Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիքի Վարդենիս համայնքի մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում, կիրառվելու են սահմանափակումներ. մարզպետ

Ապրիլ 21,2020 17:34

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հաշվի առնելով, որ վերջին օրերին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում գրանցել է կորոնավիրուս հիվանդության բռնկման նոր օջախ՝ այս պահի դրությամբ ունենք 39 հաստատված դեպք՝ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի 21 ապրիլի, 2020 N 48 որոշման համաձայն Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում եւ կիրառվելու են սահմանափակումներ։

Որոշման համաձայն, համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանվել է հատուկ ռեժիմ՝ արգելելով անձանց եւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման։

Սահմանափակումները ուժի մեջ են մտնում ապրիլի 22-ը՝ ժամը 08:00-ից մինչեւ, 2020 թվականի ապրիլի 28-ը` 23:59-ը։

Հավելեմ նաեւ, մարզում նոր կորոնավիրուս հիվանդության առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 17–ին «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ–ի աշխատակցի մոտ այդ օրվանից չի գործում բուժհաստատությունը։

Այսօրվանից սահմանափակվում է նաեւ «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ–ի աշխատանքները։ Գործում է միայն շտապ օգնության ծառայությունը եւ հրատապ, անհետաձգելի բուժսպասարկում իրականացվում։ Հիվանդանոցի 12 աշխատակցի մոտ կորոնավիրուս հիվանդության թեստի դրական արդյունքն է գրանցվել։

Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվում է, նրանց մի մասը ինքնամեկուսացված է, մի մասը մեկուսացված։

Ձեր եւ բոլորի անվտանգությունից ելնելով կոչ եմ անում՝

  • մնացե’ք տանը,
  • սահմանափակե’ք շփումները,
  • հետևե’ք անձնական հիգիենային,
  • հաճախակի լվացե’ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
  • հնարավորության սահմաններում նվազեցրե’ք հանրային վայրերում գտնվելը և տրանսպորտից օգտվելը,
  • շփումների դեպքում պահպանե’ք առնվազն 1 մետր հեռավորություն,
  • գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե’լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
  • պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
  • խուճապի մի’ մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:

Իմ խնդրանք-հորդորն է ձեզ, այս օրերին հատկապես, հետեւել միայն ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍԻՆ, լինել մեդիա գրագետ՝ չտրվել ապատեղեկատվություն պարունակող կայքերի հրապարակումներին, զերծ մնալ չփաստարկված հայտարարություններ եւ բամբասանքներ տարածելուց։ Խոհեմություն ցուցաբերել և ավելորդ լարվածության ու խուճապի պատճառ չդառնալ։ Մենք ավելի քան թափանցիկ ենք աշխատում՝ հանուն յուրաքանչյուրիս անվտանգության եւ առողջության։

Կոչ եմ անում նաեւ չթիրախավորել որևէ մեկի անձնական կամ ընտանեկան կյանքը և խնդրում դադարեցնել Վարդենիսում հայտնաբերված կորոնավիրուսով վարակված կնոջ վերաբերյալ քննարկումները»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930