«Դոն Պիպո» մականունով հայտնի Արթուր Ասատրյանը չի ընդունում իրեն առաջադրված նոր մեղադրանքը: Այս մասին Aravot.am-ին ասաց Ասատրյանի պաշտպան՝ փաստաբան Մկրտիչ Վասակյանը:
Դոն Պիպոյի մեղադրանքն առաջադրվել է ՀՀ ՔՕ 322-րդ հոդվածով (ինքնիրավչության)։
«Բաջանաղի հետ է կապված խնդիրը, մոտ մեկ միլիոն 300.000 դոլարի հափշտակության մասին է խոսքը, դրա վերաբերյալ ևս նախաքննություն է ընթանում, այդ գործով Արթուր Ասատրյանը և նրա հայրը՝ Օնիկ Ասատրյանը տուժող են ճանաչվել»,- ասաց Մկրտիչ Վասակյանը:
Փաստաբանի խոսքով, ենթադրյալ ինքնիրավչությունը խաղողի այգիներում կատարված բերքահավաքն է. «Օրինական կարգով լիազորագիր է ունեցել խաղողի բերքահավաք կատարելու, բացի այդ՝ Արթուր Ասատրյանն այն ժամանակ պայմանագիր կապեց, 200 աշխատողի վարձատրեց, լրիվ օրինական կարգով բերքահավաք եղավ, բայց, չգիտես ինչու, մարդիկ փոշմանեցին, ոստիկանությունում հաղորդում ներկայացրին, որ իբր ինքնիրավչություն է եղել, մարդիկ գնացել են, առանց իրենց տեղյակ պահելու բերք են հավաքում»:
Կարդացեք նաև
Փաստաբանը Դոն Պիպոյին առաջադրված մեղադրանքը համարում է անհիմն, բայց նախաքննության շահերից ելնելով՝ գործի մանրամասներ դեռ չի հրապարակել:
Արթուր Ասատրյանին առաջադրված մեկ այլ մեղադրանք կա, այս գործով դատաքննություն է ընթանում:
Այդ գործով Արթուր Ասատրյանը մեղադրվում է 2017թ. մայիսի 20-ին նախնական համաձայնությամբ գործող մի խումբ անձանց ներգրավմամբ՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ երեք անձանց՝ Վազգեն Ղազախեցյանի, Արտակ Այվազյանի եւ Արկադի Քոչինյանի առեւանգումը կազմակերպելու եւ ղեկավարելու համար, որը զուգորդվել է վերջին երկուսի առողջության համար վտանգավոր բռնության գործադրմամբ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ