«Նախորդ տարվա համեմատ՝ աշնանացանի հացահատիկային ցանքատարածություններն ավելացել են մոտ 6000 հեկտարով: Իսկ գարնանացանի մշակաբույսերից արդեն ցանել ենք մոտ տասը հազար հեկտար, աշխատանքները շարունակվում են: Այս տարվա մեր ծրագրի մեջ է մտնում ծավալն ավելացնելը»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Արցախի գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը:
Նա տեղեկացրեց, որ բուսաբուծության ոլորտում աջակցության ծրագրեր են առաջարկում հողօգտագործողներին. «Սերմերի տրամադրմանը զուգահեռ՝ տրվում են նաեւ հանքային պարարտանյութեր, իսկ դաշտավարության ոլորտում աջակցում ենք բանջարաբուծությամբ եւ ծխախոտի արտադրությամբ զբաղվողներին: Այգեգործության համար գարնանային նռան տնկիներ ենք տրամադրում այս պահին: Աշնանը եւս պտղատեսակների տնկիներ կտրամադրենք, եթե գյուղացին կունենա նվազագույնը կես հեկտար տարածք»:
Ինչ վերաբերում է հարցին, թե կորոնավիրուսի տարածման համատեքստում պարենային անվտանգության տեսանկյունից ինչ աշխատանքներ են կատարվում, Ավետիսյանը նշեց, որ բանջարաբուծության ոլորտում եւս չորս աջակցության ծրագիր են ավելացրել. «Խառը բանջարեղենի եւ կարտոֆիլի հեկտարի համար տրվող գումարն ավելացվել է: Ծրագրում ներառել ենք նաեւ լոբու մշակումը: Ջեռուցվող եւ չջեռուցվող ջերմատներին էլ մեկ հեկտարի դիմաց երկու միլիոն դրամի աջակցություն ենք տալիս: Եգիպտացորենի «պիոներ» տեսակի սերմը եթե նախկինում տրամադրվում էր արժեքի 50%-ի սուբսիդավորմամբ՝ մեկ հեկտարի դիմաց, ապա հիմա սուբսիդավորվում է 70%-ը»:
Պաշտոնյայի փոխանցմամբ՝ աջակցությունների շնորհիվ արդեն ակտիվություն է այգեգործության ոլորտում, նոր այգիներ են հիմնադրվել: Ավետիսյանը հավելեց, որ իրավիճակով պայմանավորված՝ աջակցության միջոցառումների թիվն առաջիկայում կավելանա:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ