Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային բանկը կանխատեսում է՝ աղքատությունը կաճի, զբոսաշրջությունը մեծ վնասներ կկրի

Ապրիլ 22,2020 15:00
HB

Համաշխարհային բանկի (ՀԲ) ելակետային սցենարով 2020թ. ամռան կեսից կսկսվի տնտեսության աստիճանական վերականգնումը, 2020թ. իրական ՀՆԱ-ի աճը կընկնի մինչեւ 1.7 տոկոս, այսինքն՝ այն կկազմի վերջին երեք տարում գրանցված աճի միջին տեմպի մեկ քառորդը՝ հաշվի առնելով արտահանման եւ ներքին պահանջարկի վրա բացասական ազդեցությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀԲ-ի հրապարակած զեկույցից: Միջազգային ֆինանսական այս կառույցը կանխատեսել է Եվրոպա եւ Կենտրոնական Ասիա տարածաշրջանի, ներառյալ Հայաստանի տնտեսական իրավիճակը: Ըստ բանկի մասնագետների, կանխատեսման ցուցանիշների վրա մեծապես ազդել է «COVID-19» համավարակը եւ ապրանքների գների անսպասելի անկումը: Ըստ զեկույցի հեղինակների, ակնկալվում է, որ ՀՆԱ-ի տեմպի ազդեցությունը կմեղմվի բյուջետային ընդլայնման շնորհիվ, որը կապահովվի մասնավորապես՝ առողջապահական եւ սոցիալական ծախսերի ավելացման, ինչպես նաեւ բիզնեսին աջակցության եւ պետական ներդրումների ծավալի ավելացման միջոցով:

«Աշխատատար ոլորտների վրա բացասաբար ազդող՝ աճի տեմպի դանդաղման պայմաններում աղքատության կրճատման մակարդակը լավագույն դեպքում կլինի չափավոր: Միեւնույն ժամանակ, համաճարակի երկարաձգման դեպքում տեղի կունենա ՀՆԱ-ի դինամիկայի դադար կամ նույնիսկ տնտեսական կրճատում: Սրա հավանականությունն աճում է՝ հաշվի առնելով ողջ աշխարհում առողջապահական, տնտեսական եւ ֆինանսական ցուցանիշների վատթարացումը: Այս սցենարով աղքատությունը կաճի»,-փաստում են Համաշխարհային բանկի մասնագետները: Ըստ նրանց, գնաճային ճնշումները կմնան ցածր՝ արտացոլելով ապրանքների ցածր համաշխարհային գները եւ նվազող պահանջարկը. «Ինչեւէ, փոխարժեքի վրա ճնշումները կարող են հեշտորեն հանգեցնել ավելի բարձր գնաճի: Արտաքին պակասուրդը կմնա բարձր՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանի տնտեսության թուլացման եւ ռուբլու արժեզրկման պատճառով արտաքին պահանջարկը կկրճատվի, իսկ մասնավոր տրանսֆերտները կտրուկ կնվազեն: Սա կարող է ճնշում գործադրել փոխարժեքի վրա: 2020թ. մարտի առաջին կեսին ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի համեմատ կորցրեց իր արժեքի ավելի քան 2 տոկոսը: Կենտրոնական բանկի պահուստները եւ ԱՄՀ-ի հետ  նախապատշպանական բնույթի պայմանավորվածությունը ապահովում են որոշակի բուֆեր, բայց հնարավոր է, որ դրամի արժեզրկման ավելի ուժեղ ճնշումների դեպքում անհրաժեշտ լինի ճշգրտել քաղաքականությունները»:

Բանկի մասնագետների ներկայացմամբ, կանխատեսվող բյուջեի պակասուրդը կաճի՝ հասնելով ՀՆԱ-ի մոտ 4.7 տոկոսին, ներառյալ «COVID-19» համավարակին արձագանքման ուղղված ՀՆԱ-ի 2.2 տոկոսի չափով ֆիսկալ խթանի փաթեթը. «ՀՆԱ-ի մոտ 50 տոկոսին հասնող կառավարության պարտքի պայմաններում հնարավոր է, որ անհրաժեշտ լինի կիրառել ֆիսկալ կանոնի բացառման մասին դրույթը: Կանխատեսվում է, որ ՀՆԱ-ի աճը միջնաժամկետում կվերականգնվի՝ 2021-22թթ. կազմելով շուրջ 4.5 տոկոս, որին կաջակցեն կայունացող արտաքին պայմանները եւ հետաձգված աշխատանքների կատարումը: Հաշվի առնելով աճի պատմական առաձգականությունը՝ ակնկալվում է, որ աղքատության մակարդակը կվերադառնա իր նվազող դինամիկային»:

Ինչ վերաբերում է ռիսկերին եւ մարտահրավերներին, ապա, ըստ բանկի մասնագետների, Հայաստանի համար անմիջական մարտահրավերը «COVID-19» համավարակն է. «Երկրի վրա կազդի ե՛ւ ապրանքների, ե՛ւ ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկի ժամանակավոր փլուզումը: Հատկապես՝ խոցելի է զբոսաշրջությունը՝ մի ոլորտ, որը վերջին տարիներին հաստատուն զարգացել է»:

Բանկի կանխատեսումների համաձայն, Հայաստանից արտահանվող հիմնական ապրանքատեսակներից՝ պղնձի գների անկումը կշարունակի բացասաբար ազդել արտաքին մնացորդի վրա: «Մասնավոր տրանսֆերտները, որոնք 2018թ. կազմել են ՀՆԱ-ի շուրջ 12 տոկոսը եւ եկել են հիմնականում Ռուսաստանի Դաշնությունից, ծառայում են որպես բացասական ազդեցության լրացուցիչ խողովակ: «COVID-19»-ի տարածման սահմանափակմանն ուղղված ջանքերը է՛լ ավելի կկրճատեն պահանջարկը: Տնտեսության դոլարացման մակարդակի եւ արտահանման մեջ դիվերսիֆիկացիայի բացակայության պայմաններում է՛լ ավելի  դժվար կլինի կառավարել ցնցումը»,-նկատում են զեկույցի հեղինակները՝ նշելով, որ համեմատաբար առողջ բանկային հատվածը, ԱՄՀ-ի հետ ձեռք բերված նախապաշտպանական բնույթի պայմանավորվածությունը, ինչպես նաեւ որոշ բյուջետային բուֆերները մասամբ մեղմում են ռիսկերը:

Զեկույցի հեղինակները խորհուրդ են տալիս «COVID-19» համավարակից զատ, արտահանման վրա հիմնված կայուն աճի ուղով ընթանալու համար առաջ տանել բարեփոխումները՝ ուղղված մրցակցության բարելավմանը եւ դիմակայունության բարձրացմանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21
.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930