Լրահոս
Օրվա լրահոսը

Պարգեւավճարը որպես քաղաքական կատեգորիա

Ապրիլ 21,2020 16:00

Պարգևավճարների թեմայի՝ հանրության մեջ և լրատվամիջոցներում թեժ քննարկումները հիմնականում պայմանավորված են դրա սոցիալական ու բարոյական տեսակետից անարդար դրսևորումներով։ Դա, իհարկե, շատ կարևոր և արդարացի մոտեցում է։ Միանգամայն արդարացի են նաև իշխանություններին ուղղված քննադատություններն ու հանրային դժգոհությունները։ Մինչդեռ խնդիրն ունի շատ ավելի խորքային դրսևորումներ և լուրջ վերլուծությունների կարիք։ Ներկա իրողությունների պայմաններում՝ պարգևավճարն արդեն դադարել է ունենալ խրախուսական, խթանիչ և տնտեսական նշանակություն։ Այն այլևս քաղաքական կատեգորիա է։

Պարգևավճարներն առաջին անգամ, քան երբևէ, աննախադեպ չափերով իշխանությունների կողմից սկսեցին բաշխվել 2018թ-ի հոկտեմբերից հետո։ Կարելի է հիշել 2018թ-ի վերջերին ԶԼՄ-ներում աղմկահարույց հրապարակումները՝ տարբեր «ռանգի» պաշտոնյաների անհամաչափ, անհասկանալի և անաշխատ պարգևատրումների ու ինքնապարգևատրումների մասին, երբ աստղաբաշխական գումարներ էին ստացել նաև նրանց քարտուղարուհիներն ու վարորդները։ Իսկ արդեն 2018թ-ի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, 2019թ․ սկզբներից, երբ պետական կառավարման համակարգում տարբեր տեսակի «օպտիմալացումների», «կառուցվածքային փոփոխությունների», այլ կամայականությունների արդյունքում հիմնականում ազատվել էին «սևերից», պարգևավճարների կիրառումը կամ բաշխումը սկսեց կրել համատարած և համակարգված բնույթ՝ պարգևավճարներն այլևս դարձնելով աշխատանքի վարձատրության բաղկացուցիչ մաս։ Դրանով իսկ այն կորցրեց իր բուն նշանակությունը։

Եթե երևույթը դիտարկենք, որպես պետական համակարգում ցածր աշխատավարձերը բարձրացնելուն ուղղված՝ իշխանությունների հոգատարության դրսևորում, ապա տրամաբանորեն պետք է նշենք հետևյալը․ ինչո՞ւ դա չարվեց հրապարակային, թափանցիկ, օրենքով նախատեսված կարգով՝ բազային աշխատավարձերը բարձրացնելու միջոցով։ Ինչո՞ւ ընտրվեց պարգևավճարների միջոցով դա անելու ճանապարհը։ Խնդիրը կարող է ունենալ հետևյալ բացատրությունը․

Նախ, քանի որ պարգևավճարի չափը չի ամրագրվում աշխատողի հետ գործատուի՝ տվյալ դեպքում պետական կառավարման մարմինների կողմից կնքված աշխատանքային պայմանագրերում, ապա այն երբեք երաշխավորված չէ և դրա վճարումը մշտապես կախված է գործատուի «բարեհաճությունից»։ Այսպիսով, աշխատողը կամ պետական ծառայողը միշտ կախված է գործատուի «բարի» կամքից, ավելի լոյալ է և կառավարելի։ Եվ քանի որ մեր երկրում ամենամեծ գործատուն պետությունն է, ապա ամեն ինչ դառնում է առավել հասկանալի։

Երկրորդ․ պարգևավճարների գործիքի աննախադեպ և համատարած կիրառումը, առավել ևս՝ դրա կանխավ նախատեսումը և պլանավորումը կարող էր հետապնդել ևս մեկ հստակ նպատակ՝ ձևավորել իշխանությունների համար հուսալի և հավատարիմ սոցիալական հենարան, կամ յուրահատուկ «միջին խավ»։ Չմոռանանք, որ ՀՀ անկախությունից ի վեր, գրեթե բոլոր համապետական ընտրություններում, նախագահական թե խորհրդարանական, պետական հատվածում ընդգրկված աշխատողների մի զգալի մասը, գերազանցապես քողարկված ձևով, միշտ իր համակրանքն ու աջակցությունն է դրսևորել ընդդիմության նկատմամբ։ Եվ դա կանխելու համար իշխանությունների կողմից միայն վարչական ռեսուրսի կիրառումը բավարար չի եղել, քանի որ հատկապես պետական կառավարման համակարգում ծառայողների այդ զգալի հատվածը ունեցել է իրավացի և օբյեկտիվ դժգոհությունները գործող իշխանություններից մի շարք պատճառներով․ իրենց պոտենցիալ ունակությունների ոչ պատշաճ գնահատում և խրախուսում, ղեկավարության կողմից «յուրայինների» նկատմամբ հովանավորչության դրսևորումներ, ցածր աշխատավարձեր, ծառայողական աստիճանասանդուղքով բարձրանալու հեռանկարի բացակայություն և այլն։

Եվ, ի տարբերություն իրենց նախորդողների, ՀՀ ներկա իշխանությունները շատ լավ գիտակցելով այս նրբությունները, սկսեցին լայնորեն կիրառել պարգևավճարների պրակտիկան՝ իրենց համար հուսալի սոցիալական ու քաղաքական հենարան ապահովելու նպատակով։ Այդ հենարանի հավատարմությունից և առնվազն կայուն լոյալությունից մեծապես կախված է իշխանության դիրքերի ամրությունը, իսկ սա արդեն քաղաքական նշանակության հարց է։

Ասվածի տեսանկյունից ամենևին էլ զարմանալի չէ, որ նույնիսկ այսօրվա ճգնաժամային իրավիճակում, կառավարությունը դեռևս չի հրապարակել պետական միջոցների խստագույն խնայողության որևէ ծրագիր, քանի որ այդպիսի ծրագրի առաջնային և կարևորագույն կետերից մեկն էլ պետք է հանդիսանա հենց պարգևավճարների հարցը։ Քիչ հավանական է, որ իշխանությունները կգնան այդ քայլին։ Եվ սա էլ հենց այն «սրբազան կովերից» մեկն է, որոնց մասին նշել էինք մեր նախորդ հրապարակման մեջ։

Միամիտ կլինի կարծել, թե պետական ծառայողների «հավատարմությունը» և լոյալությունը այդ ճանապարհով երկար ժամանակով հնարավոր կլինի շահել։ Երբ մարդը, այսպես ասած, ադապտացվում է եկամուտների կամ վարձատրության ինչ որ մի մակարդակի, ապա ամենևին էլ պետք չէ հուսալ, որ որոշ ժամանակ անց նոր պահանջներ չի ներկայացնի։ Ամենևին էլ զարմանալի չէ, որ նույնիսկ այսօրվա իրավիճակում, պարգևավճարներից հրաժարումը, կամ դրա բացակայությունը, ոմանք համարում են զրկանք, իսկ մեկ ամսվա պարգևավճարը համաճարակի դեմ պայքարելու նպատակով «զոհաբերելը»՝ մեծագույն հայրենասիրություն։

Պետական համակարգում աշխատանք և դրանով իսկ երաշխավորված վարձատրություն ունենալը այսօր արդեն իսկ կարելի է համարել առավելություն, նույնիսկ արտոնություն․ իսկ ի՞նչ անեն այն քաղաքացիները, ովքեր թեկուզ և համարվում են աշխատող, սակայն գործատուն հնարավորություն չունի նրանց վարձատրելու՝ նույնիսկ նվազագույն չափով, էլ չենք խոսում գործազուրկների, հարկադիր արձակուրդ ուղարկված անձանց մասին, ովքեր կարող են հույսը դնել միայն միանվագ հատկացվող չնչին գումարների վրա։ Եթե կառավարությունը մասնավոր գործատուին խորհուրդ է տալիս բանկից վարկ վերցնել աշխատավարձեր և հարկեր վճարելու համար, ապա պետությունը, որպես գործատու, չունի վարկ վերցնելու անհրաժեշտություն, իսկ վարկի հաշվին վճարվող հարկերը կարող են ուղղվել նույնիսկ պարգևավճարներ տալուն։

Հանրությունը իրավացիորեն իրավունք ունի հարց ուղղելու՝ այդ ինչ անուրանալի և աննախադեպ վաստակի կամ հայրենիքին ու ժողովրդին մատուցած ծառայությունների դիմաց են մարտ ամսվա համար պարգևավճար ստացել, օրինակ` ԱԺ պատգամավորները կամ այլ պաշտոնյաներ, անկախ նրանից, թե այդ գումարը ինչին են հետո «նվիրաբերել»։ Սա արդեն նման է ժանտախտի ժամանակ խնջույքի․․․․․։

Հ․Գ․ Այս երևույթի վերաբերյալ առայժմ չի հասկացվել խորհրդարանական ընդդիմության դիրքորոշումը և դերը։ Վստահ կարելի է լինել, որ այնտեղ շատ լավ գիտակցում են այս նրբությունները: Սակայն փաստն այն է, որ նրանք հայտնվեցին այդ ծուղակում։

 

Հայկ ՖԱՐՄԱՆՅԱՆ

«Մեկ Հայաստան» կուսակցության

Քաղխորհրդի անդամ, տ․գ․թ․,դոցենտ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930