«Բռնությունից զերծ հանրություն ունենալու առումով մենք այս պահին շատ գործ ունենք անելու»,- «Ընտանեկան բռնության դեպքերի աճն արտակարգ դրության ժամանակ» թեմայով «Հոդված 3» ակումբում կայացած քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը: Քննարկումը վերաբերում էր այն թեմային, թե ինչպե՞ս են Հայաստանում կարանտինային օրերին գործում տեղեկատվության և փոխօգնության մեխանիզմները, արդյոք բարձրացվո՞ւմ է ոստիկանության աշխատակիցների տեղեկացվածությունը՝ ընտանեկան բռնության վերաբերյալ եւ հասարակական կազմակերպությունների միջև առկա՞ է փոխօգնություն ու ռեսուրսների բաշխման թիրախայնություն։
Պատգամավորն ասաց, որ օրենսդրական առումով իրենց ծրագրերը նույն կերպ շարունակում են գոյություն ունենալ, պարզապես արտակարգ իրավիճակը խթանում է կառուցակարգեր ստեղծելու անհրաժեշտությունը՝ խնդիրներին մոտիկից առնչվելու եւ դրանք լուծելու առումով: Նա նշեց, որ օրենքում ընտանեկան բռնության վերաբերյալ փոփոխությունների անհրաժեշտություն կա, որպեսզի վերացվեն այս համատեքստում պետական որոշ կառույցների հակոտնյա գործառույթները: «Մասնավորապես ծեծի դեպքը ընտանեկան բռնության համատեքստում պետք է վերաձեւակերպվի օրենքով»,-ասաց պատգամավորը:
Նրա խոսքերով, նաեւ պետք է քրեական պատասխանատվություն լինի սեռական հետապնդման, հղիության ընդհատման հարկադրման եւ այլնի առումով: Մարիա Կարապետյանը տեղեկացրեց, որ Քրեական օրենսգրքի սեւագիր տարբերակն արդեն «հասունանում» է, եւ առաջիկայում հնարավորություն կունենան տեսնելու, թե արդյոք իրենց ակնկալած փոփոխություններն այնտեղ տեղ գտե՞լ են:
ՀՀ Ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլլի Դուրյանի խոսքով, մարտի 16-ից սկսած՝ կարանտինային շրջանում ունեցել են 180 ահազանգ, որոնք վերաբերվել են ընտանեկան բռնությանը, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը 170 է եղել: «Սպանության դեպքեր չեն եղել, իսկ հունվարին զոհ ենք ունեցել ընտանեկան բռնության արդյունքում »,-ասաց տիկին Դուրյանը:
Կարդացեք նաև
Նա հայտեց, որ օրական միջինը 4-6 ահազանգ ունեն 1-02 հեռախոսահամարով, կամ քաղաքացիները գալիս ու տեղյակ են պահում: Տիկին Դուրյանը հավելեց, որ մարտի 16-ից մինչեւ ամսվա վերջ, ըստ ոստիկանության տեղեկատվական կենտրոնի, ծեծի 2 դեպք է գրանցվել: Նշեց, որ նախկին ամուսնու կողմից բռնության ենթարկվելու 26 դեպք է գրանցվել, անչափահասների նկատմամբ հոր կողմից՝ 8 դեպք, 3 -ը՝ մայրիկի, 1-ը՝ պապիկի կողմից: 2 դեպք էլ կա, որ անչափահասն է բռնության ենթարկել մորն ու տատիկին: Ասաց, որ նաեւ Ֆեյսբուքի միջոցով են անձամբ իրեն գրում՝ հիմնականում խորհրդատվության համար:
«Քսանչորս ժամ ոստիկանության կողմից աշխատանքներ են իրականացվում ՝ինչպես նախկինում, այնպես էլ հիմա… Այլ հարց է, որ կանանց մի մասը չի ցանկանում դիմել ոստիկանությանը ու ցանկանում է օգտվել ՀԿ-ի ծառայություններից: Ես համագործակցության կոչ եմ անում՝ կարանտինի պարագայում օգտվել մեր ծառայություններից: Եթե բռնության ենթարկված կինն ուզում է տեղափոխվել ՀԿ-ի ապաստարան, ոստիկանությունը պատրաստակամ է աջակցել բռնության զոհին եւ տեղափոխել: Կցանկանայի նաեւ մի լավ լուր հայտնել այս ամբողջ ֆոնի վրա, որ այսօրվա դրությամբ չունենք սպանության դեպք: Նաեւ ուզում եմ արձանագրել, որ մեր անչափահասները՝ մնալով ծնողների հսկողության տակ, գրեթե զերծ են մնացել հանցագործություններ կատարելուց, ու շաբաթվա մեջ մեկ-երկու դեպք է կատարվում»,-ասաց ՀՀ Ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետը:
Հարցին՝ արդյոք եղել են կոնկրետ դեպքեր, հատկապես՝ ծանր, որ ոստիկանության կողմից աջակցություն է ցուցաբերվել: Նելլի Դուրյանը նորից շեշտեց, որ 180 ահազանգին էլ արձագանքել են, դեպքի վայր է գնացել օպերատիվ խումբ, կիրառվել են պաշտպանական միջոցներ, համապատասխան աջակցություն է ցուցաբերվել յուրաքանչյուրին:
Դիտարկմանը, որ հաճախ բռնության ենթարկված երեխաներին ոստիկանությունը կրկին բռնարարի ընտանիք է վերադարձնում, տիկին Դուրյանը պատասխանեց. «Նման դեպքերում հաշվառման է վերցվում բռնության գործադրած ընտանիքի անդամը, նյութեր են նախապատրաստվում ՝ նայած ինչ վնասվածք է ստացել… Երեխան ընտանիք է վերադարձում, եւ այդ գործընթացի մեջ ներգրավվում են տարբեր կառույցներ՝ ՏԻՄ ներկայացուցիչներ, սոցիալական աշխատողներ, իսկ ոստիկանությունը հետին պլան է մղվում: Մեր քայլը լինում է՝ ապահովել երեխաների համար ապահով տարածք, որը ՀՕՖ-ի աջակցության կենտրոնն է:
Օրինակ՝ նախորդ շաբաթ երեխան բռնության էր ենթարկվել ընտանիքում՝ հոր եւ մոր կողմից: Եկան տատիկն ու պապիկը, որոնք պատրաստակամություն հայտնեցին երեխային պահել…Կարծում ենք, եթե կան տատիկ, պապիկ, մորաքույր ու քեռի, ավելի լավ է՝ երեխան լինի ընտանեկան պայմաններում»:
Իրավապաշտպան, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հանրային կապերի պատասխանատու Զառա Հովհաննիսյանը անդրադարձավ թեժ գծերի հետ կապված ՀԿ-ների եւ ոստիկանության տեղեկատվության տարբերությանը; Ասաց, որ ՀԿ-ների թեժ գծերին ահազանգերի տարափ կա, եւ ի տարբերություն ոստիկանության, իրենց կոալիցիայի թեժ գծով 803 զանգ է ստացվել: Զառա Հովհաննիսյանը հավելեց, որ ամբողջ ֆինանսական միջոցներն էլ ուղղվել են բռնության զոհերին սոցիալական աջակցություն տրամադրելուն: Նշեց, որ զանգահարողները նաեւ հոգեբանական աջակցության խնդիր են ունենում, կարեւորեց վստահության հեռախոսներով մասնագետների հետ անանուն շփվելու անհրաժեշտությունը: Զառա Հովհաննիսյանն ընդգծեց, որ ՀԿ-ներն առաջարկում են զանգել ոստիկանություն, սակայն բռնության զոհերը հաճախ խուսափում են:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ