Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա վերադարձ է 1997 թ․ բանակցային տրամաբանությանը, որը նշանակում է ողջ հայության պատմական հաղթանակի արդյունքների չեղարկում». «Ազգային օրակարգ»

Ապրիլ 22,2020 16:04

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը, հետևելով արցախյան հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարարի և ՌԴ ԱԳ նախարարի կողմից ս․թ․ ապրիլի 21-ին կատարած փոխկապակցված հայտարարություններին, արձանագրում է հետևյալը՝

ա) ՀՀ գործող կառավարությունը, ներգրավված լինելով արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում՝ փաստացի թույլ է տվել ներքաշել իրեն այսպես կոչված «փուլային կարգավորման» տարբերակի քննարկումների մեջ, որը ենթադրում է Արցախի հանրապետության տարածքների զգալի մասի հանձնում Ադրբեջանին՝ անվտանգության անորոշ երաշխիքների և Արցախի նույնքան անորոշ միջանկյալ կարգավիճակի դիմաց, ուղղակիորեն վտանգելով Արցախի փաստացի կայացած անկախ պետականությունը և տարածքային ամբողջականությունը։ Սա վերադարձ է 1997 թ․ բանակցային տրամաբանությանը, որը նշանակում է ողջ հայության պատմական հաղթանակի արդյունքների չեղարկում, և որպես այդպիսին, արդեն իսկ միարժեքորեն մերժվել է մեր ժողովրդի կողմից։

ա) ՀՀ իշխանությունների կողմից որդեգրած հեղհեղուկ բանակցային մոտեցումները և թույլ տված ռազմաքաղաքական բացթողումները հնարավորություն են տվել ադրբեջանական կողմին վերջին մեկ տարվա ընթացքում էլ ավելի կարծրացնել իր դիրքորոշումը։ Դրան ավելացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մի շարք առանցքային երկրների հետ երկկողմ հարաբերություններում առաջընթացի բացակայությունը, ինչը հանգեցրել է նրանց կողմից վերջին շրջանում ադրբեջանական կողմի դիրքորոշման ընդգծված աջակցության, և հայկական կողմի աստիճանական մեկուսացման բանակցային գործընթացում։

գ) Միաժամանակ, ՀՀ իշխանությունների կողմից երկրի ներսում տարված բաժանարար գծերը, քաղաքական մրցակիցների դեմ իրականացվող անդադար ատելության քարոզը, առանց ապագային միտված հստակ լուծումների առաջադրման հասարակության տարբեր հատվածներին իրար դեմ պարբերաբար տրամադրելու գործելաոճը, բերում է հայ ժողովրդի հավաքական դիմադրողականության թուլացման և նրա հսկայական ներուժի վատնման՝ չդադարող ներքաղաքական հակամարտության ֆոնի վրա։

Հաշվի առնելով վերոնշյալը և վերահաստատելով նախկինում հայտնած իր դիրքորոշումը, «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտարարում է՝

1) Հայաստանի հանրապետության բանակցային ռազմավարության նպատակը Արցախի հանրապետության միջազգային ճանաչման ապահովումն է և նրա տարածքային ամբողջականության պահպանումը՝ հեռանկարում ունենալով երկու հայկական հանրապետությունների միավորումը մեկ միասնական պետության մեջ։ Բանակցությունների շարունակումը՝ փուլային կարգավորման սկզբունքների հիման վրա հակասում է այս նպատակին, և Հայաստանի հանրապետությունը պետք է վճռականորեն հրաժարվի դրանցից։

2) Բանակցությունների գործընթացում առկա ճնշումների շարունակման պարագայում, Հայաստանի հանրապետությունը կարող է նաև առաջիկայում որպես իրատեսական այլընտրանք դիտարկել Արցախի հանրապետության անկախության միակողմանի ճանաչման հնարավորությունը, և բանակցությունները շարունակել արդեն այդ մեկնակետից։

3) Հայաստանի և Արցախի հանրապետությունների իշխանությունները, պահպանվող պատերազմի վտանգի, համավարակով պայմանավորված համաշխարհային ճգնաժամի, և ադրբեջանական կողմի ակնհայտ ռազմատենչ դիրքորոշման պայմաններում՝ պետք է սկսեն պատրաստել պետությունը և բնակչությանը երկրի ակտիվ պաշտպանությանը։

«Ազգային օրակարգ» կուսակցությունը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, պատրաստ է իր համակողմանի աջակցությունը բերել Հայաստանի և Արցախի հանրապետություններում վերը նշված նպատակները իրականություն դարձնելու գործում։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով արտաքին վտանգի ահագնացումը, կուսակցությունը իրավունք է վերապահում Հայաստանի հանրապետության գործող իշխանությունների կողմից մեր ազգային շահերը վտանգող քաղաքական ուղեգիծը շարունակելու դեպքում, պահանջել նրանց հրաժարականը, և նախաձեռնել ազգային համաձայնության այնպիսի իշխանության ձևավորումը, որն ընդունակ կլինի արդյունավետ դիմագրավել արցախյան հակամարտության և համաշխարհային ճգնաժամի համատեքստում սրվող բազմաթիվ մարտահրավերներին։

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930