Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղրի մասին

Ապրիլ 21,2020 23:45

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձին նախորդող չնախատեսված կադրերի հրապարակումը լայն քննարկումների առարկա դարձավ։ Թե պետական, թե իշխանական, թե ընդդիմադիր, այդ թվում նաև իմ կողմից հարգված գործիչներ, անընդունելի են համարում և խիստ քննադատում երկրի ղեկավարին ուղղված ցանկացած ծաղրական վերաբերմունք, մոտավորապես այսպես․ «Իհարկե, կարող ես ընդունել կամ չընդունել պետության ղեկավարին, բայց անընդունելի է նրա ծաղրելը»։

Այսպես, նման մտքեր հայտնողները ներքուստ համոզված են, որ ժողովրդավարական, քաղաքակիրթ երկրներում ընդունված չէ պետության ղեկավարին ծաղրելը, չէ՞ որ այդ երկրներում հասարակությունը պետական մտածողություն ունի, բարեկիրթ է և այլն։Իրականում սույն գործիչները նույնացնում են պետություն և իշխանություն հասկացողությունները։ Այո, ժողովրդավարական, քաղաքակիրթ երկրներում հանրությունը որպես կանոն նվիրված է իր պետությանը, բայց ոչ օրվա իշխանությանը։ Օրվա իշխանությանը ոչ միայն քննադատում են, այլև անխնա ծաղրում։ Բազմաթիվ և բազմապիսի օրինակներ կարելի է բերել, հատկապես ֆրանսիական մշակույթում։ Իսկ երկրի ղեկավարին ծաղրելը մահացու հանցագործություն է համարվում հենց բռնապետական երկրներում։ Մենք, մի կողմից մեզ համարում ենք առաջադեմ, ժողովրդավարական արժեքներ դավանող հասարակություն, մյուս կողմից, մեր մտածողությունը, ներեցեք՝ հպատակային է։

Այս առիթով բերեմ մեկ օրինակ․

1968թ․ «Պրահյան  գարուն» կոչվող հեղափոխության կարճատև ժամանակահատվածում Չեխոսլովակիայում սկսեցին հրատարակվել բազմաթիվ, գրաքննությունից ազատ թերթեր։ Չեխոսլովակիայի կոմկուսի առաջին քարտուղար, ազատական բարեփոխումների հեղինակ Ալեքսանդր Դուբչեկի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ լրագրողները նրա առջև են դնում այդ թերթերից մեկում հրապարակված ծաղրանկարը։

Ծաղրանկարում Դուբչեկը պատկերված էր շան կերպարանքով լափ ուտելիս։Լրագրողը հարցնում է․

-Պարոն Դուբչեկ, տեսնու՞մ եք, թե ինչ է բերել ազատությունը։ Արդյոք սա ձեզ դու՞ր է գալիս։

-Որպես Ալեքսանդր Դուբչեկ ղեկավար՝ ոչ, բայց որպես Ալեքսանդր Դուբչեկ քաղաքացի՝ այո։ Եվ մենք քաղաքացիներս հենց այդ ազատության համար ենք իրականացնում բարեփոխումները։

Հ․Գ․ Իսկ այդ կապակցությամբ դավադիրներ փնտրելն ու Հ1-ում պաշտոնանկությունները հենց գավառական մտածողության արդյունք է։

Ավետիք Իշխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930