Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես շատ-շատ՝ օլիգարխների մեջ տեղավորվեմ, ոչ մի խմբի մեջ չեմ մտնում ու, փաստորեն, հիասթափված չեմ». Լեւոն Բարսեղյան

Ապրիլ 21,2020 17:10

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի ահագին մեծ ցանկ ներկայացրեց, թե ովքեր են հեղափոխությունից հետո հիասթափվածները: Ըստ նրա, հիասթափված են ընկերները, բարեկամները, նախկին իշխանությունները, նրանց սպասարկողները, ԶԼՄ-ները, հոգեւորականները, ընդդիմությունը, արեւմտամետները, ռուսամետները, օլիգարխիան եւ այլն:

Aravot.am-ի հետ զրույցում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն ասաց. «Ես շատ-շատ՝ օլիգարխների մեջ տեղավորվեմ, ոչ մի խմբի մեջ չեմ մտնում ու, փաստորեն, հիասթափված չեմ»:

Փաշինյանն ասել էր, որ հեղափոխությունից հետո իրենից փայ են ուզել, ասել են՝ բա հեղափոխություն ենք արել, մեր փայն ո՞ւր է՝ Լեւոն Բարսեղյանն արձագանքեց, որ ինքը հանրահավաքներին ելույթ ունեցել է, բայց չի «քայլել» ու փայ էլ չի ուզել: Դիտարկմանը՝ վարչապետն ասաց, որ արեւմտամետները սպասել են, ասել են՝ «հեսա մերոնք են եկել իշխանության» ու հիասթափվել են, երբ պարզել են, որ արեւմտամետ ուժ իշխանության չի եկել, դուք այդ հատվածի մեջ չե՞ք մտնում՝ Լեւոն Բարսեղյանը պատասխանեց. «Բացարձակ: Ով ինձ գիտի, գիտի, որ ես կինո Երեւանի մայլից եմ ու գիտի, որ իմ ամբողջ թիրախը Գյումրի քաղաքի կինո Երեւանի մայլեն է, ոչ մի Արեւմուտք, ոչ մի Արեւելք, ոչ մի Անտարկտիդա: Չկա նման բան: Ես ձեր թվարկած ցանկի մեջ ինձ չգտա, դա՝ մեկ, երկրորդ՝ ես ինքս իմ արածից չեմ հիասթափվել: Ես որեւէ մեկին ինչ-որ պատվեր չեմ տվել, որ գնա հեղափոխություն անի, այս-այս բաներն անի, հետո ես հիասթափվեմ կամ չհիասթափվեմ: Ես արել եմ իմ բաժինը, կարծում եմ, որ ով ինչ-որ կերպ մասնակցել է, արել է իր բաժին հեղափոխությունը: Քաղաքացի-իշխանություն համատեքստում, այո, բոլոր քաղաքացիներն էլ ինչ-ինչ ակնկալիքներ ունեցել են եւ ունեն: Ես էլ եմ ունեցել եւ ունեմ»:

Որպես հիասթափության օրինակ, Լեւոն Բարսեղյանը նշեց այն, որ բարեփոխումներն այն ծավալով չեն իրականացվել, ինչ սպասում էին. «Օրինակ, վեթինգը: Ես համարում էի, որ վեթինգի իրավակարգավորումներն այնպիսին պիտի լինեին, որ հանցագործ դատավորները, հանցագործ քննիչները, դատախազները, ոստիկանները արագ հեռացվեին համակարգերից: Բայց հիմա օրենսդրությունը պայմանական, կամ թեթեւ, քնքուշ վեթինգի մասին է: Շատ թեթեւ, ընտրովի, պայմանական վեթինգ է իրականացվում, ոչ թե այն խորքայինը, ինչ ես ակնկալում էի: Ես գիտեմ, որ մի օր վերջիվերջո մենք ունենալու ենք իսկական վեթինգ, լավ կլիներ, որ հիմա լիներ: Ես համարում էի, որ ՄԻԵԴ բոլոր այն վճիռներով, որոնցով վճռվել է, որ ՀՀ-ն խախտել է մարդու արդարադատության իրավունքը, դրանց համար մեղավոր դատավորները միայն այդ բանի համար զրկվեին դատավարական իրենց գործունեությունից: Դա հեղափոխական, խիստ կարգավորում է, բայց այս վեթինգի օրենսդրության մեջ չկա: Դա այնքան բնական պահանջ է, հելեք փողոց, հարցրեք պատահական 100 հոգու: Իրենք պատկերացնո՞ւմ են, որ այն դատավորը, որը ինչ-ինչ պատճառներով հանցագործ վճիռներ է կայացրել, անարդարություն է իրականացրել, մարդը չարչարվել է 10 տարի, հասել է ՄԻԵԴ, շահել է գործը ՀՀ-ի դեմ, այդ դատավորը շարունակելու է պաշտոնավարել ու այդ դատավորը վաղը քննելու է նախկին պաշտոնյաների գործեր, որոնցից ինքը կախման մեջ է եղել եւ քննելու է ապօրինի գույքի վերադարձի գործեր: Դա լո՞ւրջ է, հա՞, թե՞ մի քիչ զվարճալի է: Այդ մասով իմ ակնկալիքն արդարացված չէ»:

Լեւոն Բարսեղյանն ընդգծեց, որ իր ակնկալիքներն արդարացել են ազատ եւ արդար կամարտահայտման ընտրությունների առումով՝ Երեւանի ավագանու, ԱԺ, ՏԻՄ ընտրություններ. «Ահագին գոհ եմ այդ մասով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Լեւոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930