Ձեռքի այս սովորական շարժումը ճշմարտանման եւ աբսուրդ բազմաթիվ մեկնաբանություններ կարող է ունենալ: Շատերը կարծում են, որ ստանդարտի իրացումից առաջ ձեռքը բարձրացնելով ֆուտբոլիստը որոշում է քամու ուղղությունն ու ուժը, ոմանք հակված են մտածելու, որ դա 30-40-ականներին Գերմանիայում եւ Իտալիայում ընդունված ֆաշիստական ողջույնի ձեւի հանդեպ անթաքույց համակրանք է:
Քամու տարբերակը ուշագրավ է, թեեւ այն էլ իրականության հետ քիչ ընդհանրություն ունի: Ավելի իրական է այն, որ ձեռքը վեր բարձրացնելը թիմակիցներին ուղղված կոնկրետ հուշում է, որը մշակվել է մարզումների ժամանակ: Օրինակ, երբ մեկ ձեռքն է բարձրացվում, նշանակում է, որ գնդակն ուղարկվելու է մոտակա դարպասաձողի ուղղությամբ, իսկ երկու ձեռքը ասում է, որ գնդակն ուղարկվում է դեպի հեռավոր դարպասաձողը:
Ֆուտբոլիստները ձեռքը վեր են պարզում նաեւ խաղային տարբեր դրվագներում: Հաճախ դա ուղղված է մրցավարներին, երբ գնդակը հատում է եզրային գիծը, խաղից դուրս վիճակ է, ու ամեն մեկը ուզում է ցույց տալ, որ գնդակն իրենցն է: Ի դեպ, այս դեպքում որպես կանոն յուրաքանչյուր երկրորդը ստում է:
Սովորաբար, ֆուտբոլիստների այս «հուշումները» չեն ազդում մրցավարների որոշման վրա, իսկ VAR համակարգի ներդրումից հետո նման պահվածքն ընդհանրապես անիմաստ է դարձել, թեեւ շատերը սովորության համաձայն ձեռքը վեր են պարզում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ