Լրահոս
Օրվա լրահոսը

Եզդիական նոր տարին առանց Միրզա Սլոյանի

Ապրիլ 22,2020 13:00

Աշխարհի եզդիները տոնում են իրենց նոր տարին, որը  նշվում է որպես Տաուսե Մալակի եւ յոթ հրեշտակների տոն։ Հենց նրանց նվիրված տաճար կառուցեց եզդի ժողովրդի արժանավոր զավակ Միրզա Սլոյանը՝ Արմավիրի մարզի Ակնալճի եզդիական սրբատեղիում՝ Զիարատում։ Անցած տարի սեպտեմբերի 29-ին տասնյակ հազարավոր մարդկանց ներկայությամբ տեղի ունեցավ  իր տեսակի մեջ՝ ավելի քան 30 մետր թռիչք ունեցող մարմարակերտ տաճարի օծումը։ Տաճարի օծումից հետո՝ ընդամենը  մեկ ամիս անց իր մահկանացուն կնքեց տաճարի կառուցման գաղափարի հեղինակ ու հովանավոր Միրզա Սլոյանը։ Ակնալճի սրբատեղիում առաջին՝ Սըլթանը Էզդիի տաճարը կառուցելուց հետո, Միրզան պարբերաբար պատմում էր Տաուսե Մալակի եւ յոթ հրեշտակների մասին, երազում, որ մի օր էլ  նրանց նվիրված կառույց ունենան իրենց սրբատեղիում։ «Տաուսե Մալակի տոնը մեր հիմնական տոնն է եւ պատկերացրեք, որ այն նշվում է մարմարակերտ տաճարում»,- ասում էր Միրզա Սլոյանը ու առաջարկում մի քիչ առաջ գնալ սրբատեղիի տարածքով եւ կանգ առնել ապագա տաճարի տեղում։ Նա ասում էր, որ դա կլինի իր երազանքի տաճարը, քանի որ Հայաստանի եզդիները հնարավորություն կունենան հենց Տաուսե Մալակի տաճարում տոնել նոր տարին։ Այս մտահղացում-գաղափարը երկար ճանապարհ պիտի անցներ, քանի որ ամեն ինչ բարդ էր ու դժվար՝ նախագծից սկսած, կառուցումով ավարտած։ Այս կառույցի հետ կապված հրաշք պիտի գործեր ճարտարապետ Արտակ Ղուլյանը, որը Միրզա Սլոյանի հետ անընդհատ փոփոխություններ պիտի կատարեր նախագծում, անգամ շինարարության ընթացքում։ Իսկ շինարարներն էլ իրենց հերթին Համլետ Պողոսյանի գլխավորությամբ իրենց հրաշքը պիտի կատարեին՝ դարձյալ բազմաթիվ փոփոխություններ կատարելով կառուցապատման մեջ։ Ինչպես եւ սպասելի էր, տաճարի կառուցման հետ կապված բոլոր հարթակներում հենց Միրզա Սլոյանն էր, ով ոչինչ չէր խնայում. առաջին հերթին իրեն ու իր առողջությունը։ Իսկ այն  ծառայեց իր տիրոջը մինչեւ կառուցվեց նրա երազանքի տաճարը։

Տաճարի օծումից հետո էր, նստած էր բեմի վրա, ուր շարունակվում էր  սրբատեղիի տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումը եւ ինքն էլ պատրաստվում էր իր ելույթին։ Բազմանշանակ նայելով աչքերիս՝ ասաց, որ  գալիք եզդիական նոր տարին  կուզենար իր ժողովրդի հետ նշել Տաուսե Մալակի եւ յոթ հրեշտակների նորակառույց տաճարում։ «Ուրախ եմ, որ իմ ժողովուրդը իր հայ բարեկամների հետ ամեն տարի գալու է այստեղ, ոգեկոչելու է իր ազգային արմատները, ամփոփելու է հին տարին, իր աղոթքն է բարձրացնելու առ բարձրյալ եւ հավատով լցված գնալու է դեպի հաջորդ տարին»,-ասաց Միրզա Սլոյանը։

Ինձ իմ եզդի բարեկամները տեղեկացրին, որ իրենք պահպանում են հատուկ դրության  պահանջները, հակառակ դեպքում սրբատեղի կայցելեին բազմահազար եզդիներ՝ նոր տարին ոգեկոչելու Միրզա Սլոյանի կառուցած մարմարակերտ ու իր նմանը չունեցող տաճարում։ Համավարակը մեկ տարով հետաձգեց Միրզա Սլոյանի ցանկություն-երազանքը, բայց ավելի քան վստահ ենք, որ 2021 թվականի  ապրիլին եզդիական նոր տարին կնշվի այս տաճարում որպես չարիքները հաղթահարելու եւ միայն հաջողություններ բերելու տարի։ Մանավանդ տաճարի հարեւանությամբ իր հավերժական հանգիստն է գտել իր գործունեությամբ ու թողած հետքով դեպի հավերժություն գնացած հայ ժողովրդի լավագույն բարեկամ Միրզա Սլոյանը։

Ինձ մնում է իմ հավերժ բարեկամին, նրա տիկնոջը՝ Զինային, զավակներին, թոռներին, եզդի ժողովրդին շնորհավորել նոր տարվա առթիվ, միայն հաջողություններ մաղթել, առաջընթաց ու զարգացում ցանկանալ Արմավիրի Ակնալճի սրբատեղիում Միրզա Սլոյանի կիսատ թողած գործերի շարունակում, մասնավորապես թանգարանի կառուցում, որը կներկայացնի եզդի ժողովրդին ու նրա արժանավոր զավակներին։ Այստեղ այցելած մարդը՝ ծանոթ, թե անծանոթ, հնարավորություն կունենա «Հայ-եզդիական բարեկամության» հուշահամալիրով ու երկու հոգեւոր տաճարներով անցնելով, Միրզա Սլոյանին իր հարգանքի տուրքը մատուցելով, իր տեսածը, ընկալածը ամփոփելով՝ խոր հարգանքով լցվել եզդի ժողովրդի անցյալի ու ներկայի նկատմամբ։ Այսպիսին էր Միրզա Սլոյանի սրբատեղին, որը գտնվում է Մասիսների հայացքի ներքո, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հարեւանությամբ, Արագածից փչող քամիների զովության ներքո եւ իհարկե՝ ոչ այնքան հեռու սուրբ Լալըշից։

Սերգո ԵՐԻՑՅԱՆ

«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ,

բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ
21
.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել