Լրահոս
Օրվա լրահոսը

Դմիտրի Շոստակովիչի երեք կանայք եւ կախարդական երաժշտությունը

Ապրիլ 22,2020 12:30

Փաստեր՝ անվանի կոմպոզիտորի անձնական կյանքից

Հանրահայտ կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը հիանալի անձնավորություն է եղել: Նա ապրում էր իր աշխարհում, ու թեեւ տանել չէր կարողանում մեկուսացումը, բայց նաեւ դեմ էր պատահական կապերին:  Kulturologia.ru-ն արվեստագետին վերաբերող հետաքրքիր դրվագների է անդրադարձել:

Նշվում է, որ կոմպոզիտորի առաջին ամուսնությունը բավականին բարեհաջող էր, սակայն նրա տիկինը՝ Նինա Վարզարը, կյանքից հեռացել է 1954 թվականին: Երկրորդ կնոջ հետ Շոստակովիչը երկար չի ապրել: Ժամանակակիցները միանշանակ չեն  վերաբերվել  նրա երրորդ ամուսնությանը, սակայն կոմպոզիտորը չի թաքցրել իր երջանիկ լինելը:

Առաջին անգամ կոմպոզիտորը սիրահարվել է երիտասարդ  տարիքում, բայց չի համարձակվել առաջարկություն  անել Տատյանա Գլիվենկոյին: Ի վերջո աղջիկը հոգնել է սպասելուց եւ ուրիշի հետ ամուսնացել: Անգամ ուրիշի հետ ամուսնանալու մտադրությունից հետո Շոստակովիչը չի կանգնեցրել Տատյանային, եւ  սիրո մասին խոսել է միայն այն ժամանակ, երբ  Տատյանան երեխայի էր սպասում, հետեւաբար  մերժել է կոմպոզիտորին:

Իր առաջին կնոջ՝ Նինա Վարզարի հետ կոմպոզիտորն ապրել է քսան տարի: Նինան աստղաֆիզիկոս էր, սակայն ամուսնու եւ երեխաների համար նա թողել էր իր սիրելի աշխատանքը, զոհաբերել կարիերան, որպեսզի ողջ ժամանակը նվիրի ընտանիքին: Նինան Շոստակովիչին շրջապատել էր հոգատարությամբ, ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի նա ստեղծագործի ու շրջապատված լինի հոգատարությամբ: Շոստակովիչի կինն անգամ դադարել էր դաշնամուր նվագել, որովհետեւ գիտեր, որ Դմիտրի Դմիտրիեւիչը չի սիրում դիլետանտ կատարումներ:

Կնոջ մահից հետո Շոստակովիչն իրեն միայնակ էր զգում, կարծում էր, որ չի կարողանա ապրել: Երկու տարի անց հանդիպում է կոմերիտմիության կենտկոմի ներկայացուցիչ Մարգարիտա Կայնովային, հույս ունենալով, որ նա լավ մայր կդառնա իր զավակների համար: Ամուսնությունը երկար չձգվեց, որովհետեւ Մարգարիտայի հետ արվեստագետը չհանդիպեց այն ջերմությանը, որը տեսել էր առաջին կնոջ ժամանակ:

Դմիտրի Շոստակովիչի ու  Իրինա Սուպինսկայայի ծանոթությունը տեւեց վեց տարի: Երբ աղջիկն ընդունեց կոմպոզիտորի առաջարկությունը, այդ ժամանակ 27 տարեկան էր, իսկ Շոստակովիչը՝  56: Բանասիրության ֆակուլտետն ավարտած Իրինան աշխատում էր «Սովետական  կոմպոզիտոր» թերթի խմբագրությունում, եւ խմբագրում էր Շոստակովիչի «Մոսկվա, Չերյոմուշկի»  օպերետի լիբրետոն: Նրանց իրական ծանոթությունը կայացավ Կոմպոզիտորների միության պլենումի համերգին, որից հետո կոմպոզիտորն Իրինային ուղեկցեց մինչեւ տուն: Որոշ ժամանակ անց աղջիկը տեղեկանում է, որ կոմպոզիտորը հայտնվել է հիվանդանոցում՝ ոտքը կոտրելու պատճառով: Նա անընդհատ այցելում էր Շոստակովիչին: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կոմպոզիտորը Իրինային իր տուն է հրավիրում եւ ամուսնության առաջարկ անում, որը մերժվում է: Իրինային «խրտնեցնում» էր այն միտքը, որ ինքը կոմպոզիտորի երեխաների տարիքին է: Նաեւ չէր ցանկանում, որ մտածեն, թե ամուսնացել է անվանի ու ապահովված կոմպոզիտորի հետ՝ լավ կյանքի համար: Իրինան ամուսնանում է ուրիշի հետ: Մեկ տարի անց պատահական մի հանդիպման ժամանակ Դմիտրի Շոստակովիչը համոզվում է, որ Իրինան իրեն իսկապես սիրում է եւ նրա առաջ պայման է դնում՝ կամ նա հեռանում է ամուսնուց ու վերադառնում իր մոտ, կամ այլեւս չեն հանդիպում:

1962թ. Դմիտրի Շոստակովիչն ու Իրինա Սուպինսկայան ամուսնացան, կոմպոզիտորը նրան ներկայացրեց իր բոլոր հարազատներին ու ընկերներին: Իրինային նա անվանում էր «անցյալով աղջիկ»՝ նկատի ունենալով, որ ծանր կյանք է ունեցել, փոքր  ժամանակ կորցրել է ծնողներին, հայտնվել մանկատանը: Կոմպոզիտորի զավակներն ամեն ինչում աջակցում էին հորը, որովհետեւ  Շոստակովիչը վատառողջ էր, վատ էր շարժում ձախ ձեռքը, բժիշկները  կանխատեսել էին, որ կաթվածի պատճառով կանշարժանան նաեւ մարմնի մյուս մասերը: Ամուսնության գրանցման ժամանակ Իրինան արդեն գիտեր այս մասին, բայց դա նրան հետ չպահեց ամուսնանալու մտքից: Նա մինչեւ  վերջ հոգատարությամբ խնամում էր Շոստակովիչին:

1973-ին Իրինա Անտոնովնան ամուսնուն ուղեկցեց ԱՄՆ հետազոտության, սակայն այստեղ եւս բժիշկները չկարողացան օգնել նրանց: Ավելի ուշ կոմպոզիտորի մոտ ձախ թոքի քաղցկեղ ախտորոշվեց:

1975-ին կոմպոզիտորը կրկին հայտնվեց հիվանդանոցում, նա համարյա անշարժացած էր: Դուրս գրվելուց հետո Շոստակովիչը փորձեց ավարտել Ալտի եւ դաշնամուրի համար  իր սոնատը ու կրկին վերադարձավ հիվանդանոց: Օգոստոսի 9-ին նա ավանդեց հոգին: Իրինա Անտոնովնան ամուսնու մահից հետո էլ ծառայեց Շոստակովիչի երաժշտությանը: Նա Փարիզում հիմնադրել է Շոստակովիչի անվան միջազգային ասոցիացիա, երկար տարիներ զբաղվել աշխարհում նրա երաժշտությունը  քարոզելով:

Դեռեւս  1938-ին Դմիտրի Շոստակովիչը գրել էր «Լիրիկական վալսը», որը 1987-ին կատարեց Մստիսլավ Ռոստրոպովիչը, սակայն այն տարիներին դա աննկատ մնաց: 1994թ. այն ժամանակ դեռեւս ոչ հայտնի  դիրիժոր եւ ջութակահար Անդրե Ռիուն  հչակեց այդ վալսով իրեն՝ աշխարհի հինգ մայրցամաքներում:

 Պատրաստեց

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
21
.04.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930