Խորը վշտով հայտնում ենք, որ ապրիլի 21-ին կյանքից վաղաժամ հեռացավ ՀՀ պետական և քաղաքական գործիչ, դիվանագետ, դասախոս և գիտնական, մեր սիրելի գործընկեր Ռուբեն Շուգարյանը:
Պարոն Շուգարյանը մեծ ավանդ է ունեցել ՀՀ դիվանագիտական ծառայության համակարգի կայացման գործում: Դիվանագետի բազմամյա գործունեության ընթացքում նա իր մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, նվիրվածությամբ և մարդկային որակներով կարողացել է լավագույնս ներկայացնել Հայաստանի ազգային շահերը և առաջ մղել ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունները: Դրա արդյունքն են եղել ԱՄՆ-ի, եվրոպական մի շարք երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման և մի շարք այլ ուղղություններով գրանցված ձեռքբերումները:
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում պարոն Շուգարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը: Նոր լուսավոր մարդկային և փայլուն դիվանագետի կերպարը մշտապես վառ կմնան մեր հիշողություններում:
Ռուբեն Շուգարյանի կենսագրությունը
Կարդացեք նաև
Ծնվել է 1962թ․ հոկտեմբերի 19-ին, Մոսկվայում: 1980-1985թթ․ սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում, իսկ 1985-1989թթ․ Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ Հայաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտից ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան (համաշխարհային պատմություն և միջազգային հարաբերություններ)։
1985-1990թթ․ դասախոսել է Երևանի պոլիտեխնիկական համալսարանում, 1990-1991թթ․ աշխատել է որպես ՀԽՍՀ Գերագույն խորհրդի արտաքին գործերի փորձագիտական հանձնաժողովի ավագ փորձագետ-խորհրդատու:
1991-1993թթ․ եղել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար և արտաքին կապերի գծով օգնական:
1993-1999թթ․ զբաղեցրել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը:
1999-2005թթ․ եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:
2005-2008թթ․ զբաղեցրել է Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում որպես ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի (նստավայր՝ Հռոմ) պաշտոնը:
2008թ-ից սկսած դասավանդում էր Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում՝ որպես հրավիրյալ դասախոս և գիտնական:
ՀՀ ԱԳՆ