Ապրիլի 21-ին, ժամը 13.50-ի սահմաններում, ոստիկանության Ճամբարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Վահան գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ 66-ամյա տղամարդուն սպանել են կացնով։ Տղամարդու դին հարևանի տանն էր, իսկ տանտերը չկար։ Ճամբարակի քրեական հետախույզները, համագործակցելով մարզային վարչության և տարածքային նախաքննական մարմնի ծառայողների հետ, փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ 62-ամյա տանտերն էր կացնով հարվածներ հասցրել իրեն հյուրընկալված հարևանին։ Վերջինս տեղում մահացել էր։ Ճամբարակի ոստիկանները, համագործակցելով Սևանի գործընկերների հետ, դեպքից ժամեր անց կասկածվողին հայտնաբերեցին Լճաշեն գյուղում և բերման ենթարկեցին բաժին։ Նրա խուզարկությամբ նռնակներ հայտնաբերվեցին։ Տղամարդը ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվել։ Հանցագործության գործիք կացինն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն