«Չնայած կորոնավիրուսն այս յուրահատուկ պայմաններում սահմանափակել է մեր հնարավորությունները անհատականորեն, ֆիզիկապես մասնակցել Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված բազում միջոցառումների ՀՀ-ում և սփյուռքում, բայց մենք ջանք չենք խնայել մի ձևաչափ որդեգրել, որը հնարավորություն կտա բարոյական մասնակցության»,- ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրեց՝ հաշվի առնելով անվտանգային հարցերը՝ որոշում է կայացվել, որ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր մուտքը փակ է լինելու:
Ըստ Զարեհ Սինանյանի՝ սա եզակի հնարավորություն է, որ բոլորս կարողանանք «ներկա գտնվել» ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում և հավելեց. «Երկար ժամանակ Երևանի ու Հայաստանի քնելուց հետո սփյուռքը՝ համենայն դեպս սփյուռքի արևմտյան կողմը, հնարավորություն կունենա ապրիլի 24-ին բարոյապես ներկա լինել Երևանում, իրենց մասնակցությունը բերել, իրենց անունը կարտացոլվի Ծիծեռնակաբերդի սյուների վրա, և դրանով այս տարի յուրահատուկ կերպով ոգեկոչենք մեր բոլորի մասնակցությունը Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներին»:
Զարեհ Սինանյանի փաստմամբ՝ սփյուռքի մեր հայրենակիցները սովոր են լայնամասշտաբ գործողությունների, որոնց միջոցով կարողանում են ցեղասպանության փաստը հասանելի դարձնել լայն բնակչության շերտերին՝ ոչ հայ և քաղաքական շրջանակներին ու վստահեցրեց. «Այս տարի էլ մենք կարող ենք այս ձևով ոգեկոչել: Շատ կարևոր է, որ բոլորս՝ մանավանդ ներառյալ սփյուռքն այս տարի մասնակցի բոլոր այս միջոցառումներին, ևս մեկ անգամ մեր միահամուռ ձայնը հնչեցնենք, և թող բոլորն իմանան, որ նույնիսկ կորոնավիրուսի պայմաններում Հայոց ցեղասպանության պահանջատիրության ձայնը չի լռելու, և մենք շարունակելու ենք պահանջել արդարություն, համամարդկային արժեքների հաղթանակ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ