Թուրքիայում նախորդ 2 շաբաթների վերջին ոչ աշխատանքային օրերին պարետային ժամ հայտարարելուց հետո որոշել են այս անգամ պարետային ժամ մտցնել 4 օրով։ Ապրիլի 23-ից մինչև 26-ը ներառյալ երկրի խիտ բնակեցված 31 նահանգներում պարետային ժամ սահմանելու մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Հանգստյան օրերին փողոց դուրս գալու սահմանափակումը որոշ ժամանակ դեռ շարունակելու ենք կիրառել՝ դա չտարածելով գյուղատնտեսության, առողջապահության ու սննդի ոլորտի վրա։ Նախատեսում ենք ապրիլի 23,24,25,26-ին փողոց դուրս գալու սահմանափակումներ մտցնել, այնպես, որ դա հնարավորինս քիչ ազդի առօրյա կյանքի ընթացքի վրա։
Ապրիլի 23-ը այսպես, թե այնպես, ոչ աշխատանքային է`Թուրքիայի ինքնիշխանության ու երեխաների օրն է, կիրակի՝ ապրիլի 26-ին ժամը 24։00 փողոց դուրս գալու սահմանափակումները կավարտվեն։ Մանրամասների մասին տեղեկությունները կհրապարակի ներքին գործերի նախարարությունը»,- պարզաբանել է Էրդողանը։
Հիշեցնենք` վերջին տվյալների համաձայն, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 90.980 հաստատված դեպք և մահվան 2․140 դեպք։