ԲՀԿ-ի եւ «Իմ քայլի» նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ՝ հարկային օրենսգրքին առնչվող օրինագծեր քննարկելու համար. նախագծերի երկրորդ ընթերցումը կազմակերպվելու է 24 ժամում: «Բիզնեսը սպասում է այս որոշումներին: Որքան արագ սա իրականացնենք, այնքան լավ, սպասումներն այս տարում կձեւավորվեն»,-հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանը: Ներկայացնելով առաջին օրինագիծը հարկային օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ՝ նա հայտնեց. «Գործող կարգավորմամբ եթե տնտեսվարողը ներդրում է անում՝ սարքեր է գնում, շենք է կառուցում, նա չի կարող այդ ծախսը միանգամից ծախսագրել տվյալ տարում: Առանձին խմբերի համար կան նվազագույն ժամկետներ, օրինակ՝ համակարգչային տեխնիկայի համար մեկ տարի է, իսկ արտադրական սարքավորումների համար՝ հինգ տարի, շինությունների համար՝ քսան տարի»:
Բաբկեն Թունյանի խոսքով՝ սրանից բխում է, որ, օրինակ, մեկ միլիոն դոլարի հոսքագիծ գնած ներդրողը չի կարող նույն հարկային տարում իր կատարածը ծախսագրել որպես ծախս, այսինքն՝ պակասեցնել եկամուտներից եւ ավելի քիչ շահութահարկ վճարել. «Նա դա պետք է կատարի առնվազն հինգ տարում՝ մաս-մաս: Օրենսգրքում մեկ բացառություն կա՝ կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրի հեղինակն ինքնուրույն կարող է որոշել եւ սկզբնական շրջանում քիչ շահութահարկ վճարել: Այս օրինագծով առաջարկում ենք, որ այդ արտոնությունը տարածվի բոլոր տնտեսվարողների վրա, եթե նրանք ներդրում կկատարեն մինչեւ այդ տարվա դեկտեմբերի 31-ը»:
Պատգամավորի խոսքով՝ սա պայմանավորված է կորոնավիրուսի տարածման հետեւանքները մեղմելու նպատակով եւ հակաճգնաժամային միջոցառում է տնտեսության համար. «Նրանք, ովքեր հաջորդ տարի էին ուզում ներդրում անել, հնարավորություն կունենան այս տարի դա անելու: Հեծանիվ չենք հորինել, այս գործիքը աշխարհի շատ երկրներում է կիրառվում»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ