Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն թե չմոռանաք գալ ու տանել նավթը». WTI նավթի գնանկումն աննախադեպ էր. Արա Գալոյան

Ապրիլ 22,2020 14:55

«Չգիտեմ՝ դուք հիշո՞ւմ եք վերջին ջրհեղեղը, հավանաբար ոչ, որովհետև մարդիկ այդպիսի դեպքերը՝ որպես արժանի փոխհատուցում, հաճույքով մոռանում են, բայց դա կարևոր չէ, ես կհիշեցնեմ»:

Այսպես կարող էր սկսվել համավարակի, համաշխարհային տնտեսության իրավիճակի մասին ցանկացած վերլուծական նյութ: Այսպես կարող էր սկսվել վարչապետի վերջին (կամ նախավերջին՝ կարևոր չէ) լայվը: Բայց այսպես է սկսվում Կարել Չապեկի պատմվածքներից մեկը, որն ամենևին էլ նավթի բորսայական գների մասին չէ:

Այն, ինչ կատարվեց ամերիկյան կամ տեխասյան համարվող WTI նավթի հետ բորսայում, հայկական ամենամոդայիկ բառով ասած, աննախադեպ էր: Իսկապես աննախադեպ ու պատմական: Բորսայական գնանկմանը նույնիսկ մեր սոցիալական ցանցերն ու մամուլն էր հետևում: Իսկ մենք համարյա անտեղյակ ենք նավթի որականշման կարգ-մեթոդներից: Նույնիսկ, եթե բուհական դասագրքերից հիշում էինք, որ WTI տեսակը ավելի թանկ էր, քան Brent տեսակը, պիտի մոռանայինք: Որովհետև մոտ 10 տարի առաջ իրավիճակ է փոխվել: Հիմա Brent-ն ավելի թանկ է:

Այդ նույն դասագրքերից գիտեինք, որ տնտեսական ճգնաժամի պարագային արտադրողները գերադասում են ոչնչացնել սեփական արտադրանքը՝ փորձելով կանխել գնանկումը: Այդպես նկարագրում էին բոլոր դասագրքերն ու տնտեսական Մեծ ճգնաժամի տարիների գեղարվեստական գրականությունը: Մինչդեռ մերօրյա բորսայական գնանկումը հակառակ պատկեր ի ցույց դրեց: Ամերիկյան նավթի գները սրընթաց նվազեցին մինչև 0, ապա սկսեց աճել բացասական ցուցանիշը (թվաբանության տեսանկյունից «աճել» բառի փոխարեն պետք է օգտագործել «նվազել» բառը):

Առաջին անգամ հնարավոր եղավ իրականում հետևել մի գործընթացի, որի մասին նախկինում գիտեինք որպես հնարավոր հետևանք: Նախ ճշտենք, որ խոսքը մայիսի վերջին օրերին մատակարարվելիք նավթի մասին էր: Ու պարզվեց, որ այն գնորդ չունի: Ամերիկյան ստրատեգիական պահուստ-ամբարները երկու երրորդ չափով լի են: Համավարակի պատճառով աշխարհի ամենամեծ ավտոմոբիլային պարկ ու փոխադրումներ ունեցող երկրում կտրուկ նվազել է բենզինի ու դիզվառելիքի պահանջարկը: Միացյալ Նահանգներում նախորդ տարվա տվյալներով կա մոտ 278 մլն մարդատար ավտոմեքենա: Դրան գումարած, իհարկե, տնտեսության կանգը (ենթադրում եմ, որ հասարակագիտության մեջ շուտով տնտեսության այս իրավիճակը բնութագրող նոր տերմին կհայտնվի): Վերջին մեկ-երկու տարում սպառողների համար շոկ է, որ չինական բանկային համակարգում բացասական տոկոսադրույքով վարկավորում կա: Դա ի վերջո պատկերացնելը հեշտ էր: Հնարավոր էր պատկերացնել, որ դա իրականում արտոնյալ պայմաններով վարկ առաջարկելու ձև է: Այսինքն, բանկը որոշակի գումար էր առաջարկում, հետո որոշակի ժամանակահատված տոկոս չէր ակնկալում ու միայն այդ որոշակի ժամանակից հետո նոր սկսում էր վարկի գումարի հիմնական մասն ու տոկոսները հաշվարկել: Ընդունեք՝ սա ավելի հասկանալի է, քան այս առաջարկը՝ «մայիսի վերջին օրերին մեր ընկերությունն արդյունահանած մեկ բարել նավթի հետ ձեզ առաջարկում է 38 դոլար գումար. միայն թե չմոռանաք գալ ու տանել նավթը»: Սա հակաուտոպիական գրականությանը վայել իրավիճակ է: Իսկապես աննախադեպ: Իրավիճակ, որ Չապեկի հումորի զգացում ունեցողը միայն կկարողանա նկարագրել:

Լրագրողներին, տնտեսագետներին ու մյուս հասարակագետներին մնում է միայն արձանագրել ու նկարագրել իրավիճակը: Իրավիճակի «հովվերգական» պատկերը հաջորդ օրը թե՛ ԱՄՆ նախագահը փչացրեց՝ խոստանալով գնել հնարավորինս շատ նավթ, թե՛ բուն բորսան՝ նավթի հունիսյան մատակարարումների համար գնորդից փող պահանջելով:

Արա ԳԱԼՈՅԱՆ

Տնտեսական մեկնաբան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930