«Շատ դեպքերում հոգեւորականության գործունեության մեջ տեսնում ենք ավելի շատ քաղաքականություն, քաղաքական ինտրիգներ, քան Աստվածաշնչից եւ նրա գաղափարախոսությունից բխող գործունեություն: Ես օրինակ, որպես մարդ, որ շատ կարեւոր է համարում քրիստոնեական տեսությունը, ինձ հարց եմ տալիս՝ այսօրվա մեր հոգեւոր կյանքը արդյոք մեզ մոտեցնո՞ւմ է Աստվածաշնչյան տեքստին եւ գաղափարախոսությանը, նոր Կտակարանին եւ նրա գաղափարախոսությանը: Ես վստահ չեմ, որ այդ հարցին կարող եմ դրական պատասխան տալ»,- երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես նորից անդրադարձել է հոգեւորականներին, ինչին արձագանքել է Ամենայն հայոց կաթողիկոսը:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն ասաց, որ 301 թվականից ի վեր եկեղեցի-կառավարություն հարաբերությունները «լարվել-մարվել» են ու մինչեւ հիմա այդ խոսակցությունները կան: Հայտնի է, որ ներկայիս իշխանությունների հետ հարաբերությունները հատկապես սրվել են այն բանից հետո, երբ կաթողիկոսը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու հորդորով հանդես եկավ, ինչին հաջորդեց իշխանականների կոշտ արձագանքը:
«Ես ֆեյսբուքյան իմ էջում մեծ ուրախությամբ արձագանքեցի կաթողիկոսի հոգում եւ սրտում մարդասիրության այդպիսի բուռն զարթոնքի համար: Ընդհանրապես, պիտի ի պաշտոնե մարդասեր լիներ, բայց որ, ասենք, շատ անուշադիր էր Մարտի 1-ի զոհերի հանգամանքի նկատմամբ, «Հաց բերողի» եւ էլի մի շարք ուրիշ դեպքերի ու մեկ էլ այդպիսի զարթոնք եղավ, դա լավ է, ուրախալի է, որ վերջապես Հայ առաքելական սուրբ եկեղեցու առաջնորդը կարողացավ իր մեջ ուժ գտնել մարդասիրական մղումներ արտահայտելու համար: Ուղղակի լավ կլիներ, որ բացատրություն տար, թե ինչու այդ ուժը չէր գտնում 12 տարի առաջ, 4 տարի առաջ: Գտնում էր այն ժամանակ, բայց շատ քիչ էր այդ ուժը, ինչ-որ չէր զոռում կարողությունները, թե ինչ պատճառով՝ ճիշտ կլինի, որ ինքը մեկնաբանի»,- ասաց Լեւոն Բարսեղյանը:
Նա հիշեցրեց, որ դատապարտյալների հիվանդանոցում ապաքինվող բազմաթիվ մարդիկ կան, այնպես չէ, որ առողջական խնդիրներ ունի ազատազրկվածներից ու կալանավորվածներից ընդամենը մեկ հոգի. «Այս խտրականությունը արժե, որ բացատրի պարոն Ներսիսյանը, այլապես անհասկանալի կլինի: Այդտեղ բարդ է ողջամտություն եւ տրամաբանություն գտնել: Սակայն անքննելի են այդ մակարդակում գործերը, ինչպես գիտեք»:
Կարդացեք նաև
«Առավոտի» կողմից հիշեցնենք, որ News. am-ին տրված մեկնաբանության մեջ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել էր այլ դատապարտյալներին եւս. «Համավարակի այս պայմաններում աշխարհի տարբեր երկրներում տեսնում ենք, որ մասնավոր ուշադրություն է դարձվում ազատազրկման վայրերում գտնվող անձանց, ողջունելի քայլեր են ձեռնարկվում՝ հասարակության համար վտանգ չներկայացնողների ազատ արձակման և կամ խափանման միջոցների փոփոխության՝ զերծ պահելու նրանց վտանգավոր այս վարակից։ Նման հարցերում Եկեղեցու դիրքորոշումը խարսխված է սիրո, խնամքի և գթասրտության աստվածային պատգամի վրա, և այս առումով Մեր հորդորն է, որ հայրենի մեր իշխանությունները շարունակեն այս ուղղությամբ անհրաժեշտ քայլեր նախաձեռնել»:
Ըստ Լեւոն Բարսեղյանի, եկեղեցիները պետք է հեռու լինեն քաղաքականությունից. «Ուրիշ բան, որ իրենք դառնում են աշխարհիկ մարդիկ, միանում են մեզ՝ հասարակ մահկանացուներիս, քաղաքացիներիս ու իրենց քաղաքական դիրքն են հայտնում՝ որպես քաղաքացիներ: Սա ուրիշ խոսակցություն է: Բայց երբ կրոնական կազմակերպության ղեկավարը շատ զարմանալիորեն խտրական վերաբերմունք է դրսեւորում կալանավորներից մեկի եւ մյուսների հարցում, սա լավ չէ: Վերջիվերջո այս քննադատություններից իրենք հավանաբար կվերանայեն իրենց դիրքորոշումը»:
Հարցրեցինք՝ ձեր խոսքում կաթողիկոսի մասին խոսելիս ասացիք պարոն Ներսիսյան, ոչ թե Վեհափառ հայրապետ, ասենք, դա նրանից է, որ Գարեգին Բ-ին հոգեւոր հայր չե՞ք համարում՝ նա պատասխանեց. «Ես շատ հարգելի «պարոն»-ով եմ դիմում, թեմերի առաջնորդներին էլ եմ «պարոն»-ով դիմում, նեղանում են՝ թող նեղանան: Տղամարդուն «պարոն»-ով ենք դիմում, կանանց՝ «աղջիկ պարոն»-ով, ի՞նչ կա դրա մեջ: Հեղափոխությունը կոնցլագերից փախչելու համար է եղել, կոնցլագերը քանդելու համար է եղել, դա նշանակում է, որ ամեն մարդ ազատ է արտահայտվել ինչպես կկամենա՝ դրանից բխող պատասխանատվությամբ: Ես հոգեւորականներին 2013-ից ի վեր «պարոն»-ով եմ դիմում Հայաստանում, այն բանից հետո, երբ մի հոգեւորական հայտարարեց՝ ով քրիստոնյա չէ՝ հայ չէ, ով առաքելական չէ՝ հայ չէ: Դրանից հետո ասեցի՝ բերեք շատ հարգալից լինենք իրենց հետ, ոչ թե հայհոյենք, այլ ուղղակի դիմենք «պարոն»-ով: Շատ հարգելի է, եթե իսկապես որեւէ մեկը համարում է Վեհափառ, եթե համարում է այդպես, պիտի դիմի Վեհափառ-ով, սրբազան է համարում՝ սրբազանով պիտի դիմի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
“…ավելի շատ քաղաքականություն, քաղաքական ինտրիգներ, քան Աստվածաշնչից եւ նրա գաղափարախոսությունից բխող գործունեություն… “
Աստվածաշունչ կարդացած յուրաքանչյուր ոք գիտի, որ դա մարդատյացության ու ցեղասպանության մի հրաշալի դասագիրք է, որ դրա տեքստը եւ գաղափարախոսությունը ոչ մի լավ բան չունեն մարդկանց տալու, բացի հին հրեական ծիծաղաշարժ հեքիաթներից ու նախնադարյան անհեթեթություններից… 🙂