Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ակնկալիք ունեի՞նք, որ մի հատ էլ հիմա հիասթափվեինք». Էդմոն Մարուքյան

Ապրիլ 21,2020 16:55

Երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով հեղափոխությունից հետո հիասթափվածների ցուցակը, քաղաքական ուժերին բաժանեց երկու մասի: Առաջին խումբը քաղաքական այն ուժերն են, որոնք նախկին իշխանությունների հետ ապագա անելիքների տասը տարին գծել էին: Երկրորդ խումբը, իր խոսքով՝ քաղաքական ուժերի հարգելի ընդդիմադիր հատվածն է. «Այդ ուժերը երկար տարիներ պնդում էին, որ էն, ինչ-որ մենք ենք ասում, անհեթեթություն է, անիմաստ է, պրոյեկտ է եւ այլն: Բայց փաստ՝ հեղափոխությունը տեղի է ունեցել: Եվ այն ուժերը, որ երկար տարիներ հակառակ տրամաբանություն էին առաջարկում, ըստ էության զրկվել են քաղաքական ասելիքից, նրանք նույնպես լեգիտիմ պատճառ ունեն հիասթափության»:

Aravot.am-ը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հարցրեց՝ ո՞ր խմբի մեջ է մտնում «Լուսավոր Հայաստանը»: Եթե ենթադրենք, որ երկրորդ՝ «հարգելի ընդդիմություն» խմբի մեջ է մտնում, ստացվում է, որ դուք քաղաքական ասելիք չունեք, համաձա՞յն եք դրա հետ: Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը մեզ չի անդրադարձել, մեզ հետ կապ չունի այդ խումբը»: Ըստ նրա, վարչապետը դժվար թե իրենց որեւէ խմբի մեջ ուզենար մտցնել. «Չի մտցրել, որովհետեւ մենք ասելիքի խնդիր չունենք»:

Դիտարկմանը, որ ըստ վարչապետի ներկայացրած ցուցակի, համարյա բոլորը հիասթափված են՝ բարեկամություն, ընկերություն-ախպերություն, օլիգարխիա, կոռուպցիոներներ, հոգեւորականներ, ԶԼՄ-ներ, քաղաքական ուժեր…Մարուքյանն արձագանքեց. «Բայց նրանք, ովքեր ակնկալիք չեն ունեցել, ո՞նց կարող են հիասթափվել»:

ԼՀԿ նախագահը հիշեցրեց, որ մեկ տարի առաջ իրենք կառավարության ծրագրին դեմ են քվեարկել ու ասել, որ կադրային իր քաղաքականությունը խայտառակություն է, այս ճանապարհով ոչ մի լավ բան չի կարող անել, ինչն էլ ինքը այսօր արձանագրում է, հետեւաբար ի՞նչ է եղել իրենց ակնկալիքը. «Մենք ոչ մի դրական ակնկալիք չենք ունեցել: Հլը բացեք նայեք 2019-ի մեր ելույթները, տեսեք մենք ակնկալիք ունեի՞նք, որ մի հատ էլ հիմա հիասթափվեինք: «Լուսավոր Հայաստանը» կառավարության ծրագիրը քննարկելիս է ասել, որ այն, ինչ տեղի է ունենում, լավ հետեւանք չի կարող ունենալ, հետեւաբար հիասթափված չի, քանի որ գիտեինք՝ ինչ է լինելու: Հիասթափված կարող են լինել նրանք, ովքեր ունեցել են ակնկալիքներ այս կառավարությունից եւ այս իշխանությունից»:

Հարցին՝ այսինքն, այն ժամանակ դուք արդեն գիտեի՞ք ինչ է լինելու այս թիմի վերջը՝ Մարուքյանը պատասխանեց. «Այո, դրա համար էլ դեմ ենք քվեարկել հա՛մ ծրագրին, հա՛մ էլ կադրային քաղաքականությունը՝ հենց ձեւավորման փուլից սկսած: Իմ ելույթն այսպիսին էր՝ «պարո՛ն Փաշինյան, ազատվեք Սերժ Սարգսյանի երրորդ էշելոնի կադրերից»: Այսինքն, ես մի տարի առաջ մի բան եմ ասել, ինքը մի տարի հետո ասում է՝ Սերժ Սարգսյանի մնացորդները չեն թողնում աշխատենք: Մի տարի առաջ քեզ ասել ենք, որ ինքը դա չի արել, ո՞նց կարող է ես դրանից դրական ակնկալիք ունենամ: Ասենք, ես ո՞նց կարող եմ Ջանջուղազյան Ատոմից դրական բան սպասեմ, կամ ո՞նց կարող եմ էկոնոմիկայի նախարարից, շրջակա միջավայրի նախարարից դրական բան սպասեմ: Բացառված է: Նույնն էլ իր կադրերից, ովքեր որեւէ փորձ չեն ունեցել, բայց նախարար են դարձել, հետեւաբար «պռավալ» են տալու այդ ոլորտում, վարի են տալու, բնական բան է: Ու տալիս են»:

Դիտարկմանը՝ երեկ, երբ նորից Ատոմ Ջանջուղազանի անունը տվեցիք, սոցցանցերում ձեզ ասում էին՝ դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք, Էդմոն Մարուքյանն արձագանքեց, որ դա օրինակներից մեկն է. «Դրանք հին կադրերն են, բայց, ասենք, սոցապնախարարից գո՞հ են մարդիկ, հա՞, օրինակ, այս սոցիալական օգնությունների համակարգերը, որ այսքան պրոբլեմ են առաջացնում: Մի մասը իր բերած կադրերն են, մի մասը՝ նախկին իշխանություններից մնացած, երկուսն էլ ձախողում են: Հետեւաբար մենք հիասթափվածների մեջ չկանք: Ամենալավ բանն է, որ ակնկալիք չունես, ի սկզբանե գնահատականդ տալիս ես, հետո էլ չեն կարող քեզ որպես հիասթափված դիտարկել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930