այլ առավելություններ եւ տեխնոլոգիական առաջընթաց, կարողանում է գազի, նավթի, բնական այլ ռեսուրսների հաշվին ապահովել այն սոցիալ-տնտեսական մակարդակը, որն ունի այսօր: «Կարծում եմ, մեզ համար մի քիչ ավելի մտահոգիչ պետք է լինի հայկական կողմի`երեք տասնամյակների ընթացքում եւ այսօր շարունակվող անգործությունը, տնտեսական դիվանագիտության առումով եւ առանձին գործիչների ուսերին թողնելով այդ խնդիրների լուծումները` հիմնականում նախագահների, վարչապետների մակարդակով զրույցները: Եվ բնական է, որ այս պատկերը պետք է լիներ»,- անդրադառնալով Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարությանը եւ հայկական կողմի փշրված երազանքների մասին մեր հարցին՝ ասաց Թաթուլ Մանասերյանը:
Կարդացեք նաև
Այս հարցում երկրորդ կարեւոր հանգամանքը մեր զրուցակիցը համարում է նավթի գների անկումը եւ այդ համատեքստում առկա բացասական միտումները, ինչի պայմաններում, բնական է, որ նավթի արդյունահանումից եւ վաճառքից կրած վնասները ՌԴ-ն պետք է փոխհատուցի գազի շնորհիվ. «Եվ դա կարծես թե հաջողվում է: Հաջողվում է նաեւ նրանով, որ կախվածությունը ոչ միայն Հայաստանն ունի, այլ նաեւ մի քանի տասնյակ երկրներ: Եվ այս պարագայում, իհարկե, շատ մեծ բաներ ակնկալել, որ երկկողմ կապերում կարող է տեղի ունենալ, դժվար է: Այս դեպքում միակ հանգամանքը, որին կարող ենք մենք ապավինել՝ ռազմավարական դաշնակցությունն է, որի պայմաններում կա այդ ակնկալիքը ոչ միայն պետական բարձրաստիճան պաշտոնյաների, այլ նաեւ ժողովրդի կողմից»:
Ի տարբերություն Բելառուսի, որը միասնական պետություն ձևավորելուց հետո կարող էր բնական համարել ակնկալիքները`մի քիչ արտոնյալ պայմաններով գազ ներմուծելու, Հայաստանի պարագայում ևս Թաթուլ Մանասերյանի համոզմամբ, քիչ չեն գործոնները, որոնք կարող են ներկայացվել ՌԴ-ին, թե ի՞նչ տնտեսական եւ ապա քաղաքական շահեր ունի Հայաստանից, որպեսզի ակնկալենք ոչ միայն գազի, այլ նաեւ այլ ռեսուրսների գծով ավելի բարենպաստ պայմաններ. «Բայց դրանք ներկայացնող չկա»:
Ի դեպ, ռազմավարական գործընկերության մասին հայաստանցի լրագրողի դիտարկմանը ՌԴ ԱԳ նախարարը պատասխանել էր, որ դաշնակցային հարաբերությունները պետք է արտացոլվեն բոլոր ոլորտներում. «Եթե խոսքը տնտեսության մասին է, ապա մենք ակնկալում ենք, որ այն դատական գործընթացները, որ սկսվել են վերջին մի քանի տարիներին Հայաստանում համատեղ ձեռնարկությունների, այդ թվում՝ Հարավկովկասյան երկաթուղիների դեմ, կկարգավորվեն՝ առանց փորձելու մեջտեղ բերել ինչ-որ բաներ, որոնք հարիր չեն դաշնակիցների միջև հարաբերություններին։ Ես այս մասին բաց եմ խոսում, ռուսական ընկերությունները հայտնվել են որոշ բարդ իրավիճակներում: Հուսով եմ, որ բոլոր այս հարցերը մենք կկարգավորենք փոխադարձ համաձայնությամբ»:
Թաթուլ Մանասերյանից հետաքրքրվեցինք`սա պատասխան ապտա՞կ էր: «Ես կարծում եմ, որ սա Լավրովի մակարդակով քաղաքական գործչի կողմից երբ հնչում է, նշանակում է, որ հայկական կողմը պետք է մի քիչ ավելի, եւ ոչ թե հիմա, այլ ժամանակին`այդ քայլերը ձեռնարկելիս, շեշտը դներ իրավական խնդիրների վրա, եւ ոչ քաղաքական»:
Մեր զրուցակցի կարծիքով, Հայաստանում արդեն երեք տասնամյակ կարծրատիպ կա, որը խանգարում է պետության ղեկավարներին. այն է` ռուսական ծագումնաբանությամբ որեւէ, նույնիսկ մասնավոր ընկերության գործունեության ոչ իրավաչափ քայլերը կարելի է կամ թույլ տալ, կամ, եթե հակառակ քայլեր ձեռնարկվեն`անպայման քաղաքական ենթատեքստ ունենան: «Սա ևս գալիս է ոչ արհեստավարժ մոտեցումից: Հիշեք էլեկտրացանցերի հետ կապված խնդիրները, որոնք ավելի վատ դրսեւորում ունեցան եւ նույնիսկ անձնավորված ներկայացվեցին՝ որպես Բիբինի դեմ ձեռք առնվող քայլեր: Սա նշանակում է, որ Հայաստանում դեռեւս պրոֆեսիոնալ մոտեցում չկա խնդիրներին եւ տնտեսության կառավարմանը եւ վեր չեն հանվում այն խնդիրները, որոնք կարող էին նույնիսկ մատուցվել ՌԴ քաղաքական վերնախավին, որպես ռուսաստանյան ընկերությունների կողմից չարաշահումներ եւ ժամանակին անաչառորեն վերլուծվեին ու համապատասխան քայլեր ձեռնարկվեին: Ես կարծում եմ, որ ամեն ինչը նաեւ ճիշտ մատուցելուց է գալիս. ինչպե՞ս կարելի է խնդիրը ներկայացնել`բարձր մակարդակի հարաբերություններում եւ ունենալ նաեւ գործընկերների ըմբռնումը, ընկալումն այս հարցերի վերաբերյալ, ապա որպես ինքնիշխան պետություն, քայլեր ձեռնարկել: Ես կարծում եմ, որ եթե Լավրովը բարձրաձայնում է, ուրեմն այդ խնդիրները էպիզոդիկ բնույթ չեն կրում, շարունակական են: Կարելի է, իհարկե, շատ այլ փաստեր եւ օրինակներ էլ հավելել, բայց դրանից իրավիճակը չի փոխվի: Պետք է ուղակի զգոնություն: Երբ ժամանակին ոմանք տուրք էին տալիս Արեւմուտքին հաճոյանալու քայլերին եւ ռուսական կողմի նկատմամբ վերաբերմունքի ցուցադրումներին…բայց Արեւմուտքի տեսանկյունից եթե նայենք, Արեւմուտքը`տվյալ դեպքում ԵՄ երկրները, նույնպես լուրջ կախվածություն ունեն ՌԴ-ից եւ սա գիտակցելով բնավ չեն սրում հարաբերությունները ՌԴ-ի հետ: Անգամ, հարկ եղած դեպքում, գնում են ամերիկյան շահերին դեմ`լինելով նույնպես ռազմավարական գործընկերներ, բայց օրինակ, պատժամիջոցներ չեն կիրառում ՌԴ-ի դեմ`հաշվի առնելով սեփական շահերը: Հայաստանն առավել ևս պետք է սա գիտակցի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ Թաթուլ Մանասերյանի ֆեյսբուքյան էջից