Կորոնավիրուսի պայմաններում, երբ բնակչության մի մասը, բարեբախտաբար, նստած է տանը, մարդկանց մոտ, հավանաբար, ավելի շատ ազատ ժամանակ կա, եւ շատերի հիմնական զբաղմունքն է՝ մեկնաբանել վարչապետի ամենօրյա ծավալուն ուղիղ եթերները: Այս առումով ես էլ ունեմ երկու նկատառում:
Նախ ասեմ, իմ գրածը պետք չէ ընկալել իշխանության կամ ընդդիմության քաղաքական օրակարգերի տեսանկյունից: Սա լրագրողական վերլուծություն է, առավելագույնը՝ բարի խորհուրդ, որն ուղղված է քաղաքական գործընթացի մասնակիցներին: Եվ ահա այս դեպքում ինձ թվում է, որ երկրի առաջին դեմքը չպիտի խոսի ամեն օր, չպիտի արձագանքի ֆեյսբուքյան ամեն մի գրառմանը կամ կայքային հրապարակմանը: Այո, որպես լրագրող մենք սովոր ենք ամեն օր հոդված գրել կամ եթեր դուրս գալ, դա դարձել է մեր կյանքի ռիթմի անբաժանելի մասը: Պարզ է, որ ամենօրյա մեկնաբանությունը կարող է լինել հապճեպ, պահի տակ արված, հուզական եւ, հետեւաբար, սխալ եւ ոչ համարժեք: Դա անխուսափելի է՝ չկա աշխարհում մի մարդ, որն ամեն օր հրապարակավ խոսի եւ նրա ասածները միշտ, բոլոր ժամանակների համար ճիշտ լինեն: Բայց երկրի բարձրագույն պաշտոնյայի հանգամանքն այլ է. նրա ասածները չեն կարող նույն պահին հետեւանքներ չունենալ, քանի որ նա ունի հազարավոր ստորադասներ, թիմակիցներ, քծնողներ, երկրպագուներ, որոնք անշահախնդրորեն կամ, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, պետք է պաշտպանեն եւ զարգացնեն նրա մտքերը: Նա ունի նաեւ բազմաթիվ «չուզողներ», որոնք իրենց պարտավորված են զգում վարչապետի ամեն մի ասածը վիճարկել:
Հիասթափության մասին: Անձամբ ես, իմ խառնվածքի, մասնագիտության, տարիքի եւ փորձի բերումով, ունակ չեմ հիանալ կամ հիասթափվել քաղաքական որեւէ երեւույթից: Բայց եկեք ընդունենք, որ ընդհանուր առմամբ հասարակության համար «հիացմունք-հիասթափություն» հակադրությունը ճոճանակի նման է՝ երբ հիացմունքը չափից դուրս մեծ է, որոշ ժամանակ անց իր հայտ է գալիս նույն չափի հիասթափությունը, եւ հակառակը՝ որքան խորն է հիասթափությունը, այնքան ակտիվ է հիացմունքի առարկայի փնտրտուքը: Հեղափոխությունները հիացմունքի գագաթնակետն են, բայց մարդիկ պարզապես հոգնում են հեղափոխական հռետորաբանությունից, ամեն թփի տակ հակահեղափոխականներ, թշնամիներ եւ դավադիրներ փնտրելուց, եւ վաղ թե ուշ հեղափոխականներին գալիս են փոխարինելու «գաղջերը», որոնցից նույնպես մարդիկ ի վերջո հոգնում են: Եվ այսպես շարունակ: Ռոբեսպիերի կամ ռուս բոլշեւիկների բոցավառ ճառերը չէին կարող մշտապես նույն ազդեցությունն ունենալ: Եվ այնպես չէ, որ հիասթափվում են «նախորդ ռեժիմների» ժամանակ բարգավաճող գող-ավազակները՝ նրանք պարզապես երազում են իրենց բարգավաճելու աղբյուրները վերականգնելու մասին: Հիասթափվում են հենց «պողոսները»:
Դա համընդհանուր օրինաչափություն է, որը պայմանավորված չէ հեղափոխականների որակով՝ դարեր շարունակ նույնն է կրկնվում: Դարձյալ թույլ տվեք մեջբերել մ.թ. 1-2 դարի Հռոմի կայսեր Մարկոս Ավրելիոսին. «Նա, ով տեսել է ներկան, արդեն տեսել է այն ամենը, ինչ գոյություն ուներ հավերժության մեջ, եւ այն ամենը, ինչ կլինի անսահմանափակ ժամանակի մեջ: Քանզի ամեն ինչ միատարր է եւ միանման»:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ