Լրահոս
Օրվա լրահոսը

Կրեմլը բացահայտեց արցախյան փուլային կարգավորման փաստը

Ապրիլ 22,2020 10:17

Անցյալ տարի ապրիլին Մոսկվայում ղարաբաղյան առաջարկներ են ներկայացվել, վստահեցնում է ՌԴ ԱԳ նախարար Լավրովը

Անցյալ տարի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանն առաջարկված ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ որոշումներն ակտիվորեն քննարկվում են, դրանց ստորագրումը կարեւոր քայլ կլիներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի իրականացման ուղղությամբ, ապրիլի 21-ին Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ձեւաչափով կլոր սեղանի շրջանակում նշել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Կան մադրիդյան սկզբունքները, կան փաստաթղթեր, որոնք պատրաստվել են Ռուսաստանի Դաշնության կողմից 2010-2011թթ., այսպես կոչված, Կազանյան փաստաթուղթը: Կան նախագծեր, որոնք տարածվել են անցյալ տարվա ապրիլին համանախագահների մասնակցությամբ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, եւ դրանք այժմ ակտիվորեն քննարկվում են»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:

Լավրովը պարզաբանել է, որ այդ փաստաթղթերը «փուլային մոտեցման հիման վրա կարգավորմանը հասնել են նշանակում` առաջին փուլում ենթադրելով առավել հրատապ խնդիրների լուծում, Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք տարածքների ազատում եւ տրանսպորտային, տնտեսական եւ այլ հաղորդակցությունների ապաշրջափակում»:

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը վստահություն է հայտնել, որ դրանց ստորագրումը լուրջ քայլ կլինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի իրականացման գործում: «Համոզված եմ, որ երբ մենք հանգենք այդ փաստաթղթերը ստորագրելու որոշմանը, սա կարեւորագույն քայլ կլինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը կյանքի կոչման ուղղությամբ, որոնց մասին է խոսքը եւ որոնք, կրկնում եմ եւս մեկ անգամ, պահանջում էին վերջ տալ պատերազմին եւ սկսել պայմանավորվել»,- շեշտել է Լավրովը:

«Սկսել են պայմանավորվել, հիմա պետք է պայմանավորվել: Հենց դրան էլ մենք ձգտում ենք` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: Բացի այդ, Լավրովը լավ եւ օգտակար է անվանել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: «Հենց դրանում է մարմնավորվել Անվտանգության խորհրդի հենց այդ պահանջն այն մասին, որ անհրաժեշտ է վերջ տալ պատերազմին եւ սկսել պայմանավորվել»,- հավելել է նա:

Եվ այսպես, ուղիղ մեկ տարի է՝ բանակցությունների սեղանին կոնկրետ առաջարկներ են քննարկվում: Հայաստանի իշխանությունները մինչ այժմ տարբեր առիթներով նշել են, թե կոնկրետ առաջարկներ չկան, այնինչ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի ներկայացուցիչ Լավրովը, որ բազմամյա դիվանագետ է, որը կոնկրետ զբաղվում է ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացով հստակ արձանագրել է, որ կան առաջարկներ, ավելին՝ դրանց որոշ «մանրամասներ» էլ է հրապարակայնացրել:

Լավրովի ակնարկած անցյալ տարվա ապրիլին Մոսկվայում կայացած բանակցությունները փաստացի առաջին գործնականն էին, որոնք անցկացվեցին Պուտինի հովանու ներքո: 2019թ. ապրիլի 15-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումն անցկացվեց, որին մասնակցել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Մոսկովյան բանակցությունները փակ էին: ՌԴ ԱԳՆ-ում նախ հանդիպել էին Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները, այնուհետեւ կայացել էին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ ձեւաչափով բանակցությունները, որոնց այնուհետեւ միացել էին նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։ Մինչ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին ընդունել էր Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։

Մոսկվայում ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Էլմար Մամեդյարովի եւ Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային հանդիպմանը քննարկվել էր իրադրությունը սահմանին եւ շփման գծում։ Քննարկվել էին նաեւ հումանիտար ոլորտում փոխգործակցության հաստատման հեռանկարները: Ինչպես նաեւ մտքեր են փոխանակել կարգավորման հիմնարար հարցերի շուրջ: Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները վերահաստատել էին կողմերի մտադրությունը շարունակելու քաղաքական-դիվանագիտական միջոցներով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ջանքերը: ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ ընդգծվել է շահագրգռվածությունը հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես՝ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: Կողմերը նաեւ պայմանավորվել էին փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նախարարները պատրաստակամություն են հայտնել գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջեւ շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով: Իսկ ՌԴ ԱԳ նախարարը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել էին իրենց հանձնառությունը միջնորդական առաքելությանը՝ ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը: Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են շարունակել շփումները մոտ ապագայում:

Այսպիսով, ռուսական հովանու ներքո անցկացված բանակցություններով Մոսկվան ստանձնեց կարգավորման գործընթացում քայլերի իրագործման եւ դրանց պահպանման երաշխավորի դերը:

Նկատենք, որ մինչ մոսկովյան նշյալ բանակցությունները ռուսական կողմը թեժ էր պահում ղարաբաղյան թեման: Պաշտոնական այցով Բաքվու էր մեկնել Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Ռուս պատգամավորների հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հարց էր հնչեցրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: «Ռուսաստանի դիրքորոշումը հետեւյալն է. չկա խնդրի ռազմական լուծում, կա միայն դրա լուծման դիվանագիտական ճանապարհ: Ռուսաստանն անում է տարբեր ձեւաչափերով հնարավոր ամեն ինչ, որպեսզի կողմերը փոխզիջման հասնեն»,- նշել էր Վալենտինա Մատվիենկոն:

Այնուհետեւ Մատվիենկոն հիշեցրել էր, որ ապրիլի սկզբին թեման քննարկվել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հեռախոսազրույցի ժամանակ եւ մատնանշել էր այդ տարվա ապրիլի 15-ին կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ-ի ԱԳ նախարարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների հանդիպումը՝ ղարաբաղյան թեմայի շուրջ: «Նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի ամենահուսալի գործընկերն է: Եվ դա պետք է հաստատել գործով: 2018-ին Իլհամ Ալիեւի՝ Ռուսաստան կատարած այցի ժամանակ ստորագրվել էին թվով 15 նոր միջկառավարական համաձայնագրեր, իսկ մեր երկու երկրների նախագահների միջեւ վեց հանդիպում էր տեղի ունեցել անցած տարվա ընթացքում»,-նկատել էր Մատվիենկոն՝ հավելելով՝ «Քայլ առ քայլ, միասին կկարողանանք հասնել փոխզիջման, առաջ գնալ եւ լուծում գտնել»: Նա վստահեցրել է, որ Մոսկվան շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել ղարաբաղյան խնդիրը։

Նաեւ հիշեցնենք մի ուշագրավ հանգամանք, անցյալ տարի ապրիլին Մոսկվայում կազմակերպվելիք հանդիպման եւ Լավրովի մասնակցության մասին առաջինը հայտնել էր պաշտոնական Բաքուն՝ ապրիլի սկզբին: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ասել էր. «Մոտ ապագայում (արդեն պայմանավորվել ենք), կհայտարարվի Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների եւ համանախագահների մակարդակով հանդիպման մասին: Կարծում եմ, Սերգեյ Վիկտորովիչը (Լավրով-խմբ.) նույնպես կմասնակցի», – ասել է նա: Նա մատնանշել էր հակամարտության կարգավորման գործում առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը: «Ընդհանուր ըմբռնումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման ուղղությամբ տեղաշարժեր են պետք, այլ կերպ արդեն անհնար է», – ասել էր Ադրբեջանի ԱԳ նախարարը: Ըստ Մամեդյարովի՝ նախօրեին Մոսկվայում (ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստից) իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը նա քննարկել է ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ հակամարտության կարգավորումը:

Արդեն իսկ ակնհայտ էր, որ ռուսական կողմը ոչ միայն ղարաբաղյան կարգավորման գործընթացի վրա «մատը զարկերակին» է պահում, այլեւ բանակցային գործընթացը կառավարելու դեր է ստանձնել, եւ Բաքվի համար դա խիստ նպաստավոր իրավիճակ է, քանի որ ռուսական ակտիվությունը հիմնված չէ բացառապես հանդիպումներ կազմակերպելու, հայտարարություններ անելու գործընթացի ապահովման վրա: Պաշտոնական Մոսկվայից հնչող հայտարարությունները մեկ տարուց ավելի հիմք են տալիս եզրակացնելու, որ ռուսական կողմն, իսկապես, նկատելի արդյունքներ է ակնկալում ղարաբաղյան կարգավորման գործընթացում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Ամփոփումը՝ վաղվա համարում:

«Առավոտ» օրաթերթ, 22.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930