Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարց է առաջանում, թե ո՞ր արտգործնախարարին հավատանք. ես հավատում եմ ՀՀ արտգործնախարարին». Մարուքյան

Ապրիլ 22,2020 14:18

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք պատրաստվում էին ՀՀ արտգործնախարարից ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարության վերաբերյալ պարզաբանումներ պահանջել, բայց եղավ նախարարի ասուլիսը:

Լավրովը հայտարարել էր, որ Արցախի հարցում ակտիվորեն քննարկում են Մոսկվայի առաջարկած տարբերակը, մինչդեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Զոհրաբ Մնացականյանը պնդում են, որ որեւէ փաստաթուղթ չի քննարկվում:

Մարուքյանի խոսքով՝ հարց է առաջանում, թե ո՞ր արտգործնախարարին հավատանք. «Ես հավատում եմ ՀՀ արտգործնախարարին: Ինչ վերաբերում է նրան, թե բա ինչու նման հայտարարություն արեց, հայկական արտգործնախարարությունը պետք է պարզաբանում պահանջի ռուսական ԱԳՆ-ից: Ավելին՝ վարչապետ Փաշինյանը պետք է ինքն անձամբ անդրադառնա այս հարցին, որովհետեւ սա Հայաստանի ներքաղաքական կյանքում շատ շահարկվող հարց է: Ամենահստակ ձեւով պետք է պարզաբանվի, որ որեւէ ձեւով որեւէ շահարկման տեղիք չտա: Հայաստանում ես չգիտեմ իշխանություն, չեմ պատկերացնում, որ կա իշխանություն, որը կարող է գնալ այդպիսի զիջումների, ինչը ներկայացվում է նշված փաստաթղթի շրջանակներում, 2014-ին շրջանառության մեջ դրած փաստաթղթի մասին է խոսքը»:

Տեղեկություններ են շրջանառվում, որ ռուսական կողմից այդ հայտարարություններն արվում են ռուս-ադրբեջանական նավթային գործարքների շրջանակներում: Մարուքյանն ասաց, որ ինքը նմանատիպ տեղեկություններ չունի. «Նավթը գիտեք ինչ է դարձել, հետեւաբար այդ ֆոնի վրա խոսել ռուս-ադրբեջանական նավթային չգիտեմ ինչերի մասին, այնքան էլ իրատեսական չէ»:

Լավրովը դժգոհել էր նաեւ, որ ռուսական ձեռնարկությունների դեմ քրգործեր են հարուցվել: Մարուքյանն այս առնչությամբ արձագանքեց. «ՀՀ-ում որեւէ քրեական գործ կամ որեւէ դատական գործ չի կարող կարճվել, փակվել որեւէ այլ պետության, այդ թվում դաշնակից պետության միջամտությամբ: Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ, հանդիսանում է ՌԴ ռազմավարական գործընկերը, պետք է ունենա գազի հնարավորինս էժան գներ: Գազի գնի թանկացման վերաբերյալ ռուսական կողմի հայտը ՀԾԿՀ-ն պիտի մերժի՝ ելնելով այն հանգամանքից, որ նախ միջազգային շուկայում նավթագազային մթերքն էժանացել է եւ նաեւ այն հանգամանքից, որ մենք խորը ճգնաժամի մեջ ենք: Եթե մենք գտնվում ենք գործընկերային հարթությունում, մենք չենք կարող գործընկերոջ նկատմամբ, այն էլ ճգնաժամային պայմաններում նման մոտեցում ունենանք: Ռուսական կողմը պետք է իր հայտը հետ վերցնի ու տանի, եթե չտանի, պետք է հանձնաժողովը մերժի այդ հայտը, որովհետեւ գազի գնի թանկացման մասին հիմա խոսելը եւ նման հայտ ներկայացնելն ընդհանրապես ոչ առկա իրողությունների հետ կապ ունի, ոչ միջազգային շուկայի, ոչ էլ մեր դաշնակցային հարաբերությունների»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930