«Աշխատող քաղաքացիները չեն կարողանում հասնել աշխատավայր: Նրանք արդեն նման ձեւակերպում ունեն՝ «աշխատում ենք տաքսիստների համար»,-ԱԺ նիստում այսօր անդրադառնալով արտակարգ դրության պայմաններում թույլատրելի ոլորտի աշխատանք ունեցողների տրանսպորտի խնդրին՝ ասաց ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:
«Չկա քաղաքային տրանսպորտ, եւ մարդիկ ստիպված տաքսիներով են երթեւեկում: Բարդ է վիճակը մարզերից եկողների: Երեւանի հարակից գյուղերից գալիս են աշխատելու շինարարության եւ արդյունաբերության ոլորտում: Վերջերս մի տաքսիստ տուգանվել է 600 հազար դրամով՝ առողջական խնդիրներով քաղաքացիներին մարզերից Երեւան տեղափոխելու համար: Բնականաբար, տաքսու մեջ մի հոգի չէր»,-նշեց Գորգիսյանը:
Գորգիսյանի խոսքով՝ անվտանգությունը կարեւոր է համավարակի կանխարգելման համար, բայց մետրոյի եւ ավտոբուսների պարագայում հնարավոր է սոցիալական հեռավորություն պահպանել եւ մարդկանց հնարավորություն տալ աշխատանքի գնալ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ