Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի և Իրանի միջև նման հարաբերություններ եղել են, կան և ես կարծում եմ՝ պետք է ընդլայնվեն». «Ժամանակ»

Ապրիլ 22,2020 12:31

Մի քանի օր առաջ համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որտեղ մի քաղաքացի ցուցադրում է, թե ինչպես են իրանական պետհամարանիշներով վառելիքով բեռնված բեռնատարները կանգնած Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Այդ քաղաքացին դա մեկնաբանում է որպես կորոնավիրուսը Արցախ բերելու փորձ։

Եվ մինչ արցախցին անհանգստանում է իրանցիների միջոցով վարակը Արցախում տարածելու մասին, ադրբեջանական քարոզչամեքենան գործի է անցել և տեսանյութը մեկնաբանում է քաղաքական տեսանկյունից։ Ադրբեջանում արդեն Իրանի դեսպանատնից բացատրություններ են պահանջվել իրանական բեռնատարների՝ Արցախում հայտնվելու մասին։ Իրանական կողմը պաշտոնական մակարդակում հերքել է այդ փաստը՝ տեսանյութը համարելով բեմադրված, կեղծիք, որը նպատակ ունի վնաս հասցնել երկու երկրների բարիդրացիական հարաբերություններին:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը «Ժամանակի»-ի հետ զրույցում ասաց, որ այս հարցը հնչեղություն է ստացել ադրբեջանական քարոզչական ազդեցության հետևանքով։ «Չեմ կարծում, որ տեսանյութում հնչեցված միտքը, թե իրանական բեռնատարների միջոցով կորոնավիրուս է ներմուծվում Արցախ, որևէ աղերս ունի իրականության հետ։ Համենայնդեպս պետք է նշել, որ Արցախի և Իրանի միջև որոշակի տնտեսական հարաբերություններ կան, բայց այդ հարաբերությունների մասին հաճախ չի բարձրաձայնվում։ Եվ նման տիպի տեսանյութերի տարածումը, հատկապես եթե դա արվել է հայկական կողմից ինչ-որ ուժերի կամ տվյալ քաղաքացու ակտիվ գործողության շնորհիվ, ընդհանրապես չի նպաստում տարածաշրջանում հայկական շահերի առաջ մղման տեսանկյունից, որովհետև իրանցիները, որպես կանոն, բացահայտ տիրույթում չեն հայտարարում, որ Արցախի Հանրապետության հետ տնտեսական հարաբերություններ կան։ Բայց նման հարաբերություններ եղել են, կան և ես կարծում եմ, որ դրանք պետք է ընդլայնվեն, որովհետև դա բխում է երկկողմ շահերից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանի ու Արցախի սահմանը հայ-իրանական սահմանի կարևորագույն բաղադրիչներից մեկն է»,-ընդգծեց Ոսկանյանը՝ հավելելով, որ իրանցիները չափազանց կարևոր, նշանակալի օգնություն են ցուցաբերել Արցախին և Հայաստանին նաև Արցախյան պատերազմի թեժ փուլերում, 90-ականների սկզբին։ «Կարծում եմ՝ երկու կողմերի վստահելի հարաբերությունները չպետք է բացառեն նաև տնտեսական հարաբերությունների կայացումը։ Կարծում եմ՝ պետք չէ ուշադրություն դարձնել ադրբեջանական քարոզչությանը, որը նպատակ ունի վնասելու Արցախ-իրանական հարաբերություններին»,- ասաց Ոսկանյանը։

Իրանագետի խոսքերով՝ եթե Արցախի ու Իրանի միջև կա որոշակի տնտեսական գործակցություն, ապա դա իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքի միջոցով։ Այդ բեռնատարներն էլ կարող էին հայտնվել Ստեփանակերտում ՀՀ տարածքով։ «Արցախի տարածքը տնտեսական առումով միասնական է ՀՀ-ի հետ, նույն դրամն է շրջանառվում տնտեսական տարածքում և չի բացառվում, որ, ասենք, իրանական վառելիքի որոշ ծավալներ հասնեն Ստեփանակերտ, և դա նորմալ է, ընկալելի է»,- ասաց իրանագետը։

Վարդան Ոսկանյանը ընկալելի ու բնական է համարում նաև այն, որ իրանական կողմը պաշտոնական մակարդակում հերքում է տարածում։ Կարևորն այն է, որ Արցախ-իրանական հարաբերությունները լինեն և զարգանան։

Իրանագետը պնդում է՝ քարոզչական մակարդակում Հայաստանը չպետք է զիջի իր դիրքերը։ Ավելին, նրա խոսքերով՝ Հայաստանը պետք է ինքը իրականացնի անհամաչափ, նախահարձակ գործողություններ, որպեսզի ադրբեջանական քարոզչամեքենան հասկանա, որ նման նուրբ խնդիրները, որոնք վերաբերում են հայ-իրանական հարաբերություններին, ամենևին քարոզչական ներազդեցության դաշտ չեն կարող լինեն, և հայկական կողմը պատրաստ է ցանկացած հակահարվածի։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930