«Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲ ընկերության հայցն ընդդեմ ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության` ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի 25.01.2019թ.-ի թիվ 42-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական դատարանը բավարարել է: Անվավեր է ճանաչվել Մասիսի քաղաքապետարանի եւ «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ի միջեւ 17.01.2019թ.-ին կնքված թիվ ԱՄՄՔ-ԳՀԾՁԲ-19/2 պայմանագիրը միակողմանի լուծելու մասին ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի 25.01.2019թ.-ի թիվ 42-Ա որոշումը:
«Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲ ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Լիանա Բալյանը երեկ «Առավոտին» ասաց, որ քաղաքապետը վճիռը բողոքարկել է վերաքննիչ վարչական դատարան:
«Քաղաքապետն առանց մեզ գրավոր ծանուցագիր ուղարկելու, առանց մեզ գրավոր նկատողություն տալու, առանց մեզ նույնիսկ զգուշացնելու, արգելել է մեզ աշխատել եւ հակառակը՝ միշտ ասել է, որ գոհ է ծառայության որակից եւ հույս էր հայտնել, որ նույնությամբ կշարունակվի: Քաղաքապետը մեր ընկերության հետ ԱՄՄՔ-ԳՀԾՁԲ-19/2 պայմանագիրը կնքելուց մեկ օր առաջ՝ հունվարի 16-ին, քաղաքապետարանում ասաց. «Ամեն ձեւ, երբ ուզենա մի պատճառ կբռնի, կեղտ կգտնի էդ պայմանագիրը լուծարելու համար», քանի որ հայտարարված աճուրդ մրցույթում մեզ հետ մրցակից էր «Մաքուր Մասիս» ՓԲԸ-ն, որը հանդիսանում է քաղաքապետարանի կառույց, իսկ տնօրեն Խաչատրյանի հետ ունեն քավոր-սանիկական բարեկամական կապեր եւ այս բիզնեսի մեջ նա ունի անձնական շահագրգռվածություն: Քանի որ մրցույթում օրենքով առաջին տեղը գրավեց մեր՝ «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» ընկերությունը եւ հաղթեցինք մենք, ապա կատարեցինք ամենաքիչը մոտ 10 000 000 ՀՀ դրամ ներդրում եւ Մասիս քաղաքում պատշաճ կերպով սկսեցինք կատարել աղբահանություն հունվարի 17-ից մինչեւ 25-ը ներառյալ»,-ասել էր ընկերության տնօրեն Ֆ.Պողոսյանը: «Առավոտը» բարձրաձայնել էր «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲ ընկերության հետ կատարվածի մասին: Ընկերությունը հաղթել էր մրցույթում, եւ պետք է զբաղվեր Մասիս քաղաքի աղբահանության հարցերով, սակայն 9 օր հետո քաղաքապետը աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հիմքով պայմանագիրը դադարեցրել էր: «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲԸ-ն իր գործունեությունը ծավալում է Մասիս քաղաքում 1997 թվականից եւ զբաղվում է Մասիս քաղաքի աղբահանությամբ:
Ընկերության տնօրենը դեռ մեկ տարի առաջ իր բողոքներում հայտնել էր, որ քաղաքապետն իրենց հետ պայմանագիրը խզելով, փորձել է իր ընկերոջ` Գոռ Խաչատրյանի «Մաքուր Մասիս» ընկերությանը հանձնել աղբահանության գործը:
Կարդացեք նաև
Ըստ վարչական դատարան ներկայացրած հայցադիմումի, «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲ ընկերության տնօրեն Ֆելիքս Պողոսյանը երկու տարի առաջ դեկտեմբերի 25-ին հաղթել էր մրցույթում, իսկ անցյալ տարվա հունվարի 17-ին նրա հետ քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կնքել էր պայմանագիր: Պայմանագիրը մեկ տարով էր: Ընկերությունը պայմանագրի համաձայն ստանձնել էր Մասիս քաղաքի կենցաղային աղբահանության ծառայությունների մատուցման պարտավորությունը: Այդ կարճ ժամանակահատվածում ընկերությունը պատվիրել էր նոր արկղեր, աղբահանության համար թարմացվել էին հները՝ 190-ը կար: Նախատեսվել էր աղբահանությունն իրականացնել 56 համայնքներում: Սակայն աշխատելով 9 օր, Ֆ. Պողոսյանին օրեր առաջ իր մոտ է հրավիրել փոխքաղաքապետը, հայտնելով, թե քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը պայմանագիրը դադարեցրել է:
Հիշեցնեմ, որ Ֆ. Պողոսյանը հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ՀՀ ոստիկանապետին, ԱԱԾ, գլխավոր դատախազին, դիմել է նաեւ ՀՀ վարչապետին, տարածքային կառավարման նախարարին, մարզպետին, խնդրելով հարուցել քրեական գործ՝ «քաղաքապետի պաշտոնով ստանձնած լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ»:
Պատասխանող Դավիթ Համբարձումյանը քաղաքապետի պաշտոնը ստանձնել էր 2016 թվականից:
ԱԱԾ ուղարկված հաղորդման համաձայն. «Ընկերության գործունեությունը չարամտորեն եւ անձնական շահագրգռվածությունից ելնելով, հետապնդվում է Մասիս քաղաքի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կողմից: Կարծես Մասիս քաղաքում հեղափոխություն չի կատարվել եւ գործում է քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի բանդան»: Ֆ. Պողոսյանն ասում է, որ 2017 թվականից օրենքով մրցույթ չէր հայտարարվել. «Սակայն քաղաքապետը 2017 թվականին հիմնադրել է «Մաքուր Մասիս» ՓԲ ընկերությունը, որի միջոցով անօրինական կերպով կատարում է Մասիս քաղաքի աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքները: Իսկ մեր ընկերությունը, որը աճուրդ մրցույթում հաղթող է ճանաչվել, չենք կարողանում աշխատեցնել»:
«Առավոտին» տրամադրված փաստաթղթերի համաձայն էլ, Մասիսի քաղաքապետարանի եւ «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲ ընկերության միջեւ 2019թ. հունվարի 17-ին կնքվել է թիվ ԱՄՄՔ-ԳՀԾՁԲ-19/2 պայմանագիրը, որի շրջանակներում ընկերությունը ստանձնել է Մասիս քաղաքի կենցաղային աղբահանության ծառայությունների մատուցման պարտավորությունը, 2018թ. դեկտեմբերի 25-ին կայացված աճուրդ մրցույթում ճանաչվել է առաջինը: Մասիսի քաղաքապետարանը 2019 թվականի հունվարի 25-ից միակողմանի ամբողջությամբ լուծել է ԱՄՄՔ-ԳՀԾՁԲ-19/2 պայմանագիրը: Այս կապակցությամբ, զրուցակիցս հայտնեց, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն անհիմն, միակողմանի որոշում է կայացրել եւ խոչընդոտել է իրենց ընկերության աշխատանքը հունվարի 25-ից՝ ահռելի մեծ գումարային վնասներ հասցնելով իրենց:
Անցյալ տարվա հունվարի 26-ից ապօրինի կերպով աղբահանության աշխատանքները Մասիս քաղաքում կատարում է «Մաքուր Մասիս» ՓԲ ընկերությունը:
ԱԱԾ-ին ընկերության տնօրենը տեղեկացրել էր պայմանագրի լուծարման շարժառիթներից մեկի մասին. «Քաղաքապետն ինձ ստիպում էր, որ ես գնամ Մասիս քաղաքի բենզալցակայանների եւ գազալցակայանների սեփականատերերին ստիպեմ, որ վճարեն իրենց պարտքերը, հակառակ դեպքում կլուծարի պայմանագիրը: Իսկ ես նման լիազորություններ չունեմ, դա իր աշխատանքն է, սակայն նա պարբերաբար իր գործողություններով ինձ դրել է ծանր վիճակի մեջ»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.04.2020