Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բիզնեսի աջակցության բոլոր ծրագրերով գործարարին մերժում են. Ընկերության ղեկավարը չգիտի՝ լիզինգային պարտավորությունների տակից ինչպես է դուրս գալու

Ապրիլ 21,2020 16:25

«Hertz» ընկերությունը, որը քսան տարուց ավելի մեր երկրում հարկեր, տուրքեր է վճարել, աշխատատեղեր պահել, եւ շատ ընկերությունների պես COVID-19-ից տուժել, կառավարության աջակցության որեւէ ծրագրից չի կարողանում օգտվել:

Այս պահին կառավարությունը բիզնեսի համար կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները չեզոքացնելու հինգ ծրագիր է իրականացնում, սակայն գործարար, «Hertz» ընկերության ղեկավար Վիգեն Հակոբյանի դիմումները բոլոր ծրագրերով էլ մերժվել են: Ընկերությունը զբաղվում է ավտոմեքենաների վարձույթով, եւ հիմնական հաճախորդները զբոսաշրջիկներն են:

«Մենք շուկայում ամենամեծ ընկերություններից մեկն ենք եւ Հայաստանում մեր թիրախը ոչ թե հարսանիքներն են, այլ զբոսաշրջիկները: Ավտոմեքենաների մեծ պարկ ունենք, որի համար լիզինգային մեծ պարտավորություններ ունենք: Սակայն կառավարության որեւէ աջակցությունից չենք կարողանում օգտվել: Ամեն կետով ինչ-որ մի բանին չենք համապատասխանում, բոլոր ծրագրերով մերժվում ենք: Անգամ՝ զբոսաշրջության ոլորտի աջակցության ծրագրից, քանի որ մեզ չեն դիտարկում զբոսաշրջության ոլորտ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Վիգեն Հակոբյանը:

Գործարարի խոսքով, թեեւ իրենց ընկերությունը չեն համարում զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչ, բայց փաստ է, որ ամենազբոսաշրջայիններից մեկն են, որովհետեւ ծառայություն են մատուցում հենց զբոսաշրջության ոլորտին: Միակ ծրագիրը, որից կարող էր «Hertz» ընկերությունն օգտվել եւ գոնե մի քանի աշխատակիցների աշխատավարձերը վճարել՝ միջոցառումների հինգերորդ ծրագիրն է, սակայն դրանից էլ են զրկվել. բանն այն է, որ մինչ կորոնավիրուսը, մեկ աշխատակից աշխատանքից ազատվել է եւ սա հիմք է հանդիսացել, որպեսզի գործատուին այս ծրագրով էլ մերժեն:

Վիգեն Հակոբյանի խոսքով, զբոսաշրջիկների՝ տարեցտարի աճող հոսքն ու «լոուքոստերների» մուտքը Հայաստան հաշվի առնելով՝ զբոսաշրջության սեզոնին ավելի լավ պատրաստվելու համար ավտոմեքենաների պարկը մեծացրել են՝ մտնելով լիզինգային շատ մեծ պարտավորությունների տակ. «Բայց այդ ամեն ինչը մեկ ակնթարթում փոխվեց: Զբոսաշրջային սեզոնն ապրիլից բացվել է եւ պարզ չէ այս իրավիճակը որքան է շարունակվելու, բայց արդեն չենք կարողանում մեր պարտավորությունները կատարել: Ներկա իրավիճակում մեր եկամուտները շատ քիչ են, չեմ ասում՝ զրո են, որովհետեւ ներքին շուկայում էլ, որոշ կազմակերպությունների հետ աշխատում ենք, բայց մեր լիզինգային պարտավորությունները չենք կարողանալու կատարել: Բացի այդ աշխատակազմ ունենք, գրասենյակ ունենք օդանավակայանում, որի վարձավճարն այս մեկ ամիսը չենք վճարում, բայց մեկ ամսից արդեն պետք է վճարենք: Ասում են՝ երկու ամիս թույլ կտան վճարումները հետաձգել, բայց, միեւնույն է, մեր հարցը չի լուծվում, մենք նույն խնդրի առաջ կկանգնենք երկու ամիս հետո: Այնպես չէ, որ երկու ամսից զբոսաշրջիկները գալու են եւ բոլոր ծառայությունները սկսելու են աշխատել: Միջազգային փորձագետների, կազմակերպությունների, ավիաընկերությունների մասնագետների վերլուծություններով, կանխատեսումներով այս ոլորտում դեռ մի քանի տարի լուրջ խնդիրներ են լինելու»:

Վիգեն Հակոբյանի խոսքով, իրենց իրավիճակը տարբերվում է նրանով, որ միայն գրասենյակի ու աշխատակիցների աշխատավարձերը եւ վարձավճարները չէ, որ պետք է վճարեն, այլ՝ ամեն ամիս ունեցած մեծ վարկային պարտավորությունները, որոնք չեն կարողանալու կատարել: Իրավիճակից որեւէ ելք չտեսնելով, ընկերության ղեկավարն ասում է, որ ստիպված են լինելու աշխատակիցներին կրճատել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930