«Armenia Travel» տուրիստական ընկերության զարգացման գծով տնօրեն Արմեն Գրիգորյանը, որը Aravot.am-ի հետ զրույցում մի շարք խնդիրներ թվարկեց՝ կառավարության կողմից, այս օրերին, բիզնեսին առաջարկվող ծրագրերի վերաբերյալ, անդրադարձավ նաեւ երրորդ ծրագրին, որի շահառուն են հանդիսանում նաեւ զբոսաշրջային ընկերությունները:
Հիշեցնենք, որ աջակցության այս ծրագրի թիրախը ՓՄՁ-ներն են, որոնց 2019 թվականի շրջանառությունը կազմել է նվազագույնը 24 միլիոն դրամ առավելագույնը՝ 500 միլիոն դրամ:
Ըստ պարոն Գրիգորյանի, ներգնա զբոսաշրջային ոլորտի մի շարք ընկերություններ, որոնք ներկայումս կորոնավիրուսի պատճառով ամենաշատ տուժածն են, չեն կարողանում օգտվել այդ ծրագրից, հենց այդ սահմանաչափի պատճառով. «Մեզ մոտ ներգնա զբոսաշրջային օպերատորները ընդամենը հարյուրն են կամ ավելի քիչ, որոնցից մոտ 20 ընկերությունը խոշոր են եւ 500 միլիոնից ավել շրջանառություն ունեն: Ես պարզ թվեր ասեմ՝ խոշոր զբոսաշրջային օպերատորը, ինչպես եւ մեր ընկերությունը, տարեկան 7-ից 12 հազար զբոսաշրջիկ են բերում Հայաստան:
Այս զբոսաշրջիկները, որոնց մենք բերում ենք, միջինում ծախսում են 1500-ից 2000 դոլար, այսինքն՝ այդքան գումար թողնում են Հայաստանում: Այդ գումարի մեջ մտնում է զբոսաշրջային փաթեթի գումարը, որը նախապես, բանկով փոխանցվում է, եւ այն գումարները, որոնք իրենք ծախսում են, օրինակ՝ խանութներում, թանգարաններում եւ այլ վայրերում, թեյավճարներ են թողնում եւ այլն: Եվ ստացվում է, որ մեկ ընկերության բերած 7-ից 12 հազար զբոսաշրջիկի՝ մեր երկրում թողած գումարները՝ 1500-ից 2000 դոլար, մոտավորապես 10 միլիոն դոլարից ավել գումար է կազմում: Այսինքն՝ ամեն մեկը տասը միլիոն դոլարի գումար է բերում երկիր եւ այսօր նրանք դուրս են մնացել ընդհանուր այդ աջակցությունից»:
Կարդացեք նաև
Արմեն Գրիգորյանի խոսքով, այս մասին էլ նամակով գրել են կառավարությանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ