Ռեժիսոր Ռուբեն Բաբայանը՝ մշակութային հեղափոխության անհրաժեշտության մասին
Հաճախ չի պատահում, երբ զրուցակիցն է սկսում խոսքը՝ առանց սպասելու հարցին։ Այդպես ստացվեց Ռուբեն Բաբայանի հետ. «Հրանտ Մաթեւոսյանը հիանալի միտք է արտահայտել՝ մշակույթը կյանքի ապրելու կերպ է, բայց ոչ թե կյանքի զարդարանք։ Իսկապես, մշակույթը նրա համար է, որ գիտակցենք սեփական դերը կյանքում. ինչի համար ենք աշխարհ եկել, ինչ ենք մեզնից ներկայացնում, ինչ ժառանգություն ենք թողնելու սերունդներին՝ աղտոտված մոլորա՞կ, անտարբերությո՞ւն կողքինի հանդեպ, ինչն արդյունքում բերում է անտարբերություն հենց քո ու ուրիշի հանդեպ։ Եթե անտարբեր ես ուրիշի հանդեպ, չես կարող նրանից պահանջել հակառակը։ Խոսքս միայն մեր մասին չէ։ Շատ ու շատ երկրներում մշակույթը սկսվել էր ընկալվել որպես ժամանց, մինչդեռ մշակույթը ժամանց չէ։ Մյուս կողմից, երբ ընթացքի մեջ ես, մտածելու ժամանակ այդքան էլ չկա։ Պետք է կանգ առնել…»։
Ռեպլիկին՝ հիմա մենք փաստորեն կանգ ենք առել, պարոն Բաբայանը պատասխանեց. «Ամենակարեւորը՝ թե ինչպես այդ կանգ առնելը կընկալենք։ Կընկալենք որպես մեծ դժբախտությո՞ւն ու կերազենք, թե երբ ենք վերադառնալու նախկին կյանք, թե՞ կփորձենք վերաիմաստավորել ու փոխել կյանքն ինչ-որ ձեւով։ Օրինակ, ինչ անում ենք բնության հետ, բացարձակ հանցագործություն է։ Միամտորեն մտածում ենք՝ եթե, ասենք, Անգլիայում պահպանում են բնությունը, իսկ Աֆրիկայում հերն անիծում, կարծում ենք, թե դա չի անդրադառնա մեզ վրա (նկատի ունի անտառների ոչնչացումը, հանքերի բարբարոսաբար օգտագործումը եւ այլն)։ Անկախ այն բանից՝ որտեղ է դա կատարվում, բնականաբար, ազդում է նաեւ մեզ վրա։ Մոլորակը մեծ տուն է եւ հնարավոր չէ տան մի անկյունում ապրել քաղաքակիրթ ձեւով, իսկ մյուս անկյունում՝ խոզավարի»։
Դիտարկմանը՝ այս օրերին շատ է հնչում այն միտքը, թե մտնում ենք նոր աշխարհ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Կարեւոր է, որ մենք ուզենանք գնալ նոր աշխարհ։ Ի վերջո, աշխարհը փոխվում է մարդու հետ միասին։ Պետք է հասկանալ, որ սպառողական վերաբերմունքը կյանքի հանդեպ ապագա չունի ու նման վերաբերմունքի պատճառով մարդկության ինքնակործանում է տեղի ունենում։ Պետք է գիտակցենք դա։ Կկարողանա՞նք ճիշտ ձեւով կազմակերպել մեր կյանքը, նվազագույն չափերի հասցնել բնությանը տված վնասը։ Չենք գիտակցի՝ կպատժվենք»։ Հիմա փաստորեն պատժվո՞ւմ ենք… Մեր զրուցակիցն ասաց. «Կարծում եմ՝ այո։ Բայց հասկացությունների փոփոխություն տեղի ունեցավ։ Տեսեք՝ բոլոր երկրներում կա պաշտպանության նախարարություն, բայց հիմա պարզվեց, որ մենք անպաշտպան ենք մի փոքր վիրուսի հանդեպ. ոչ սահմանները, ոչ սպառազինությունները չպաշտպանեցին մեզ կամ չկատարեցին իրենց դերը, քանի որ մենք գործում էինք իրարից անջատ, հաճախ էլ հակադրվելով՝ փորձել լուծել սեփական հարցերը։
Կարդացեք նաև
Շատ ու շատ երկրներում առողջապահության համակարգը չդիմացավ համաճարակի մեծ ծավալներին։ Դա հավանաբար գալիս է նրանից, որ առողջապահությունը սկսեց ընկալվել որպես բիզնես, այլ ոչ թե մարդկությանը վարակից պաշտպանելու անշահախնդիր ոլորտ»։ Հարցին՝ վերջերս շատ է խոսվում սպասվելիք տնտեսական հեղափոխության մասին, ի՞նչ եք կարծում՝ մշակույթի ոլորտո՞ւմ էլ սպասենք հեղափոխության, մեր զրուցակիցն ասաց. «Պատմությունը հետաքրքիր դասեր է տվել. միջնադարում ժանտախտից հետո եկավ Վերածննդի ժամանակաշրջանը։ Որտեղի՞ց եկավ, եկավ, որովհետեւ փոխվեց մտածողությունը։ Էն կաղապարները՝ կախարդներին այրել եւ այլն, իր դրական արդյունքը չտվեց։ Պարզվեց՝ արժեքային համակարգը ուրիշ տեղում է։ Գուցե մա՛րդն է ամենամեծ արժեքը։ Ես հուսով եմ, որ հիմա կկատարվի նման բան։ Մեր արժեքն էլ էր դարձել շատ սպառողական։ Մշակույթը սկսել էին չափել հանդիսատեսի քանակով, այլ ոչ թե բովանդակությամբ ու ձեւով։ Իսկ երբ ասում ենք տնտեսական հեղափոխություն, պետք է ասենք, թե դրա տակ ինչ ենք հասկանում։ Նույնը վերաբերում է մշակույթին՝ ինչ ենք դրա տակ հասկանում եւ որն է դրա օգուտը»։ Ռեպլիկին՝ ուրեմն սպասենք մշակութային հեղափոխության, ռեժիսորը նախ նշեց, թե կարծում է, որ ոչ թե պետք է սպասել, այլ իրագործել, հետո էլ հիշեց չինական մի առակ. աշակերտը հարցնում է ուսուցչին՝ երկա՞ր է պետք սպասել փոփոխությունների, ուսուցիչը պատասխանում է՝ եթե սպասես, ապա շա՜տ երկար։ «Փոփոխությունները իրենք իրենց չեն գալիս, փոփոխությունը մարդու ներքին պահանջն է, իսկ դա հնարավոր չէ փոխարինել արտաքին թելադրանքով»։ Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Ազգային ժողովում շուրջ 15 տարի «քնած»՝ «Թատրոնի մասին» օրենքին։ Պարոն Բաբայանը գտնում է, որ այդ օրենքը պարտադիր պետք է լինի. «Դա կարող է կոչվել «Կատարողական արվեստների մասին օրենք», «Թատերահամերգային կազմակերպությունների մասին օրենք», թե, ասենք՝ մշակութային կազմակերպությունների մասին օրենք, բայց պետք է լինի, քանի որ ՊՈԱԿ-ի մասին օրենքը մշակույթի ոլորտը կանգնեցրել է փակուղու առջեւ։ Օրենքի վրա աշխատելիս իրավաբանները պետք է համագործակցեն արվեստագետների հետ»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.04.2020