Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս են հայտնել, որ գլոբալ համավարակի դեմ նշմարվող վճռական պայքարը կրեատիվ և կառուցողական խթան կհանդիսանա նաև Արցախի հիմնախնդրի խաղաղ գործընթացի վրա: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ, որը տարածվել է ապրիլի 21-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսից հետո:
Հաղորդագրության համաձայն` կողմերը քննարկել են առողջապահական գլոբալ ճգնաժամի ազդեցությունը տարածաշրջանի վրա և վերջին զարգացումները, ինչպես նաև անդրադարձել են արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերին` համաձայն 2020թ. հունվարի 30-ին Ժնևում արված համատեղ հայտարարության:
«Կողմերն ընդունել են, որ COVID-19 համավարակով պայմանավորված իրավիճակի պատճառով հետաձգվել են նախկինում համաձայնեցված մարդասիրական օգնության միջոցառումները: Չեղարկվել են նաև Ժնևում համաձայնեցված նախարարների հանդիպումները դեմ առ դեմ ձևաչափով և համանախագահների այցելությունները տարածաշրջան: Այնուամենանիվ, շարունակվում է աշխատանքն այս ուղղությամբ:
Համանախագահներն ընդգծել են հրադադարի ռեժիմի պահպանման կարևորությունը և կոչ են արել ստեղծված իրավիճակում զերծ մնալ սադրիչ գործողություններից, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել` հետագա լարվածությունը թուլացնելու համար», -ասվում է հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Համանախագահները շնորհակալություն են հայտնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին` շարունակական աշխատանքի համար և ընդգծել են մշտադիտարկումները հնարավորինս արագ վերսկսելու անհրաժեշտությունը: Նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պայմանավորվել են սերտ կապի մեջ մնալ և որքան հնարավոր է շուտ շարունակել բանակցությունները:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ