Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Սամվել Բաբայանն Արայիկ Հարությունյանին շնորհավորեց վերջին պահին. ո՞րն էր շնորհավորանքի հիմնական ուղերձը

Ապրիլ 22,2020 12:16

Արցախի նախագահ ընտրված Արայիկ Հարությունյանն արդեն սկսել է խորհրդարան անցած ուժերի հետ հանդիպումները: Երեկ առաջին հանդիպումը կայացավ Արցախի ժողովրդավարական կուսակցության հետ: Թե Արայիկ Հարությունյանն իր հայտարարությամբ, թե ԱԺԿ նախագահ Աշոտ Ղուլյանն Aravot.am-ի հետ զրույցում փաստեցին, որ կադրային նշանակումների հարցեր դեռ չեն քննարկել. դրանք թողնվել են հետագա հանդիպում-քննարկումներին: Աշոտ Ղուլյանը մեր ուղիղ հարցին`ձեր ղեկավարած կուսակցությունը պատրա՞ստ է կոալիցիա կազմել Արայիկ Հարությունյանի ղեկավարած ուժի հետ, պատասխանեց, որ նման հարց չեն քննարկել:

Ավելի վաղ, դեռ նախագահական ընտրությունների առաջին փուլի օրը, պարոն Ղուլյանը հնարավոր կոալիցիաների մասին հարցին պատասխանել էր, որ եթե հնարավորություն լինի իրականացնելու ԱԺԿ-ի առաջարկած նախընտրական ծրագիրը` իրենք պատրաստ են համագործակցության, բայց ԱԺԿ-ն պետք է պատրաստ լինի նաեւ ընդդիմադիր դաշտում աշխատել:

Խորհրդարանում ներկայացված լինելու շեմը հաղթահարած կուսակցությունների հետ քաղաքական կոնսուլտացիաների մասին Արայիկ Հարությունյանը հայտարարել էր ապրիլի 15-ի իր ասուլիսում: Արցախի նորընտիր խորհրդարանում ներկայացված կլինեն Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը, Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցությունը, Վիտալի Բալասանյանի գլխավորած Արցախի «Արդարություն» կուսակցությունը, ՀՅԴ-ն եւ Աշոտ Ղուլյանի գլխավորած «Արցախի Ժողովրդավարական» կուսակցությունը:

«Ազատ Հայրենիք» կուսակցության խոսնակ Վահրամ Պողոսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր կհանդիպեն ՀՅԴ-ի հետ, իսկ մյուս կուսակցությունների հետ հանդիպումները տեղի կունենան ապրիլի 24-ից հետո: Կոալիցիոն-կադրային համագործակցության հարցերը ամենայն հավանականությամբ կքննարկվեն ավելի ուշ` երբ Արայիկ Հարությունյանը պաշտոնապես կստանձնի Արցախի նախագահի պաշտոնը:

Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյան ավելի վաղ հայտարարել էր`«Արդարություն» կուսակցությունը գործելու է ընդդիմադիր դաշտում: Երեկ ողջ օրը փորձեցինք Վիտալի Բալասանյանից հավելյալ մեկնաբանություններ ստանալ: Նա այդպես էլ չարձագանքեց մեր հեռախոսազանգերին: Aravot.am-ի չհաջողվեց զրուցել նաեւ Արցախի ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի հետ: Վերջինս նույնպես չի արձագանքում մեր հեռախոսազանգերին:

Բավական ուշագրավ էր, որ միայն երեկ Արայիկ Հարությունյանին շնորհավորեց խորհրդարանական երկրորդ ուժի` «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը: Կուսակցության մամուլի խոսնակ Անուշ Դոլուխանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք Արայիկ Հարությունյանից հանդիպման հրավեր չեն ստացել, հետեւաբար հանդիպման հստակեցված օր եւ ժամ չկա: Քաղաքական կոնսուլտացիաների մասին «Միասնական հայրենիքում» լսել են Արայիկ Հարությունյանի`ասուլիսում արած հայտարարությունը, իսկ սկսված հանդիպումների մասին տեղեկացել են մամուլից: «Բնականաբար եւ տրամաբանորեն հանդիպում պետք է նաեւ մեզ հետ լինի, բայց դեռ հստակ որեւէ բան չկա»,- ասաց մեր զրուցակիցը:

Թե ինչո՞ւ է Սամվել Բաբայանը միայն երեկ շնորհավորել Արայիկ Հարությունյանին, մեր հարցին ի պատասխան Անուշ Դոլուխանյանն ասաց. «Որովհետեւ Արցախի ԸՕ-ին համապատասխան ԿԸՀ-ն միայն երեկ է պաշտոնական հաղորդագրություն տարածել այն մասին, որ Արայիկ Հարությունյանն ընտրված նախագահ է»: Անուշ Դոլուխանյանը Սամվել Բաբայանի շնորհավորանքի գլխավոր ուղերձը համարում է այն ամրագրումը, որ «…ընտրություններն իրողություն» են եւ բացատրում. «Այնպես չէ, որ մենք ընդունել ենք ընտրությունների արդյունքները: Մենք շարունակում ենք պնդել, որ այնուամենայնիվ, մենք հանդուրժում ենք, բայց ամեն ինչի արդյունքում մարդն ընտրված նախագահ է եւ կարծում եմ, որպես երկրորդ քաղաքական ուժ, շնորհավորանքը տեղին էր եւ արդարացված, այն առումով, որ անկախ նրանից, թե մենք ի՞նչ կարգավիճակ եւ քաղաքականություն կորդեգրենք` նույն քաղաքական դաշտում ենք»:

Ինչ վերաբերվում է քաղաքական մեծամասնության եւ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հնարավոր համագործակցությանը եւ կոալիցիային, մեր զրուցակցին հիշեցրինք, որ ընդդիմություն դառնալու մասին հայտարարություններ «Միասնական հայրենիքը» չի արել, ավելին, Սամվել Բաբայանը մշտապես հայտարարել է, որ ծրագրային դրույթների շուրջ պատրաստ է համագործակցության: Անուշ Դոլուխանյանն այսպես արձագանքեց. «Այո, պարոն Բաբայանն համագործակցության, մասնավորաբար, Արայիկ Հարությունյանի հետ համագործակցության վերաբերյալ իրեն ուղղված հարցերին կտրուկ «ոչ» չի պատասխանել: Ավելին, ասել է, որ մենք բաց ենք եւ պատրաստակամ ցանկացած համագործակցության համար, բայց, բացառապես մեր նախընտրական ծրագրի շրջանակներում: Ընտրությունների օրը ճեպազրույցի ժամանակ էլ պարոն Բաբայանը նշեց, որ ինքը պաշտոնի համար չէ այստեղ, ինչպես թյուրիմացաբար ընկալում են ոմանք, այլ ծրագիր իրականացնելու: Մենք նախընտրական ծրագրում ունենք երեք շատ կարեւոր կետ, որոնց շուրջ պատրաստ ենք համագործակցել ցանկացած մադու, ուժի հետ, այդ թվում նաեւ Արայիկ Հարությունյանի: Դրանք սահմանադրական բարեփոխումներն են, որոնց մենք բախվեցինք հընթացս եւ ինչի մասին խոսել ենք խորհրդարանական ընտրություններից հետո տարածած հայտարարության մեջ, անվտանգության հարցերը եւ սոցիալական բարեփոխումները»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Նշենք, որ Արցախի հերոս, գեներալ–լեյտենանտ Վիտալի Բալասանյանը, պատասխանելով News.am-ի հարցին՝ «Ձեր գլխավորած ուժը խորհրդարանում է։ 5 ուժ է ներկայացված այնտեղ, և ոչ մեկը չունի հսկիչ փաթեթ՝ միանձնյա կառավարություն կազմելու համար։ Նախագահ Հարությունյանի գլխավորած կուսակցությանը չի բավականացնում մեկ մանդատ, որպեսզի առանց կոալիցիայի կառավարություն ձևավորի։ Ինչպիսի՞ պատկեր կունենանք, ըստ Ձեզ», մասնավորապես ասել է. «Պաշտոնների առևտրին մտադիր չեմ մասնակցել և չեմ կարող ասել, թե ինչ վերջնական պատկեր կձևավորվի։ Ես նախագահական ընտրությունների առաջին փուլից անմիջապես հետո հայտարարեցի, որ չեմ աջակցելու երկրորդ փուլ անցած թեկնածուներից որևէ մեկին։ Կան գաղափարական ու տեսակային լուրջ տարբերություններ։ Մենք ընտրողից քվե ենք ստացել՝ մեր կողմից հռչակված արժեքներին, գաղափարներին ու ծրագրերին տեր կանգնելու համար։ Երբ ասում ենք, որ հաղթանակը չի վաճառվում, դրանք միայն խոսքեր չեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930