«Ասվեց, որ փորձելու ենք ազդել հնարավոր ներդրողների վարքագծի վրա. եթե իրապես այդպես լինի, սա կդառնա հաջողված փորձ: Բայց չենք կարող բացառել, որ շատ տնտեսվարողներ մինչեւ համավարակն արդեն իսկ կայացրել են ներդրում կատարելու որոշում, պարզապես ներդրումը կատարվելու է այդ օրենքի ընդունումից հետո՝ մինչեւ տարեվերջ»,-ԱԺ այսօրվա արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
Հիշեցնենք՝ որպես հակաճգնաժամային միջոցառում «Իմ քայլն» առաջարկում է մինչեւ այդ տարվա դեկտեմբերի 31-ը ներդրում անող տնտեսվարողներին տալ հետեւյալ արտոնությունը՝ կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրի հեղինակը սկզբնական շրջանում քիչ շահութահարկ կարող է վճարել:
«Օրինակ՝ պատվիրել են հոսքագիծ, մեքենասարքավորում, շինարարություն են սկսել: Այսինքն, այս օրենքը նրանց համար լինելու է ոչ թե վարքագիծ փոխելու հնարավորություն, այլ լրացուցիչ արտոնություն: Սրանում բացասական է այն, որ նրանց վարքագծի վրա մենք ազդած չենք լինի»,-հավելեց Արման Պողոսյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ