Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին իր ուղիղ եթերի ժամանակ ուշագրավ հայտարարություններ արեց, այսպես կոչված, «Սերժի մարդկանց»-ից ազատվելու անհրաժեշտության մասին։ Նրա խոսքով՝ այսօր իշխանության մեջ նախկիններն ունեն իրենց մարդիկ, որոնց ինքն անվանում է «Սերժի մնացորդներ», եւ եկել է ժամանակը՝ նրանց զտելու: Այս եւ այլ հարցերի մասին զրուցեցինք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Ղալումյանի հետ։
– Պարոն Ղալումյան, Նիկոլ Փաշինյանը մի օր ասում է՝ պետական համակարգում կադրային ջարդ, վենդետա չենք իրականացնելու, մյուս օրը խոսում է «Սերժի մարդկանց» զտելու անհրաժեշտության մասին։ Ինչպե՞ս եք որոշելու՝ ովքեր են Սերժի մարդիկ, հատկապես, որ նախկիններից շատերին Փաշինյանն ինքն է նշանակել բարձր պաշտոններում։
– Մնացորդն ամեն համակարգում էլ կա, եւ, փառք աստծո, դրանք նախարարների եւ փոխնախարարների մակարդակով չեն, ավելի ցածր, միջին օղակներում։
– Ո՞նց եք որոշել, որ նախարարը «մնացորդ» չէ, բայց իր ստորին օղակների աշխատողները կարող են «մնացորդ» լինել։
Կարդացեք նաև
– «Մնացորդը» մարդու մասին չի, այլ աշխատանքային որակների մասին՝ հետհեղափոխական Հայաստանում իրենց աշխատաոճի եւ դիրքորոշումների հետ կապված։ Ամենօրյա աշխատանքներ են տարվում, պարզվում են, ու այս ձեւով պետք է ազատվել իրենցից, աստիճանաբար, այլ ոչ թե կադրային ջարդ իրականացնել։ Պետական կառավարման համակարգի մարդկանց հնարավորություն է ընձեռվել նոր իրավիճակի պահանջներին համապատասխան աշխատել, ովքեր չեն աշխատում, տեսանելի է, չէ՞, թե ոնց են վարվում իրենց հետ։
– Ի՞նչն է տեսանելի։
– Փոխնախարար չունե՞նք կալանավորված, չկա՞ն մարդիկ, որոնց վրա քրեական գործեր են հարուցված, ոստիկանության բաժանմունքի պետ, տեղակալ՝ ձերբակալված, հարցաքննվող։ ․․․Մենք հիշում ենք, չէ՞, որ դատարանների հետ կապված էլ խնդիր ունենք, դրա համար էլ վճիռ չկա, հանրաքվեն դատարանների խնդրի լուծման կարեւոր քայլ էր, բայց, ցավոք, հետաձգվեց։
– Այսինքն, հիմա ով կալանավորվում է, Սերժի մնացո՞րդ է, հեղափոխական պաշտոնյաներ էլ են, չէ՞, կալանավորվել, ո՞նց եք տարբերում՝ ո՞վ է Սերժի մնացորդը, ով՝ ուրիշի։
– Հեղափոխական կալանավորվածները Սերժի մնացորդ չեն, դա տրամաբանության որակում է։ Անձամբ ես այսպես եմ պատկերացնում, թե ովքեր են մնացորդները․ եթե մարդն իր առջեւ դրված խնդիրները՝ ժամկետների հետ կապված, որակի հետ կապված, չի իրականացնում, թերացում կա այդ առումներով, ամեն մարդ, ով պետությունից աշխատավարձ է ստանում, պետք է ժամկետների մեջ եւ որակյալ աշխատանք իրականացնի։ Մնացորդայինը հոգեբանություն է, փոխվելու հնարավորություն տրվել է, չէ՞, որ դեմքով լինեն դեպի ժողովուրդը։
– Եթե խնդիրներ չեն առաջացնում այդ մնացորդները, ինչո՞ւ էր Փաշինյանը վրդովված խոսում նրանց զտելու մասին։
– Վարչապետն ինչ ասում էր, ճիշտ էր ասում, ես էլ եմ անդրադառնում, որ Հայաստանում կան նման խմբեր, ովքեր լավ չեն հասկացել, որ Հայաստանում իշխանափոխություն, հեղափոխություն է եղել։ Եվ եթե նրանք խնդիր չառաջացնեին, անդրադարձ չէր լինի։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: