Պետությունն անտեսել է հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական խնդիրները, կորոնավիրուսային իրավիճակի պատճառով նրանք զրկված են վերականգնողական թերապիայից, նաեւ ոտնահարված է երեխաների կրթության իրավունքը: «Մեդիա» կենտրոնում կայացած «Արտակարգ դրություն. հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներն անելանելի վիճակում են» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեցին «Էխո» ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը եւ «Նաիրի» հաշմանդամ երեխաների ծնողների ՀԿ նախագահ Գայանե Ազոյանը:
«Հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրը առաջին օրվանից ուշադրության տակ էինք պահում, նախարար Զարուհի Բաթոյանն էլ ասաց, որ հաշմանդամություն ունեցող երեխաներին պետք է մատչելի լինի ամեն բան, բայց ոչ մի բան չի արվել, այսօր լսողական, տեսողական խնդիրներ ունեցող երեխաները զուրկ են մնացել անգամ կրթությունից»,-ասաց Սերյոժա Օհանջանյանը:
Գայանե Ազոյանը փաստեց, որ նախկինում շատ է բարձրացվել խնամակալության համար գումարի հարցը: Նրա կարծիքով, եթե ծնողն է խնամում հաշմանդամ երեխային, լավ կլինի խնամակալության գումար ստանա եւ ոչ թե տասը տարվա ստաժ համարվի երեխային խնամելը, այլ նա որոշակի գումար ստանա թոշակի անցնելիս:
Սերյոժա Օհանջանյանի խոսքով, հասկանալի է, որ պետության միջոցները սուղ են. «Մյուս կողմից, առկա պատկերը խոսում է բոլոր ոլորտների ծառայությունների ոչ հասցեական լինելու մասին»:
Կարդացեք նաև
Բանախոսները փաստում են, որ եթե անգամ այս օրերին հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողը որեւէ ծրագրով նպաստ է ստանում, սակայն երեխան մնում է չորս պատի մեջ, նրա համար ոչինչ չի փոխվում, հետեւաբար ճիշտ կլիներ, որ ցերեկային խնամքի կենտրոնները բացվեին, երեխաները դուրս գային տանից, ծնողներն էլ աշխատեին: Գայանե Ազոյանը հավելում է, որ եթե ծնողը չի աշխատում, եւ տարիներ շարունակ խնամում է հաշմանդամություն ունեցող իր երեխային, տարիների ընթացքում կորցնում է առողջությունը:
ՀԿ-ների ներկայացուցիչների համոզմամբ, եթե պարետատունը կորոնավիրուսի վտանգով պայմանավորված՝ փակել է բոլոր այն կենտրոնները, որտեղ երեխաները թերապիա են ստանում, նրանց առողջությանը միեւնույն է վնաս է հասցվում:
Գայանե Ազոյանն ասում է, որ կցանկանար հարցը բարձրացնել պետական մարմինների առաջ, բայց ցավոք, ինքն էլ ներկայումս մեկուսացած վիճակում է, ոչ մի նախարարության դուռ չի կարող բախել, միայն պատասխանում է ծնողների զանգերին, որոնք դիմում են ամենատարբեր հարցերով՝ ծայրահեղ անհրաժեշտությամբ պայմանավորված:
Սերյոժա Օհանջանյանը նշում է, որ վերականգնողական կենտրոնների ախտահանումը մեծ գումարների հետ է կապված, դրա համար չեն կարողանում արտակարգ ռեժիմով աշխատել, իսկ պետությունը չի փոխհատուցում կենտրոններին:
Գայանե Ազոյանն ասում է, որ հկ-ները գուցե անհատների աջակցությամբ սնունդ, հագուստ բաժանեն, բայց ամենաբարդը բուժումն ու կրթությունն է, իսկ երեխաներն արդեն բավականին ժամանակ են կորցրել:
«Էխո» ՀԿ նախագահի համոզմամբ, եթե կան սահմանափակումներ, ապա յուրաքանչյուր քաղաքացու պետք է տրվեր համապատասխան սահմանափակման փոխհատուցում, այս դեպքում՝ հաշմանդամություն ունեցողների համար գումարային տեսքով պետք է օժանդակություն լիներ. «Եթե հաշմանդամություն ունեցող մարդը այս օրերին չի աշխատում, պետությունը պետք է փոխհատուցի նրա աշխատավարձը, որովհետեւ գործատուներն էլ են ծանր վիճակում գտնվում, ու ոչ բոլորն են օգտվում կառավարության աջակցությունից»:
Նա շեշտում է. «Երկու ամիս մոտ հինգ հազար երեխա զրկվել է կրթություն ստանալու իրավունքից, եւ ես չեմ տեսնում, թե դրա փոխհատուցումն ինչպես է լինելու»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ