Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարակված ներարկիչը, դիմակն ու ձեռնոցը հայտնվում են մեծ աղբավայրերում»

Ապրիլ 22,2020 14:30

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մշակած նոր օրինագծով առաջարկվում է տուգանք սահմանել արտադրությունից, սպառումից, տերեւաթափից առաջացած թափոնները բնակավայրերում ու դրանց շրջակայքում կամ դրա համար չնախատեսված վայրերում այրելու համար։ Ըստ նախարարության հաղորդագրության՝ այս գործողությունները կառաջացնեն նախազգուշացում կամ տուգանքի նշանակում, քաղաքացիների նկատմամբ` 50.000 դրամի չափով, պաշտոնատար անձանց համար՝ 200.000 դրամի չափով։ Չի շրջանցվի նաեւ արտադրության կամ սպառման թափոնները չարտոնագրված աղբավայրերում այրելու խնդիրը։ Այս դեպքում քաղաքացիները կտուգանվեն 100.000 դրամի չափով, իսկ պաշտոնատար անձինք՝ 400.000 դրամի չափով: Օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը, ըստ նախարարության, բխում է թափոնների բաց այրման հետեւանքով աղբավայրերում առաջացող էկոլոգիական խնդիրներից. թափոնների բաց այրումն աղբավայրերում կենցաղային աղբի վերացման ամենաէժան, արագ ու հեշտ, բայց եւ ամենավտանգավոր տարբերակն է, որի հետեւանքով շրջակա միջավայր են արտանետվում մեծ քանակությամբ դիօքսիններ եւ ֆուրաններ, որոնք հանդիսանում են թերի այրման արգասիքներ:

Բնապահպան Սիլվա Ադամյանն «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս օրինագիծը որոշ չափով սահմանափակումներ է մտցնում խնդրի կարգավորման համար, բայց հարցի լուծում չէ. «Իհարկե, այրման գործընթացը լուրջ արտանետումների խնդիր է առաջացնում, խոսքը թե աղբի, թե տերեւների եւ արտադրական թափոնների մասին է: Եթե կենցաղային թափոնները եւ աղբավայրերը դիտարկենք, ապա պարտադիր չէ, որ կենցաղային աղբն աղբավայրում ինչ-որ մեկն այրի: Սկսենք նրանից, որ ամռան շոգին, երբ որեւէ ապակյա իր է հայտնվում աղբավայրում, ճառագայթն անդրադառնում է, ստացվում է կրակ: Իհարկե, նման օրինագծով մասամբ փորձ է արվում խնդիրը լուծել, բայց մանավանդ արտադրողի համար տուգանքը ցածր է: Իսկ քաղաքացին որտեղի՞ց իմանա, որ դա կարող է տուգանք առաջացնել: Ենթադրենք, մարդը որոշում է իր այգում տերեւն ու աղբը վառել ու տուգանվում է: Ուստի նախեւառաջ իրազեկման հարց ունենք: Մարդիկ, ի տարբերություն իրավաբան ունեցող արտադրողների, պետք է իմանան, որ աղբն այրելու համար տուգանք են վճարելու: Կարծում եմ, որ քաղաքացիների 70%-ը տեղեկացված չի լինելու դրանից, այդ պատճառով իրազեկման լուրջ գործընթաց պետք է լինի ԶԼՄ-ներով: Չեմ փորձում պաշտպանել քաղաքացիներին ու ասել, թե այրելը ճիշտ է, բայց մարդկանց պետք է իրազեկել: Երբ կլինեն իրազեկված եւ դրանից հետո էլ կանեն, դա արդեն ուրիշ խնդիր է: Կառավարությունն այդ դեպքում կարող է ասել, որ արդեն իսկ իրազեկում եղել է: Ամեն դեպքում, մեծ հաշվով, սա թափոնների խնդրի լուծում չէ»:

Սիլվա Ադամյանը փաստեց, որ ՀՀ-ում թափոնների վերամշակման համատարած խնդիր կա. «Ամեն տարի տարբեր ֆինանսական կառույցներից լսում ենք, որ գումար են տալիս՝ աղբի կառավարման պլան գրելու համար: Մի դեպքում Համաշխարհային բանկն է տալիս, մի ուրիշ դեպքում՝ Ասիական զարգացման բանկը, մինչդեռ քանի տարի է՝ այս առումով ոչինչ չի արվում: Ճիշտ է, արդեն գնում ենք  պոլիէթիլենային տոպրակների արգելման ճանապարհով, բայց ե՞րբ դա կլինի. երբ տեղի կունենա աղբի համատարած տեսակավորում, վերամշակման խնդիրներն էլ կլուծվեն. թափոնները առանձին տեղում կհավաքվեն»:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակը եւս նպաստելու է, որ թափոնների ծավալն ավելանա. «Ունենալու ենք ձեռնոցների, դիմակների, ներարկիչների թափոններ, բինտ, բամբակ……սա հանրային հատվածի կողմից է լինելու, մինչդեռ, օրինակ, առողջապահության նախարարությունում, ի տարբերություն քաղաքացիների, հստակ գիտեն, թե ինչպես վնասազերծել նման թափոնները: Իսկ քաղաքացիները նման թափոնները լցնում են սովորական աղբամանները: Ճիշտ է, հիմա աղբի տեղափոխումն ավելի լավ է կազմակերպվում, բայց դա ոչինչ չի նշանակում: Խոսքը միայն կորոնավիրուսի մասին չէ. վարակված ներարկիչը, դիմակն ու ձեռնոցը հայտնվում են մեծ աղբավայրերում, ու ունենում ենք վարակի լուրջ բույն»:

Տիկին Ադամյանն ընդգծեց՝ օրինապաշտ քաղաքացիներն օգտագործած դիմակներն ու ձեռնոցները տոպրակների մեջ են գցում աղբամանը. «Իսկ շատերը դիմակն ու ձեռնոցը հանում են ու գցում փողոցում, քանիցս ականատես եմ եղել: Քսան օր է՝ այս մասին խոսում եմ, որովհետեւ սա շատ վտանգավոր թափոն է, որովհետեւ աղբավայրերում ունենք կենսաբազմազանություն, մասնավորապես ամենակեր թռչուններ՝ ագռավներ, կաչաղակներ, հայկական որորներ: Նրանք աղբավայրերում են սնունդ հայթայթում, էլ չասեմ՝ առնետները, շներն ու կատուները: Ամեն վարչական շրջանից որոշակի քանակության դիմակ, ձեռնոց, ներարկիչ ու բինտ է բերվում լցվում սովորական աղբամանի մեջ, եւ այդ ամենը դառնում է վտանգավոր թափոն: Առանց այդ էլ մեր աղբավայրերը շատ վտանգավոր են: Հատկապես առնետները լուրջ վարակների տարածող կարող են հանդիսանալ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21
.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել