«Այս տարի Հայաստանը, հանդիսանալով ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ, ներկայացրել է հերթական բանաձևը, որն ամփոփում է նախորդ աշխատանքները և ուրվագծում աշխատանքների հաջորդ փուլը միջազգային հանրության համար»,-Aravot.am-ի հարցին՝ միջազգային գործընկերներից ի՞նչ ակնկալիքներ ունենք ապրիլի 24-ի հետ կապված՝ հայտարարություններ, բանաձևեր և այլն, այս առումով ի՞նչ աշխատանքներ են տարվել, ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նա նշեց, որ ներկայացված այդ բանաձևը հիմա հանձնաժողովի օրակարգում է և հայտնեց. «COVID –19-ի պատճառով ներկա պահին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի աշխատանքներն առկախված են, բայց երբ աշխատանքները վերականգնվեն, այդ գործընթացը կհասցվի իր ավարտին»:
Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ 2020-ին կանցկացվի Ցեղասպանության կանխարգելման գլոբալ 4-րդ ֆորումը և ամփոփեց. «Սա արդեն մշտական պլատֆորմ է միջազգային հանրության, փորձագիտական հասարակության ներուժը համախմբելու և միասին աշխատելու, այս ֆորումի շրջանակներում զարգացնելու այն հնարավոր գործիքակազմը, որը հնարավորություն է տալիս ազգային և միջազգային մակարդակներով իրականացնել այդ կանխարգելման գործընթացը»:
ՀՀ ԱԳ նախարարն ասաց, որ կանխարգելման օրակարգը ՀՀ արտաքին քաղաքականության մեջ արմատավորված է 1998 թվականից ի վեր, երբ առաջին անգամ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ նվիրված ցեղասպանության կոնվենցիայի 50-ամյակին:
Կարդացեք նաև
Այնուհետև վստահեցրեց. «Այդ շրջանից ի վեր հետևողականորեն ՀՀ-ն, մեր դիվանագիտական ներուժը ստեղծել է բավականին խորը, միջազգային օրակարգ, կանխարգելմանը նվիրված ցեղասպանության օրակարգ և մարդկության դեմ ոճիրների դեմ օրակարգ: ՀՀ ջանքերով շարունակական աշխատանք է տարվել ՄԱԿ-ի տարբեր մարմիններում՝ առաջին հերթին մարդու իրավունքների հանձնաժողովում և խորհրդում, որտեղ համապատասխան միջազգային գործիքների համալրումն է, այդ բանակցություններն ուղղված են եղել միջազգային հանրության կարողություններով կանխարգելելու ցեղասպանությունները»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ