Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյան. Մոտ ապագայում մենք ավելի շատ «պետական կառավարման համակարգի մաքրման» օրինակների ականատես կլինենք

Ապրիլ 21,2020 22:25

Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վարչության նիստ էր հրավիրել։ Նիստի ավարտից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հարցերին չպատասխանեց։

ԱԺ պատգամավոր, կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանից լրագրողները խնդրեցին անդրադառնալ Փաշինյանի հայտարարությանը, թե «պետական կառավարման համակարգը Սերժի մնացորդներից պետք է մաքրել»։ Եվ հետաքրքրվեցին, թե արդյոք այդ հարցը քննարկվել է կուսակցության վարչության նիստի ընթացքում։

Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Այն, ինչ մասին խոսում եք, ակնհայտ է։ Դրա մասին խոսում է ոչ միայն վարչապետը, այլ նաև դրա մասին խոսում են շատ ու շատ մեր համաքաղաքացիներ։ Բոլորս գիտենք, բոլորս լսում ենք, այն ազդակները լսում ենք, որ տարբեր տեղերից գալիս են։ Եվ ինչպես վարչապետը ասաց, երկու տարին, կարծում եմ, բավարար ժամկետ է, թեև ամեն ինչ արվել է հընթացս նաև խնդիրներ լուծել, և շատ-շատ խնդիրներ լուծվել են, որի մասին չի խոսվում՝ հասկանալի պատճառներով, որովհետև մեդիադաշտը զբաղված է մեկ այլ գործունեությամբ։ Մեդիադաշտի 90 տոկոսը այսօր զբաղված է գումար աշխատելով և հետաքրքիր վերնագիր հնարելու և տեղադրելու հարցով։ Դրա համար դրա մասին շատ չի խոսում։ Բայց մնացածի հետ կապված, չեմ կարծում, որ վարչապետը նոր բան է ասել։ Այդ ամեն ինչը բոլորը շատ լավ գիտեն»։

Մեկ այլ հարցին, թե հանրությունը ե՞րբ ականատես կլինի այդ գործընթացին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Մաքրման գործընթացը անընդհատ ընթանում է։ Այն քրեական գործերը, այն հետախուզության մեջ գտնվող անձինք, այն ամենը ինչ, որ դուք հաղորդում եք վառ ապացույցն են։ Կարծում եմ՝ մոտ ապագայում մենք ավելի շատ նման օրինակների ականատես կլինենք»։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե արդյոք նա մոնիթորինգ է անցկացրե՞լ, որ հայտարարում է մեդիադաշտի 90 տոկոսը այսօր զբաղված է գումար աշխատելով։ Ալեն Սիմոնյանը արձագանքեց. «Եթե հիմա ուզում եք հիմա ինձ հետ վիճաբանության մեջ մտնել՝ դա 90-ն է, 70-ն է, թե՞ 95-ն է, մենք այդ հարցում ոչինչի չենք հասնի։ Մենք բոլորս շատ լավ գիտենք, որ մեդիադաշտի մի ստվար զանգված պատկանում է նախկին իշխանություններին, գիտենք, թե ինչ թվերով ինչ վաճառքներ են տեղի ունենում։ Եվ տեսնում ենք ոչ միայն մենք, այլ նաև մեր համաքաղաքացիները։ Եվ կարծում եմ, նման քննարկման մեջ մտնելը անշնորհակալ գործ է, որովհետև յուրաքանչյուր անձ, որ կասի կամ յուրաքանչյուր լրատվամիջոց, որ կասի, որ այսօր լրատվական դաշտում զետեղված ինֆորմացիայի գոնե 50 տոկոսը խեղաթյուրված չէ, կոնտեքստից կտրված չէ, կհայտնվի շատ վատ վիճակում, որովհետև ցավոք սրտի, դա այդպես է»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930