Լրահոս
Օրվա լրահոսը

«Միակ բանը, որը քննարկվում է՝ կողմերի ընկալումն է նախկինում եղած բոլոր սկզբունքների եւ տարրերի». Ռուբինյանը՝ Լավրովի հայտարարության մասին

Ապրիլ 22,2020 13:50

«Բանակցային սեղանին ոչ մի փաստաթուղթ չկա, ոչ մի փաստաթուղթ չի քննարկվում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ խոսելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարության մասին, որ Արցախի հարցում ակտիվորեն քննարկում են Մոսկվայի առաջարկած տարբերակը:

Հարցին՝ այն, ինչ ասում է Լավրովը, իրականությանը չի՞ համապատասխանում՝ Ռուբինյանը պատասխանեց. «Ես ասում եմ իրականությունը, երեկ ՀՀ արտգործնախարարությունն ասել է իրականությունը»: Դիտարկմանը՝ գուցե հայկական կողմը պարզաբանում պահանջի ռուսական կողմից՝ ինչու է համանախագահ երկրներից մեկը անում հայտարարություն, որը պարզապես սուտ է, սեղանին չկա որեւէ փաստաթուղթ՝ Ռուբինյանը պատասխանեց. «Նախ, հայկական կողմը ներկայացրել է իրադրությունը, իր դիրքորոշումները, ՌԴ արտգործնախարարը ներկայացրել է իր դիրքորոշումը կամ իր ընկալումը, ՀՀ արտգործնախարարը ներկայացրել է այն իրողությունները, որոնք կան ու մեր դիրքորոշումը դրանց վերաբերյալ»:

Ճշտեցին՝ այսինքն, դուք ռուսական կողմից պարզաբանման կարիք չե՞ք տեսնում՝ Ռուբինյանը պատասխանեց. «Եթե կարիք լինի, մեր հնարավոր գործողություները կամ գործողությունների բացակայությունը արտգործնախարարությունը կդիտարկի»:

Հարցին՝ սա չե՞ք դիտարկում՝ որպես ՌԴ-ի կողմից աջակցություն Ադրբեջանին, անընդմեջ խնդրի կարգավորման փուլային տարբերակի մասին է բարձրաձայնվում՝ Ռուբինյանը պատասխանեց. «Ընդհանուր առմամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հիմնականում բալանսավորված են իրենց որոշումներում: Կարող են լինել տարբեր մեկնաբանություններ, թե ինչու են հնչում այս կամ այն հայտարարությունները, այդ մեկնաբանությունները կարող են լինել էքսպերտային մակարդակում, լրագրողական, կարող են լինել կամ չլինել քաղաքական մակարդակում: Ուզում եմ իմ ասածները դիտարկել այս մակարդակում»:

Թե ինչ է քննարկվում, եթե փաստաթուղթ չկա բանակցային սեղանին, Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ վարչապետն էլ է նշել՝ փաստաթուղթ չի քննարկվում, բայց երբ տարիներ շարունակ ասվել է, որ կան բանակցային սկզբունքներ եւ տարրեր, քննարկում են ընդհանրապես, թե ինչպես են կողմերը պատկերացնում ու ընկալում այդ տարրերը. «Մեկ-մեկ տպավորություն է եղել, վարչապետն էլ խոսել է դրա մասին, որ նախկինում հերթական բանակցությունն է եղել ու բանակցություններից հետո մի կողմը ասել է մի բան, մյուս կողմը՝ մեկ այլ բան կամ մի տեքստ է հրապարակվել եւ այդ տեքստը մեկնաբանվել է այլ կերպ: Հիմա որեւիցե փաստաթուղթ չի քննարկվում: Հայտնի է, որ տարիներ շարունակ եղել են բանակցություններ, որոնք վարել է սկզբից Լեւոն Տեր-Պետրոսյանը, հետո՝ Ռոբերտ Քոչարյանը, հետո՝ Սերժ Սարգսյանը: Եղել են կողմերի կողմից ընդունված, բանակցությունների հիմք հանդիսացող սկզբունքներ ու տարրեր, որոնք տարբեր փուլերում հիմք են կազմել տարբեր փաստաթղթերի, որոնցից մի մասի մասին հայտնի է, որոնցից մեկի մասին առնվազն հրապարակայնորեն Սերժ Սարգսյանը ասել է, որ ինքը պատրաստ է եղել դա ընդունել: Դա եղել է մի տարբերակ, որը, ըստ Սերժ Սարգսյանի խոսքերի, ենթադրում էր Արցախի շուրջ գտնվող շրջաններից որոշների զիջում՝ հետագայում Արցախի կարգավիճակի որոշման դիմաց: Եկեք առանձնացնենք երկու բան՝ սկզբունքներ եւ տարրեր եւ փաստաթղթեր: Այս պահի դրությամբ որեւիցե փաստաթուղթ չի քննարկվում: Արդյոք քննարկվում են սկզբունքներ եւ տարրեր, այսինքն՝ դուք համաձա՞յն եք սկզբունքի կամ տարրի հետ՝ նույնպես ոչ: Միակ բանը, որը քննարկվում է, կողմերի ընկալումն է նախկինում եղած բոլոր սկզբունքների եւ տարրերի: Ոչ թե մենք քննարկում ենք ՝ ընդունենք դա, թե ոչ, այլ ընդհանրապես՝ այսքան տարի որ խոսել ենք, այդ տարրերը ինչպե՞ս եք դուք հասկանում, մենք ինչպես ենք հասկանում»:

Հարցին՝ այդ տարրերի մեջ որոշ տարածքների զիջման կետը քննարկվո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի ղեկավարության, այս իշխանության օրոք՝ Ռուբինյանը պատասխանեց. «Հետեւյալ երկու պնդումները, այն է՝ այն, ինչ Ադրբեջանը դիտարկում է՝ որպես տարածքներ, մենք դիտարկում ենք որպես անվտանգություն եւ Արցախի անվտանգությունը զիջման ենթակա չէ, լիովին պատասխանում է ձեր հարցին»:

Հարցին ի պատասխան՝ ամեն դեպքում դուք պնդում եք, որ փաստաթուղթ չկա, իսկ Լավրովը պնդում է, որ կա, երկու հակասական դիտարկումներ են, հիմա այս պարագայում ո՞նց հասկանանք՝ փաստաթուղթ կա՞, թե՞ չկա՝ Ռուբինյանը եւս մեկ անգամ պնդեց. «Ինձ երեւի չեք լսում, որեւիցե փաստաթուղթ չի քննարկվել: Ես չեմ կարծում, որ հիմա ես պետք է մեկնաբանեմ, թե ինչու է այս կամ այն հայտարարությունն անում այս կամ այն երկրի պաշտոնյան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930