«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը», որում Հայաստանը զբաղեցրել է 61-րդ հորիզոնականը աշխարհի 180 պետությունների շարքում:
«Բազմազան, բայց դեռևս ոչ անկախ» խորագրով Հայաստանին վերաբերող հատվածում զեկույցի հեղինակները փաստում են, որ մեր երկրում ծաղկում է մեդիա բազմազանությունը, միևնույն ժամանակ 2018թ. գարնանը թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված կառավարությունը չի կարողացել թուլացնել մամուլի բևեռացվածությունը: Նշվում է, որ Հայաստանում եթեր հեռարձակվող հիմնական հեռուստաալիքների խմբագրական քաղաքականությունը բխում է սեփականատերերի շահերից, ուստի դեռ անելիքների կան լրագրողական թափանցիկության և անկախության հասնելու համար:
«Մտահոգություններ կան` կապված լրագրողների դեմ դատական գործընթացների և կեղծ լուրերի դեմ կամայական պայքարի հետ: Հատուկ ծառայությունների ներգրավվածությունը ապատեղեկատվության դեմ պայքարում, որոնք ուղեկցվում են սոցիալական ցանցերի օգտատերերի ձերբակալություններով և առանց քաղաքացիական հասարակության և լրագրողների հետ նախապես քննարկելու օրենքներն ընդունելու փորձերով, ևս անհանգստացնող են: Այդուհանդերձ, առցանց բարգավաճում է հետաքննող լրագրությունը, ինչը կարևոր դեր է խաղում կոռուպցիայի դեմ համազգային պայքարի գործում»,- ասված է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցում:
Նշենք, որ Հայաստանի հարևաններից Վրաստանը զբաղեցրել է 60-րդ տեղը, իսկ Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը և գտնվում են համապատասխանաբար 149-րդ, 154-րդ, 168-րդ և 173-րդ տեղերում: «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում» առաջատարներն են Նորվեգիան, Ֆինլանդիան և Դանիան:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ