«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ասում են, որ գոյություն ունեն թեզեր՝ Մադրիդյան, Կազանյան, որոնք կարող են հանդիսանալ հիմք: Ինչի՞ համար են հիմք հանդիսանում՝ փաստացի փաստաթղթի՞, թե՞ սրանք բանակցային գործընթացներ են, որը չի ենթադրում փաստաթուղթ: Հիմա գոյություն ունի հայտարարություն ու արձագանք: Մենք, չլինելով բանակցային գործընթացի անմիջական մասնակից, չենք կարող ասել՝ կա՞ փաստաթուղթ, թե՞ ոչ: Եթե դու ասում ես, որ կա փաստաթուղթ, պիտի հիմնավորես, եթե ասում ես՝ չկա, կրկին պետք է հիմնավորես»,- ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպես սկսեց վերլուծել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ Արցախի հարցում ակտիվորեն քննարկում են Մոսկվայի առաջարկած տարբերակը:
Հարցին՝ Լավրովը հստակ հայտարարում է, որ փուլային տարբերակն է քննարկվում, ձեր ենթադրությունը դրանից ո՞րն է՝ Արման Աբովյանը պատասխանեց. «Իմ ենթադրությունը հետեւյալն է՝ այո, գնում է ընթացք, կարելի է տարբեր ձեւի անվանել սա՝ փաստաթուղթ է, թե փաստաթուղթ չէ, այստեղ ամենակարեւորն այն է, որ գիտեք, գնում են բանակցություններ որոշ դրույթների շուրջ, կարծում եմ, պետք է գոնե նվազագույնը դրույթները մի հատ բացել, ասել՝ մենք խոսում ենք այս դրույթների մասին: Այն դրույթները, որոնք հնչեցրել են Մինսկի խմբի համանախագահներն ու հայկական կողմը, երբ հայկական կողմն ասում է՝ ոչ, մենք զրուցում ենք, խոսում ենք որոշակի ընթացիկ դրույթների մասին, խնդրեմ, թող այդ դրույթները բացեն, տեսնենք ինչի մասին է խոսքը: Հակասությունը չի փարատվում: Եթե խորքային փորձենք վերլուծել, ստացվում է, որ Մինսկի խմբի համանախագահը արտահայտել է միտք, իսկ հայկական կողմի պատասխանը փոքր-ինչ տարբերվում է»:
Ըստ Արման Աբովյանի, եթե ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում է, որ ոչինչ չեն թաքցնում, ուրեմն պետք է ավելի բաց լինեն. «Եթե դուք եղել եք բաց, ապա հստակ հայտարարեք, որ մենք փուլային տարբերակ չենք քննարկում, կամ մենք չենք քննարկում ազատագրված տարածքների խնդիր: Շատ կարեւոր է դուրս գալ դավադրությունների տեսությունից եւ հասկանալ, որ դիվանագիտական շատ լուրջ, ծանր պրոցես է գնում: Մյուս կողմից էլ պետք է հասկանալ, որ այդ այդ պրոցեսի շուրջ ծավալվող իրադարձությունները չպետք է վնաս տան մեզ…Նույնիսկ եթե գնում են կոնսուլտացիաների, հո չե՞ն գնում թեյ խմում, իրար հետ զրույց անում: Ինչ-որ հարցի շուրջ են, չէ՞, կոնսուլտացիա անում: Այն, ինչ գոնե նվազագույնը չի վնասի ընթացքին, պետք է հստակեցվի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ