«Վարչապետը հայտարարեց, որ ապրիլի 20-ից տեքստիլի ոլորտն աշխատելու է: Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատողները երեկ գնացել են աշխատանքի, ոստիկաններն էլ վարչական արձանագրություններ են կազմել եւ նրանց տուգանել»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Պարետատան մակարդակով հայտարարում են, որ ամսի քսանից կարող են աշխատել, մարդիկ էլ գնում են գործի, բայց տուգանվում: Դրանք այն մարդիկ են, ովքեր որեւէ սոցիալական ծրագրով աջակցություն չեն ստացել: Սա ի՞նչ քաոս է: Կամ որոշեք, որ չեն աշխատում, կամ էլ որոշեք, որ աշխատում են, եւ մարդիկ աշխատեն»,-կառավարությանը կոչ արեց Էդմոն Մարուքյանը:
Նա հարցադրում արեց՝ եթե թույլատրված է աշխատել, ինչո՞ւ են ոստիկանները մարդկանցից տեղաշարժման թերթիկ ուզում. «Այդ թուղթը դարձել է անիմաստ բյուրոկրատիա: Վերանայեք այս մոտեցումը»:
Դառնալով Վանաձորի կարի ֆաբրիկայի աշխատակիցների խնդրին՝ պատգամավորը շեշտեց. «2600 մարդու մասին է խոսքը, նրանք հացի փող են աշխատում: Կամ աջակցեք, կամ հայտարարեք, որ աշխատելու են ու թողեք աշխատեն, մի գնացեք տուգանեք: Կոչ եմ անում երեկվա կազմած վարչական արձանագրությունները չեղյալ անել ու մարդկանց չտուգանել»:
Կարդացեք նաև
Խնդրի առնչությամբ «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանը հայտարարեց՝ իհարկե, մարդիկ խնդիր ունեն եւ աշխատանք են պահանջում, բայց երեկ մի հարյուր հոգով հավաքվել էին նույն վայրում, ուստի երկու շաբաթ անց վարակվածների լուրջ թիվ կարող ենք ունենալ. «Այո, գործարանը պետք է աշխատի, եթե ապահովված են բոլոր նորմերը, բայց նման իրավիճակն անընդունելի է: Բոլոր դեպքերում կոչ եմ անում անվտանգության կանոնները պահպանել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ