Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չի կարելի գնալ իրադարձությունների հետևից, անհրաժեշտ է կայացնել հստակ որոշումներ. «Ժամանակ»

Ապրիլ 22,2020 11:57

«Վերլուծելով վերջին 1 շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվը՝ կարող ենք արձանագրել, որ ունենք աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4%-ի սահմաններում»,-ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Արսեն Թորոսյանն, ըստ էության, ահազանգ է հնչեցնում՝ թեև առանց դրա էլ մեր հայրենակիցներից շատերն ամեն օր հետևում են վիճակագրությանը, ու անզեն աչքով էլ նկատելի է, որ վերջին օրերին համաճարակային վիճակը «կայունացում» է արձանագրում՝ բացասական իմաստով։

Երեկ, օրինակ, հայտնի դարձավ, որ պարետի որոշմամբ՝ մինչև ապրիլի 28-ը կսահմանափակվի Վարդենիս համայնք մուտքն ու ելքը, որովհետև մինչև վերջերս «կանաչ գոտի» համարվող Գեղարքունիքի մարզի այս քաղաքում հաստատվել է կորոնավիրուսի 39 դեպք։ Ավելի վաղ սահմանափակումներ էին մտցվել Արարատի մարզի Նորաշեն գյուղում և Շիրակի մարզի Մարալիկ ու Ձորակապ համայնքներում։ Այլ խոսքով՝ կորոնավիրուսը ոչ միայն չի նահանջում, այլև աշխարհագրության ընդլայնման իմաստով նոր տարածքներ է «նվաճում»։

Հենց սրա մասին է Արսեն Թորոսյանի ահազանգը, որը կարող է մի կողմից՝ չընկալվել անգամ կառավարության այն անդամների կողմից, որոնք կողմ են տնտեսության «վերաբացմանը», մյուս կողմից՝ թերահավատ վերաբերմունքի արժանանալ ընդդիմադիր այն շրջանակների կողմից, որոնք հենց երեկ հայտարարություն են տարածել՝ պնդելով, որ կառավարությունն ու առողջապահության նախարարությունը թաքցնում են կորոնավիրուսի իրական թվերը, պատկերը։

Վերջին առնվազն մեկ շաբաթվա ընթացքում արտակարգ դրությունը պահպանվում է խիստ պայմանականորեն կամ հարաբերականորեն, որովհետև Երևանի փողոցները դարձյալ մարդաշատ են, ըստ էության բացակայում է ոստիկանության պատշաճ վերահսկողությունը։ Իհարկե, կարելի է անվերջ մեղադրել մեր քաղաքացիներին, խոսել նրանց սոցիալական պատասխանատվության բացակայության մասին։ Գուցե այս ամենը ճշմարտություն է, սակայն բնական հարց է առաջանում, թե ինչո՞ւ իշխանությունները որոշեցին ապրիլի 14-ից հետո, այսպես կոչված, կարանտինային վիճակը դարձնել ձևական կամ, պատկերավոր ասած, դրա մեջ պահել ոչ թե քաղաքացիներին, այլ ոստիկաններին, որոնք, լավագույն դեպքում, դիտորդի կարգավիճակում հետևում են փողոցներում հաճախակի դարձող մարդկային կուտակումներին։ Մենք այս մասին մի քանի օր առաջ ահազանգել էինք, սակայն անցած երեք օրերին խնդիրը ոչ միայն չի կարգավորվել, այլև ավելի է ամրապնդվում այն տեսակետը, որ ոստիկանության «անգործությունը» «վերևների» որոշման հետևանք է։ Ըստ ամենայնի, կառավարությունը փորձել է նախապատրաստել տնտեսության «վերաբացումը»։

Ակնհայտ է, որ կարանտինի ռեժիմը ու տնտեսության «փակվածությունը» բերում են սոցիալական լարվածության, որովհետև կառավարության մեկ տասնյակից ավելի հակաճգնաժամային ծրագրերը, մեղմ ասած, բավարար չեն անգամ անապահով խավերի պրոբլեմները լուծելու համար։ Երեկ «Գլորիայի» աշխատակիցների լոկալ «բունտն» ասվածի լավագույն ապացույցն է ու, ցավոք, կարող է նախադեպ դառնալ շատերի համար, հանրապետության տարբեր վայրերում։

Կառավարությունը պետք է արագ լուծումներ գտնի, որոնք մի կողմից՝ ավելի հստակ կդարձնեն երկրում ստեղծված համաճարակային պատկերը՝ ավելի շատ թեստավորումների, ռիսկային խմբերին մեկուսացնելու միջոցով, մյուս կողմից՝ հասարակության մյուս խմբերին թույլ կտան վերադառնալ աշխատանքային բնականոն հուն՝ մեղմելու համար կորոնավիրուսի հարուցած տնտեսական, սոցիալական հետևանքները։ Չի կարելի գնալ իրադարձությունների հետևից, անհրաժեշտ է կայացնել հստակ որոշումներ՝ իրավիճակային բոլոր ռիսկերը հաշվի առնելով։

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930